Մարգարիտ Եսայանն ընդդեմ Մարգարիտ Եսայանի

Մարգարիտ Եսայանն ընդդեմ Մարգարիտ Եսայանի
Չգիտես ինչու, Մհեր Արշակյանից ներողություն խնդրելու շքերթն իրենց վրա են վերցրել ՀՀԿ-ի ոչ թե մեծամասնական, այլ համամասնական պատգամավորները, նրանք, ովքեր ցուցակով են անցել խորհրդարան: Օրինակ, Բուռնաշն ինչո՞ւ ներողություն չի խնդրել լրագրողից իր գործընկեր Մհեր Սեդրակյանի պահվածքի համար: Ըստ երեւույթին, ջայլամի գործով Աֆրիկա է մեկնել:



 



Փոխարենը, ահա, ձեռուոտ է ընկել Մարգարիտ Եսայանը, իսկ նրանից առաջ էլ գործը դրստելու վրա էին Հովիկ Աբրահամյանն ու Գալուստ Սահակյանը՝ դարձյալ համամասնականներ: Այս ամենը, որպես խորհելու նյութ, փոխանցենք մեծամասնասեր Խոսրով Հարությունյանին, իսկ մենք անցնենք Մհեր Սեդրակյանի պահվածքի շուջ ծավալված մի հետաքրքիր դեպքի նկարագրությանը:



 



Ի զարմանս մեզ՝ պատգամավոր Մարգարիտ Եսայանը բավականին լուրջ հակասությունների մեջ է նախկին լրագրող Մարգարիտ Եսայանի հետ: Այնքան, որ համոզված կարող ենք պնդել՝ 2012 թվականի մայիսի 6-ին, ի դեմս Մարգոյի, հայ լրագրությունը լուրջ կորուստ կրեց, իսկ ԱԺ ՀՀԿ ֆրակցիան, ի դեմս պատգամավոր Մարգարիտ Եսայանի, ոչ մի նոր բան ձեռք չբերեց: Այդպիսիք մեծամասնության շարքերում, ժողովրդի ասած՝ շնից շատ են:



 



Աշխարհի վերջի նախօրյակին «Երկիր մեդիայի» եթերում պատգամավոր Մարգարիտ Եսայանն այնպիսի դաժանությամբ էր սպանում լրագրող Մարգարիտ Եսայանին, որ Մհեր Սեդրակյանի վարքագիծն ինձ մի պահ թվաց մանկական չարաճճիություն: Աստված իմ, մարդիկ որքան շուտ են հարմարվում կյանքի կոմֆորտին ու մոռանում այդ կյանքի դաժան ճշմարտությունները:



 



Տիկին Եսայանը մեղադրում է լրագրողին եւ օպերատորին, ովքեր նախապես փորձել են նկարահանել մեր երկու հատընտիրներին, որոնցից մեկը ճակատագրի բերումով Մհեր Սեդրակյանն է եղել: Նրանք զրուցելիս են եղել, իսկ կամերան աշխատել է անպատշաճ հեռավորությունից: Այդպիսի բան անել չի կարելի, լրագրողը նախ պետք է հետաքրքրվեր՝ կարելի՞ է արդյոք նկարել, եւ հետո նոր գործի անցներ՝ ասում է Մարգարիտը: Նրա այս խոսքերից միամիտ հեռուստադիտողն ի՞նչ կմտածի: Խեղճ Մհեր Սեդրակյան, «ճանճերի» ձեռքից պրծում չունի նույնիսկ Ազգային ժողովում: Այդպես չէ՞: Բայց բանն այն է, որ Մհեր Սեդրակյանն ԱԺ գալուց առաջ պետք է իմանար, որ գնում է մեղվանոցում աշխատելու, եւ պիտի հոգեբանորեն պատրաստ լիներ այդ ամենին: Եթե հարգարժան Սեդրակյանը Թոխմախ գյոլի ոսկի ավազների վրա ծաղկավոր տռուսիկով արեւի լոգանք ընդունելիս լիներ, եւ նրան մեկը նկարահաներ, հարց չկա, թող ոչ միայն նկարողի ծնոտը պոկեր, այլեւ ոտքը, բայց նա այդ պահին ԱԺ-ում էր, իր աշխատավայրում, որտեղ, ի դեպ, իր աշխատանքն էր անում նաեւ լրագրողը: Հետեւաբար, լրագրողին մեղադրել իր աշխատանքն անելու համար, մի քիչ ճիշտ չէ, տիկին Եսայան: Ես պատկերացնում եմ, թե «Առավոտում» հաջորդ օրն ինչպիսի հոդված լույս կտեսներ Մարգարիտ Եսայանի ստորագրությամբ, եթե որեւէ պատգամավոր, թերթից նեղացած, կոպտաբար մի կողմ հրեր նրա մեկնած ձայնագրիչը:



 



Ինչեւէ, պատգամավոր Մարգարիտ Եսայանը Մհեր Սեդրակյանի փոխարեն ներողություն է խնդրել նախկին գործընկեր լրագրողից՝ համարելով իր անելիքն ավարտված: Նա էկրանից նաեւ հորդորում է մյուս լրագրողներին՝ պահպանել լրագրողական էթիկայի կանոնները, չօգտվել հանգամանքից, որ ԱԺ-ն ԶԼՄ-ների գործունեության համար շատ հարմար տեղ է, չհոգնեցնել պատգամավորներին, չնեղել, մանավանդ այնպես չգրոհել նրանց վրա, որ վերջիններս կորցնեն հավասարակշռությունն ու ընկնեն բազմոցին:



 



Մեզ մոտ միշտ այդպես է: Երբ պաշտոնյան, իսկ ավելի հաճախ՝ պատգամավորը, լրագրողին հայհոյում է, ձեռքից խլում է գործիքը, հրավիրում է զուգարան՝ ինտերվյու տալու, սպառնում է ծնոտը պոկել եւ այլն, Գալուստ Սահակյանի կամ Մարգարիտ Եսայանի տեսքով հայտնվում է մի բարի հրեշտակ ու սկսում սվաղել տեղի ունեցածի սուր անկյունները: Բա գիտե՞ք ինչ, մեր գործընկերը հոգնած է եղել, այդ դեպքից րոպեներ առաջ ծանր քննարկման էր մասնակցել, տրամադրություն չի ունեցել… Հիմա էլ՝ շատ մոտիկից են նկարել: Իսկ որ պաշտոնյան, պատգամավորը, հանրության հետաքրքրասիրության օբյեկտը պարտավոր է նախեւառաջ մարդու տեղ դնել լրագրողին եւ մարդավարի խնդրել չանել այդ, արդեն ոչ մեկին կարծես չի հետաքրքրում: Նույն այդ պաշտոնյան, եթե գործն է պահանջում, իր մասնավոր խոսակցություններն ու հանդիպումները, ի վերջո, կարող է կազմակերպել աշխատասենյակում, կամ, ինչպես Սամվել Ալեքսանյանը մի անգամ ասաց՝ ես այստեղ էի, ուղղակի վառոտի հետեւը մարդ պիտի տենայի, գնացի-տեսա: Մյուս դեպքերում, երբ, ասենք, ԱԺ պատգամավորն ի տես շատերի գտնվում է իր աշխատավայրի ճեմասրահում, ուղղակի չի կարելի լրագրողին ասել, թե ինչպես ու որքան նկարի, ինչպիսի հարցեր տա կամ չտա նրան:



 



Ամեն անգամ, սղալելով այս կարգի միջադեպերը, ներողություն խնդրելով գործընկերոջ փոխարեն եւ կարգի չհրավիրելով նրան, մենք ըստ էության արջի ծառայություն ենք մատուցում ոչ միայն տվյալ պաշտոնյային, այլեւ թեւավորում ենք մյուսներին, ոգեկոչում նոր ու ավելի հատկանշական «հերոսությունների»: Խնդրեմ՝ երեկ չէ առաջին օրը սպառնում էին գործիքը խլել, երեկ՝ գործիքը կոտրել, իսկ այսօր արդեն՝ ծնոտը պոկել: Պրոգրեսը, ինչպես տեսնում եք, նկատելի է, իսկ պաշտոնյաներին կարգի հրավիրելու գործընթացը նույնիսկ տեղից չի շարժվել:



 



Ովքե՞ր պիտի անեն դա: Մեր կարծիքով՝ նաեւ այն լրագրողները, ովքեր իրենց ստեղծագործական աշխատանքով հանրապետության ղեկավարությանն ապացուցել են, որ հասել են քաղաքական գործչի մակարդակի եւ կարող են նույնիսկ քաղաքական գիծ պահել ԱԺ-ում: Մարգարիտ Եսայանն անշուշտ նրանցից մեկն է: Գիծը լավ էլ պահում է, բայց, այ, մոռանում է, որ լրագրողի համար քաղաքական գործիչը նույն բանն է, ինչ մուսան պոետի համար: Եվ ուրեմն կարիք չկա, որ լրագրողի մուսաները լռեն, փախչեն կամ, առավել եւս, քացի տան, կծեն, ծնոտը պոկեն: Սիրուն չի, Մարգարիտ ջան:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ