Սպարտայի ապստամբությունը ֆինանսների նախարարությունից է սկսվում

Սպարտայի ապստամբությունը ֆինանսների նախարարությունից է սկսվում
Ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած ծեծի մասին փորձեցի կիսվել մի այլ նախարարությունում աշխատող հոգեբան ծանոթուհուս հետ: Զարմացա, երբ ասաց՝ լավ ա, էլի՜… Մտածեցի, որ նկատի ունի ակտիվ քաղաքացիական հասարակության ձեւավորումը, բայց՝ ոչ:



 



Նա միանգամայն այլ բան նկատի ուներ. «Գիտե՞ս, բոլոր նախարարություններում ու հիմնարկներում համարյա նույն իրավիճակն է: Ցանկացած ենթակա աշխատողի ենթագիտակցության մեջ ամրագրված է՝ առնվազն ծեծել իր շեֆին: Եվ չդրսեւորվող այդ ցանկությունը պատճառ է դառնում սթրեսների աճի եւ աշխատունակության անկման: Առանց չափազանցության եմ ասում՝ հիմնարկի պետը վարչության պետերի միջոցով է իրականացնում իր ֆինանսական ու կադրային քաղաքականությունը: Նախարարություններում կամ մեծ կազմակերպություններում պարգեւատրությունները, տոնական պրեմիաները,  գրումներն ու հավելագրումները կատարում են «փոխ»-երն ու վարչության պետերը,  որոնք հրապարակման ենթակա չեն: Բավարար չէ, որ նրանք ողջ ազգ ու ծուպով շրջապատում են իրենց, ամենայուղոտ թիքաները, համով պատառները հատկացվում են իրենց ուզած մարդկանց: Կարո՞ղ ես ձեն հանել՝ կբռնի դունչդ, կկտրի շունչդ: Տեսնում, հասկանում ու լռում ես, բայց ի՞նչ կարող ես անել՝ ատամներդ  կրճտացնում ու ենթագիտակցորեն մտածում ես՝ ա՜խ, մի տեղն ընկնի, սրան ոնց կսպանեմ… Ֆինանսների նախարարությունում, հավանաբար, վիճակը մի քիչ դեմոկրատական է, որ ենթական ոչ թե մտածել, այլ իրականացրել է շեֆին ծեծելու իր ցանկությունը: Ապրի Վաչեն, դեմոկրատ նախարար է: Այնտեղ վիճակն այնպիսին է, որ ենթական կարողանում է իր շահը պաշտպանել… Այ, ես էլ ուզում եմ մեր շեֆի մռութին հասցնեմ, բայց դուխս կհերիքի՞… Քաղցած կթողնի երեխաներիս»:



 



Չէի հասցրել ուշքի գալ, երբ ծանոթուհիս վրա բերեց. «Սպարտայի ստրուկների ապստամբությունը տեսե՞լ ես, հիմա էդ վիճակն է: Ինչո՞ւ միայն ֆինանսների նախարարությունում պետք է ազգային-ազատագրական պայքար մղվի, ողջ կազմակերպությունների ենթակա աշխատողները պիտի միավորվեն ու էդ հաբռգած շեֆ կոչեցյալներին ծեծելով փողոց  հանեն»:  Ակամայից «ի զեն» ասացի: «Սպարտայի ապստամբությունը ֆինանսների նախարարությունից է սկսվում,- եզրափակեց ծանոթուհիս:- Գնամ-տեսնեմ մեր քնածներն ինչ են անում, ոտքի հանեմ»:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ