ՀՀԿ-ն գուցե ասեր, որ թոխմախցու միջադեպը խանդի հողի վրա է եղել

ՀՀԿ-ն գուցե ասեր, որ թոխմախցու միջադեպը խանդի հողի վրա է եղել
Նույն ցեխը հազար անգամ մտնում ու հազար անգամ բարձրանում ենք:  Ցեխոտվելով ու մի կերպ հաղթահարելով մեր անցնելիք ճանապարհը, հաջորդ անգամ նույնն ենք կրկնում ու կանգ չենք առնում՝ խորհելու, համախմբվելու, մեկտեղվելու ու վերացնելու այն պատճառը, որը ծնում է այդ ցեխը, խորացնում այն…  Լրագրողն իր աշխատանքային պարտականությունը կատարելիս նսեմացվել, սպառնալիքի է ենթարկվել ԱԺ պատգամավորի կողմից:



 



Փորձն ունենք, եթե նման բան կատարվեր ոստիկանի նկատմամբ, անմիջապես սպառնացողը կմեկուսացվեր: Լրատվական ասպարեզում ցուցաբերվող նման վերաբերմունքը եւս մեկ անգամ վկայում է, որ իշխանության կողմից ճնշվում է բազմակարծությունը՝ այսօր Մհերն է, վաղը կարող է լինել յուրաքանչյուրը… Զավեշտալի իրավիճակ է ստեղծվել, օրենքային թակարդ: Հարցը համարվում է ոչ քաղաքական, որովհետեւ վերեւներում իրադարձությունը ոչ քաղաքական են համարում, այդ իսկ առումով քաղաքական գնահատական չի տրվում: Վկայություն՝ այդ հարցը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում չի քննարկվել: Հավանաբար, այսպես են դատել՝ ի՞նչ է եղել որ. մի երկու ուշունց, հենա ծնողները, ախպերները եկել, ներողություն են խնդրել: «Երեխան» մի քիչ չարություն է արել՝ տեսեք քանի հոգի են ներողություն խնդրել:



 



Թող բարիշեն, անցնի, էլի՜… Հա՜, դե ասաց, որ չանան կպոկի, բայց հո չարեց: Սա է Հանրապետական վերնախավի հոգեբանությունը: Անտեսվում է մի բան. գործ ունեն օրենսդիր մարմնի ներկայացուցչի եւ իր աշխատանքային պարտականությունը կատարող լրագրողի հետ: Երեւույթին քաղաքական գնահատական չտալով, այն կրկնելու են մյուս «հաբռգածները»: Իրենց տնական ներողություններով Գալուստ Սահակյանը եւ մյուսները ճանապարհ են հարթում մյուս «հաբռգածների» համար: Ընդունենք, թե հարցը քաղաքական չէ, բայց այն կարո՞ղ է արձագանքվել իրավունքի տեսանկյունից… Կամ եթե հարցը քաղաքական չէ, ինչակա՞ն կարելի է համարել այն՝ կենցաղայի՞ն, տնտեսակա՞ն, փողի՞ խնդրի, թե՞ խանդի հողի վրա… ՀՀԿ-ն գուցե ասեր, որ Թոխմախի Մհերի միջադեպը եղել է խանդի հողի վրա: Սա գուցե մեղմացուցիչ հանգամանք համարվեր:



 



Ասածս ծիծաղելի չհամարեք. նման անհավանական պատճառաբանություններով է առաջնորդվում օրենքի հայաստանյան դաշտը: ՀՀԿ-ն շատ լավ գիտեր, որ իրենց կուսակիցները հաճախակի են նման խնդիրներ հարուցելու, այդ իսկ պատճառով նրանց անձեռնմխելիութան համար էթիկայի հանձնաժողովում մենամարտ տվեց: Էթիկայի հանձնաժողով լրագրողն իրավունք չունի դիմելու, պետք է դիմի պատգամավորը, այս հարցում էլ արգելակում… Լավ, այդ դեպքում ի՞նչ անի լրագրողը: Մի կողմ թողնելով էթիկական այս նրբությունները, անգամ լրագրողական խմբի ընդվզումը, փորձենք միասին դատել: Ասենք, լրագրող Մհերը մենակ է, եւ նրա համար չեն պայքարում մյուս լրագրողները, նա ի՞նչ իրավունք ունի, ի՞նչ կարող է անել… Պետության կողմից ինչպե՞ս է պաշտպանվելու նրա իրավունքը: Մի՞թե ստրուկների պես պետք է լռենք ու առաջնորդվենք «Սա Հայաստանն է ու վերջ» կարգախոսով: Ե՞րբ ենք վերջապես համախմբվելու ու սելավի պես քշելու այն ցեխը, որի մեջ հայտնվել ու անընդհատ ցեխոտվում ենք…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ