Բացահայտելու ենք երկրի թալանչիներին

Բացահայտելու ենք երկրի թալանչիներին
«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը նախօրեին հայտարարեց, որ լքում է ՀԱԿ-ը եւ նախաձեռնել է «Հակակրիմինալ» հասարակական կազմակերպությունը, որի խորհրդի նախագահն է ինքը: Եվ ՀԿ-ի նպատակն է համախմբել ժողովրդին, ունենալ համապատասխան կառույցներ, որոնք պետք է տեղեկատվություն տրամադրեն իրենց տարբեր մեքենայությունների, ալան-թալանի մասին:



 



Առաջիկայում էլ կներկայացնեն  «սեւ ցուցակ», որտեղ ընդգրկված կլինեն  հայտնի կաշառակերները, ովքեր ապօրինի ճանապարհով  հարստություն են կուտակել՝ «կոռումպացված են բոլոր չինովնիկները, որոնք իշխանության մաս են կազմում»: Ըստ Մարգարյանի, չի բացառվում, որ այդ ցուցակը գլխավորի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Պետք է կալանք դնել Ռոբերտ Քոչարյանի հարստության, եվրոպական բանկերում կուտակած եւ հայ ժողովրդից թալանած գումարների, սեփականության  վրա: Պետք է արգելվի նրա ելումուտն արտերկիր, նաեւ ՌԴ»: Երեկ մենք զրուցեցինք Գառնիկ Մարգարյանի հետ:



 



- Մի քանի ամիս առաջ  դադարեցրիք շփումները ՀԱԿ-ի հետ, լինելով քաղխորհրդի անդամ՝ չէիք մասնակցում նիստերին: Ինչո՞ւ, անգամ չսպասեցիք Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններում կայացրած որոշման հրապարակմանը: Այլեւս  հույս չե՞ք կապում ընտրությունների հետ: Համբերության բաժակը լցվե՞ց:



 



- 20 տարի է՝ պայքարում ենք, մեկ օրո՞ւմ պետք է համբերության բաժակը լցվի, ոչ, ոչ: Մենք ունենք հետեւյալ հստակ ձեւակերպումը. երկրում վերջին 10-15 տարիների ընթացքում ձեւավորված իրական քաղաքական պայմաններում խոսել, մտածել համապետական արդար, օրինական ընտրությունների մասին, մասնակցել  դրան՝ առնվազն միամտություն է: Ինչո՞ւ, որովհետեւ մեր տեսակետը հետեւյալն է. իշխանությունը բռնազավթված է մի քանի տասնյակ օլիգարխիկ կոչված, կրիմինալ էլեմենտների կողմից, որոնք երկու անգամ Ռոբերտ Քոչարյանին բերեցին իշխանության, մեկ անգամ էլ՝ Սերժ Սարգսյանին, որը երկրի պետական իմիջին չապահովեց լեգիտիմության խնդիրը, որով իսկ Հայաստանը չկարողացավ դիմակայել մարտահրավերներին՝ արտաքին քաղաքական եւ ներքին արցախյան պրոբլեմների, որի արդյունքում սկսվեց մասսայական արտագաղթը:



 



Եվ, առհասարակ, որեւէ սոցիալական խնդիր չի լուծվել: Արդյունքում երկրում ամեն բան վտանգված է, ժողովուրդն էլ օտարված, օրենքով պաշտպանված չէ, Սահմանադրությունը չի աշխատում, երկրի նախագահը Սահմանադրության երաշխավոր չի կանգնում, որովհետեւ կոռուպցիան համատարած է իշխանական բոլոր կառույցներում: Խոսք է գնում, թե կառավարության հակակոռուպցիոն մարմին կա եւ պայքարում է… բայց  2004թ. Ռոբերտ Քոչարյանի՝ այդ խոշորագույն կոռումպացված մարդու ստեղծած  հակակոռուպցիոն հանձնաժողո՞վը պետք է աշխատի… Կոռումպացված են միայն չինովնիկները եւ նրանց շրջապատն ու բարեկամները, բայց ոչ ժողովուրդը: Եվ այս պայմաններում անհրաժեշտ էր մոբիլիզացնել բոլոր առողջ ուժերը: Մենք այդպիսի փորձ արել ենք 2003-ի նախագահականից առաջ, ԼՏՊ-ի կողքին ենք կանգնել, երբ բոլոր գնդապետներիս բանտ են տարել,Մարտի 1-ին եւ դրանից առաջ, եւ հետո… Մենք դա մոռացանք եւ եկանք ՀԱԿ, որովհետեւ կա երկրի խնդիր, ազգի խնդիր, բայց վերջին մեկ տարվա մեջ չտեսանք աշխատանք, որը կարող է համախմբել եւ հակակշիռ ստեղծել այս ռեժիմին, այս բուրգին եւ գնալ համակարգային փոփոխությունների:



 



Սա՝ որպես պատմական էքսկուրս: Իրավական առումով ինչու լքեցինք ՀԱԿ-ը: 2008-ին լինելով ինքնուրույն կուսակցություն, Կոնգրեսի 18 կուսակցությունների հետ ստորագրեցինք դեկլարացիա, որ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, բայց երկուսն էլ սպառել են իրենց: Կոնգրեսի այդ մի քանի հոգին գնացին եւ այդ մի քանի մանդատն ստացան, որին մենք կտրականապես դեմ ենք եղել, ասելով, որ եթե նույնիսկ 10, 20, 50 մանդատ լիներ, պետք է վայր դնել, որպեսզի չկորցնենք ժողովրդի վստահությունը, որ չասեն՝ դուք մանդատի հետեւից եք գնում: Իրենք 7 մանդատը վերցրին, ի՞նչ՝ այդ 7 մանդատով ի՞նչ կանեն այս ռեժիմի դեմ:



 



- Իսկ ի՞նչ կարող է անել Ձեր ՀԿ-ն ռեժիմի դեմ, համակարգային փոփոխություննե՞ր:



 



- Ես հույս չունեմ, այլ համոզված եմ: Մենք այս ողջ դադարի ժամանակ աշխատել ենք եվրոպական կառույցների հետ: 2003-ին Մեքսիկայում ստեղծվել է միջազգային հակակոռուպցիոն կառույց, ընդհանրապես այդ կառույցները Եվրոպայում ցույց են տվել փայլուն հաջողություններ, օրինակ՝ Շվեդիայում: Այնտեղ նվազագույն աշխատավարձի ապահովվածության եւ ամենաբարձր հարստություն ձեռքբերողի տարբերության չափանիշը 6 է: Այս ցուցանիշը երբ ավելին է, ապա դրանք գերշահույթ են համարում, որը բերում է մինիմալ ստացողի հաշվին: Հայաստանում այդ ցուցանիշը երեք տասնյակից ավելի է, իսկ առանձին օլիգարխների դեպքում դա 3 հազարից ավելին կլինի: Դա արվել է հակակոռուպցիոն կազմակերպությունների շնորհիվ, որ նրանց իշխանությունները, պետական համակարգը, հասարակությունը լսեն, օգնեն այդ կառույցներին:



 



Մենք մեր կազմակերպությունը ստեղծել ենք դեկտեմբերի 6-ին եւ այդ կազմակերպությունների հետ կապի մեջ ենք, մենք դառնալու ենք Եվրոպական հակակոռուպցիոն կառույցի լիիրավ անդամ (հավանաբար՝ հունվարին), մեր կազմակերպության ռազմավարությունը դառնալու է համաժողովրդական ծրագիր, եւ առաջիկա շաբաթվա ընթացքում հեռուստակամուրջ է լինելու, որտեղ առավել մանրամասն կներկայացվի գործունեությունը: Իրենց հետ ապահովելու ենք՝ բացահայտելու Հայաստան երկրում կոռումպացված էլեմենտներին, թալանչիներին, պահանջելու ենք եվրոպական կառույցի պետությունների երկրներից կալանքներ դնել, թույլ չտալ նրանց մուտքն ու ելքն այդ երկրներ եւ այլն, եւ այլն: Երբ որ երկրում տեղի կունենա համակարգային փոփոխություն, ռեժիմը կզրկվի իր հենարան կոռումպացված էլեմենտներից, տեղի կունենա համակարգային փոփոխություն: Մեր կազմակերպությունն ունի 9 հոգանոց խորհուրդ:



 



- Ովքե՞ր են անդամները, կարծեմ  նշվում է Աշոտ Մանուչարյանի անունը:



 



- Եկեք անվանական չասենք, Աշոտ Մանուչարյանը՝ ոչ, մենք նրա հետ հանդիպում ենք որպես փորձագետի, լրջագույն, ազնիվ քաղաքական գործչի:



 



- Ասել էիք, որ կոռումպացված չինովնիկների սեւ ցուցակ ունեք, որը շուտով կհրապարակեք: Նշել էիք Ռոբերտ Քոչարյանի անունը, էլ ովքե՞ր են լինելու:



 



- Չունենք այդ ցուցակը դեռ, ասել եմ, որ չեմ կասկածում, որ այն շատ արագ ձեւավորելու ենք: Իսկ սեւ ցուցակում լինելու են ավազակախմբի բոլոր անդամները, ովքեր ապօրինի ձեռք են բերել, լինի դա պետական կառույց, թե սեփական մոնոպոլիա, եւ դա կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը: Միգուցե շատ պրիմիտիվ հնչի, բայց Քոչարյանը, երբ Հայաստան եկավ վարչապետ, կիսատկլոր էր, իսկ հիմա հանքեր է ձեռք բերում Աֆրիկայում:



 



- Իսկ ներկայիս պաշտոնյաներից  ովքե՞ր են ցանկի պոտենցիալ հավակնորդներ:



 



- Մեր պայքարը անունների համար չէ, այլ գործի, մեր պայքարը կոռումպացված էլեմենտների դեմ է, որը պետք է բերի նրան, որ ամբողջ ժողովուրդը համախմբվի, գնահատական տա մեր անելիքներին եւ ապագային եւ տեր կանգնի Սահմանադրությամբ տրված իր իրավունքներին: Երեւույթի դեմ ենք պայքարում, որը չարորակ ուռուցք է եւ վտանգում է մեր պետականությունն ու անվտանգությունը:



 



- Լավ կլիներ, որ, այնուամենայնիվ, մի քանի անուն հրապարակեիք, որովհետեւ նախագահական ընտրություններից առաջ հանդես եք գալիս անորոշ ապագա ունեցող նախաձեռնությամբ եւ ընդամենը մեկ անուն եք մատնանշում, ինչը կասկածների տեղիք կարող է տալ:



 



- Մեծ մասը այսօրվա գործող իշխանության ներկայացուցիչներն են լինելու: