Սերժյան վեկտորների ընդմիջից

Սերժյան վեկտորների ընդմիջից
Ի՞նչ անել, ինչպես քողարկել Սերժ Սարգսյանի ռուսամետությունը եվրոպացիների աչքից կամ ինչպես նրա եվրոպական առաջադեմ ձգտումները անտեսանելի դարձնել Պուտինի համար: Հայ վերլուծական միտքը, իսկ ավելի ստույգ՝ իշխանությանը սպասարկող առանձին վերլուծաբաններ այս դիլեմայի առջեւ են կանգնած:



 



Բավական չէ իրենք են հայտնվել հիմար վիճակի մեջ, չկարողանալով Սերժ Սարգսյանին ճիշտ նիշա հատկացնել աշխարհաքաղաքական քունջուպուճախի մեջ, նաեւ փորձում են հասարակությանը հիմարացնել այն սին մտագարություններով, թե Սերժ սարգսյանն ամեն ինչ անում է, որ ոչ շիշը վառվի ոչ քյաբաբը, որ համ Եվրոպան մեզ քաղցր աչքով նայի, համ էլ Պուտինը ղարաբաղյան հարցում, ներողություն, շանտղություն չանի: Եվ տեսեք, հարգելի հասարակություն, թե այդ ինչ հունարով գործիչ է Սերժ սարգսյանը, որ կարողանում է եվրաինտեգրմանը զուգահեռ զարգացնել նաեւ մաքսային եվրասիական գոտու տեսությունն ու պայքարել այդ տեսության՝ հայաստանին ոչ հարմար կետերի վերանայման համար:



 



Մեր այս տիպի վերլուծաբաններին կխնդրեինք ուշքի գալ եւ, Սերժ Սարգսյանին խայտառակելով հանդերձ, չխայտառակել Հայաստանը: Եթե նրանք մի փոքր էլ ռուսական ու համաշխարհային մամուլ կարդային, կտեսնեին, որ Հայաստանից ոչ պակաս եվրաինտեգրման կուրս է անցնում նաեւ Ռուսաստանը, միայն թե՝ առանց բաց հետույքին կատու շալակելու, ինչն անում է ՀՀԿ-ի իշխանության ներքո հայտնված Հայաստանը: Եթե ոմանց թվում է՝ միայն Հայաստանն ու Սերժ Սարգսյանն են հասկանում եվրաինտեգրման առավելությունները, ապա չարաչար սխալվում են: Եթե ոմանց թվում է՝ Սերժ Սարգսյանն իր արեւմտամետությամբ անդուլ պայքարի մեջ է Պուտինի հետ, ուղղակի մտավոր դժբախտության մեջ են: Կարո՞ղ են մեր այդ վերլուծաբանները բացատրել, թե ինչ գործ ունեն լրիվ ռուսահպատակ խոսրովհարությունյանները, արտաշգեղամյաններն ու հայկբաբուխանյանները Սերժ Սարգսյանի թիմում, ովքեր առիթը բաց չեն թողնում հասարակությանը զվարճացնելու այս ու այն գործիչի գունավոր արեւմտամետության պախարակմամբ:



 



Կարելի է հարցին այլ կողմից մոտենալ: Բոլորին հայտնի է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ արեւմտյան դիվանագիտական հաստատությունների սերտ կապի մասին: հայաստան մտնող յուրաքանչյուր արեւմտյան պաշտոնյա շտապում էր հանդիպել ՀԱԿ առաջնորդի հետ, ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր հաճախակի այցելում այս ու այն եվրոպական երկրի դեսպանատուն: Ավելին՝ արեւմտյան դիվանագետներ էին մասնակցում Լեւոն Տեր-Պետրոսյանի միտինգներին: Ի՞նչ ասել սրան: Երեւի Լեւոն տեր-Պետրոսյանին պետք է համարել ամենաարեւմտամետ գործիչը, այնպես չէ՞: բայց արի ու տես, մեր վերլուծաբանները ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակը համարում են ռուսական ուղղություն, որը պարտություն կրեց արեւմտամետ Սերժ Սարգսյանից:



 



Յուրաքանչյուր միտք, որ ծագում է մարդու գլխում, պետք է բացատրություն ունենա: մերոնց պարագայում այդ բացատրությունը բացակայում է, եւ, ստացվում է, որ հենց նոր հնչեցրած միտքը գոյություն ուներ իրենցից անկախ, օբյեկտիվորեն, ու իրենց արածն էլ այն է, որ վերցրել են այդ ինքնուրույն գոյություն ունեցող միտքն ու հանձնել թղթին: Բայց մի՞թե սա կարող է որեւէ աղերս ունենալ վերլուծություն կոչվող երեւույթի հետ: Նրանք այդ ի՞նչ են փորձում վերլուծել, առհասարակ, երբ Հայաստանը որեւէ քաղաքականություն չի վարում, այլ քաղաքականությունն է ինչ-ինչ պատճառներով հետաքրքրվում Հայաստանով: Այդ ի՞նչ եվրաչափանիշներով առաջնորդվող Հայաստանի մասին կարող են մտմտալ Եվրոպայում, երբ Հայաստանը տակավին առաջնորդվում է ռուսական բանակի չափանիշներով, այդ ինչ ռուսական ուժեր է ջախջախել արեւմտամետ Սերժ Սարգսյանը, երբ ինքը նստած է ռուսական գազի ու ռակետների վրա: Այս ամենը ծիծաղելի է, անշուշտ:



 



Օրերս ՀՀԿ-ն, ՀՀԿ-ի հետ էլ նախագահ Սարգսյանի արեւմտամետ երգիչները, էյֆորիայի մեջ էին հայտնվել փաստից, որ միջազգային դիտորդական առաքելությունները մոտ 280 երկարատեւ եւ կարճազամկետ դիտորդ են առաքելու նախագահական ընտրություններին հետեւելու: Հորթային հրճվանք՝ բառիս բուն իմաստով: Մի՞թե դա խոսում է միջազգային հանրության՝ մեր ու մեր ընտրությունների հանդեպ անսահման հավատի մասին: Ընդգծված արեւմտամետ գործչին եվրակառույցները հավատում են եւ ոչ թե մարդ են ուղարկում վերահսկելու, նրա խոսքն ընդունում են ի գիտություն եւ կարծիք հայտնելիս էլ մեռնելով չեն ասում, որ այս անգամ ընտրությունները նախորդից մեկուկես քայլ առաջ էին:



 



Մեզ թվում է՝ մի քիչ համեստ լինելը չէր խանգարի: Մանավանդ, երբ Արեւմուտքի եւ Ռուսաստանի արանքում հերոսական դիմադրական շարժում սկսած Սերժ Սարգսյանը գնում է այսքան մրցակցային ընտրությունների: Մեկ էլ տեսար՝ Ռուսաստանը կամ Արեւմուտքը երկակի խաղ խաղացող Սերժ Սարգսյանի փոխարեն հանկարծ սկսեն սատարել, ես ինչ իմանամ, ասենք՝ էպոսագետին:



 



 Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ