Սերժ Սարգսյանից բացի ում էլ ձայն տան, մեղք գործած չեն լինի

Սերժ Սարգսյանից բացի ում էլ ձայն տան, մեղք գործած չեն լինի
Հարցազրույց գրող, թարգմանիչ Սամվել  Մկրտչյանի  հետ



 



-Պարոն Մկրտչյան, մի քանի օրից ընտրելու ենք ՀՀ հաջորդ նախագահին, ի՞նչ տպավորություն ստացաք նախագահի թեկնածուների նախընտրական քարոզչություններից:



 



- Սովորական խայտառակություն էր, որովհետեւ խայտառակություն է մեր կյանքը: Ես նույնիսկ «Ֆեսյբուքում» ոչ մեկի ընտրարշավը չեմ մեկնաբանում, ոչ մեկին չեմ գովում, ոչ մեկին ձեռ չեմ առնում, միայն երբեմն մեկնաբանում եմ Սերժ Սարգսյանի քայլերը, դա էլ մեկնաբանում եմ նրա համար, որովհետեւ գտնում եմ, որ Սերժ Սարգսյանի իշխանավարությունն ու մեր ժողովրդի, երկրի ապագան պարզապես անհամատեղելի են իրար հետ: Կարծում եմ՝ նա այլեւս չպետք է կառավարի, ինչքան որ քայքայել է, այդքանն էլ բավական է: Մի քիչ անտարբերություն կա ինձ մոտ, որովհետեւ ոչ մի հույս չեմ կապում ինչ-որ բանի հետ, հույսի նշույլ չեմ տեսնում: Սրա միակ տարբերակն այն է, որ մարդկանց այնքան կզզվացնեն, որ կլինի հեղափոխություն: Հուսով եմ, որ կլինի նորմալ հեղափոխություն, եւ այդ ժամանակ գուցե հնարավոր լինի կառուցել նորմալ երկիր, եթե մինչեւ այդ կերած չեղան այս երկիրը:



 



- Ասացիք, որ անտարբեր եք ու ոչ մի հույս չեք տեսնում, հնարավո՞ր է դա կապված լինի նաեւ նրա հետ, որ թեկնածուների մեջ ընդդիմադիր որեւէ մեկին չեք տեսնում:    



 



- Իհարկե, նաեւ դրա հետ է կապված: Իմ հիասթափությունը իրականում ավելի ընդհանրական է, բայց պատճառներից մեկն էլ այն է, որ չկա ընդդիմություն, չկան ընդդիմության լիդերներ, ովքեր ժողովրդին կարողանային տանել իրենց հետեւից: Ցավոք սրտի, վատատես եմ եւ ոչ մի ուրախալի բան չեմ կարող ասել այդ մասով:



 



- Շատերն ասում են, որ նախընտրական այս ընթացքը բավականին խաղաղ անցավ, ի՞նչ եք կարծում, այդպե՞ս էր:



 



- Եթե իշխանությունների քաղտեխնոլոգներն ասում են, որ նախընտրական այս կամպանիան խաղաղ է, դա չի նշանակում, որ հանճարեղ բան են ասում, եւ խաղաղ լինելը շատ դժվար բան է: Չկան նորմալ դեբատներ, ամեն մարդ իր քարոզն է կարդում, հիմնականում անիմաստություն են կարդում, աշխատում են սեւ փիառ անել, մյուս թեկնածուներին վարկաբեկել, դա գուցե մրցակցության պատրանք ստեղծելու համար է արվում, չգիտեմ, ամեն դեպքում իշխանությունների համար ամեն ինչ շատ հարմար գնում է, եւ ամեն ինչ անում են դրա համար: Հայաստանում մի մարդ կա՞, ով կասկածում է, որ իշխանությունները կվերարտադրվեն, իմ կարծիքով, չկա տենց մարդ: Խոսակցություններ եմ լսում, որ երկրորդ տեղի համար պայքար է գնում, դա արդեն լրիվ զավեշտի բնագավառից է: Այս ամենը սովորական շոու է, այն էլ՝ վատ կազմակերպված, եթե նախագահի թեկնածու գործող նախագահն ասում է` ինչքան ուզեմ կխփեմ` 100, 90 թե 60, դա արդեն ծիծաղելի է, այդպիսի նախագահ չի կարելի ընտրել պարզապես:



 



- Սերժ Սարգսյանը պարբերաբար այդպիսի «լեզվական» սայթաքումներ է ունենում, մեկ խիարն է թարս աճում, մեկ Եռաբլուրում զայրանում է, որ բանակի տոնն են փչացնում: Այդ վարքագիծն ինչպե՞ս կբնորոշեք:



 



- Դա ոչ ադեկվատ պահվածք է, բայց համոզված եմ, որ ինքը միտումնավոր ոչինչ չի ասում, գուցե մի քիչ ջղայնանում է, չարություն է ներդնում այդ պահին, բայց ասում է այն, ինչ մտածում է: Այ, դրա համար է անհամատեղելի մեր կյանքի համար: Այդպիսի մարդիկ պետք է երկրի նախագահ չաշխատեն: Դա իր սովորական ապրելակերպն է, որն անհամատեղելի է մտավորականության հետ, մի երկրի հետ, որն ուզում է զարգացում ապրել, որն ուզում է աշխարհի հետ համաքայլ ընթանալ: Իսկ Սերժ Սարգսյանը ժամացույցի սլաքը հնարավորինս հետ է տանում: Դա է ամբողջ խնդիրը:



 



- Ձեր խոսքի սկզբում հեղափոխությունից խոսեցիք, բայց այս պայմաններում, երբ իշխանությունները միայն վերարտադրվում են, հնարավո՞ր է հեղափոխություն:



 



- Իհարկե ոչ, իմ կարծիքով, դեռ ինչ-որ ժամանակ կանցնի, բայց եթե այդպես շարունակվեց, հեղափոխությունը, բնական է, անխուսափելի կլինի: Եթե եւս հինգ տարի ժամացույցի սլաքը հետ գնա, դա արդեն համազգային աղետ կլինի, ու եթե արտագաղթի այս տեմպերն էլ հաշվի առնենք, շատ հնարավոր է հեղափոխության մասին ընդհանրապես մոռանանք:



 



- Այսքանից հետո գնալո՞ւ եք ընտրության:



 



- Դեռ չեմ որոշել, կարծում եմ՝ ճիշտը համազգային բոյկոտը կլիներ, որ հնարավորինս շատ մարդիկ բոյկոտեին, բայց մյուս կողմից էլ, եթե չգնամ, կարող է իմ քվեաթերթիկն օգտագործեն, հետո էլ մտածում եմ՝ եթե պիտի վերարտադրվի, ի՞նչ արած, թող օգտագործեն...: Իմ կարծիքով, ժողովուրդը Սերժ Սարգսյանից բացի ում էլ ձայն տա, մեղք գործած չի լինի, մեղք գործած կլինեն, եթե նրան ձայն տան: