Ութերորդը

Ութերորդը
Նրանք ութն էին: Ութի ցուցակի մեջ ընդգրկվելու համար նրանցից  յուրաքանչյուրին  առաջին հերթին ութ միլիոն դրամ էր անհրաժեշտ: Ամենքը մի ձեւով ունեցան, մուծեցին պետության գանձարանը եւ ճակատ առ ճակատ կանգնեցին ընտրացուցակների, ընտրատեղամասերի ու դրանց թիկունքում թաքնված ու մահացած, հեռացած, բայց չմոռացված, ավելի ճիշտ՝ առիթից առիթ հիշվող ընտրողների դեմ: Իսկ առիթը, իհարկե, համապետական ընտրություններն էին: Համ էլ դա առիթ չէր:



 



Դա ծես էր, արարողակարգ, տոն, վերջապես պետականություն ունեցող երկրի  հպարտություն, որով պայմանավորված է ժողովրդավարության չափաբաժինը տվյալ պետականության տիրույթներում: Առաջինից ութերորդի բախտը որոշելու համար այդ պետականության տիրույթներում տեղադրված էր 1988 հատ  թափանցիկ քվեատուփ: Երբեմն դրանք թափանցիկ չեն եղել: Երբեմն դրանք լցվել են հայհոյանքներով, ատելությամբ, կսկիծով, թախիծով, համբերությամբ,  նաեւ հույսով: Այնտեղից միշտ դուրս են եկել խաներ:



 



Ֆեյսբուքյան գրառում առաջին խանական ժամանակներից:



 



- Հեռացել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին: Վերադառնալ չեմ ուզում, անգամ չեմ երազում:



 



Ֆեյսբուքյան գրառում երկրորդ խանական ժամանակներից:



 



- Հեռացել եմ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին: Սենտիմենտալ չեմ, անցյալս տեղադրել եմ խորհրդային շուկայի հինգ կոպեկանոց թղթե տոպրակում եւ այրել:Հիմա կոսմոպոլիտ եմ, բայց երազում հալածվում եմ: Մի վարպետ, իբր պատ է շարում, շարած մասը լրիվ ճերմակ է , վրան սեւ տառերով գրված 29,9 հազար քառակուսի կիլոմետր: Վարպետն ասում է` 30.000 հազար դարձնելու համար ընդամենը մեկ քար է հարկավոր: Ամեն գիշեր ինձ այցելած այդ մղձավանջային երազների մեջ ես նույն նախադասությունն  եմ արտասանում. ես կամավոր քար եմ հայրենիքի պատին: Ու երբ մոտենում եմ ճերմակ պատին, պատը փլվում է, ու ես հայտնվում եմ ավերակների մեջ: Վարպետն էլ, ավերակների վրա կանգնած՝ երգում է .



 



Սիրտս նման է էն դատարկ տներ,



 



Կոտրե գերաններ, փլվել են սներ...



 



Ֆեյսբուքյան գրառում երրորդ խանական ժամանակներից:



 



- Հեռացել եմ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, գարնան առաջին առավոտը, երբ հող ու քար ծաղկել էին , երբ առաջին մեղուները թռել էին դեպի ծաղիկները, երբ սերը զրնգուն առվի ջրերի հետ հոսում էր լեռներն ի վար, ծառերն ի վեր, աչքերն ի դուրս, սրտերն ի ներս: Ի տարբերություն նախորդ գրառումների հեղինակների` ես կորցրել եմ ներկայի զգացողությունը: Երակներիս մեջ անընդհատ հոսում է պաղ մի  քամի: Գլխումս միշտ մի նախադասություն է պտտվում, որն անգիր եմ արել 1988 թվականի փետրվարի կեսերին. ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է: Ճիշտ է, հիմա էլ այն անգիր գիտեմ, բայց իմաստը չեմ պատկերացնում: Մի սեւամորթ անգլոսաքսոնացի նշանավոր գրբացի մոտ գնացի, որպեսզի իմաստը բացատրեր: Ասաց` միեւնույն է, իմաստը չես հասկանա, նախ պետք է բուժվես, որպեսզի ներկայի զգացողությունը քեզ մոտ վերականգնվի, իսկ բուժվելու համար քեզ քո հայրենիքի էկոլոգիապես մաքուր ջուրն է հարկավոր: Գրբացը հարազատներիս ինձանից թաքուն ասել էր, որ դա հնարավոր չէ, որ այդ ջուրը հինգ հազար տարի առաջ էր այդպիսին եղել, այդքան տարի հոսելով՝ այն կեղտոտվել, անպետքացել էր: Մի հնար կա, ասել էր, կարելի է բուժվել այս նոր հայրենիքի ջրով, բայց այդ դեպքում նոր արյուն պիտի ներարկվի ձեր հիվանդին: Ցանկալի է` քոչվորական արյուն, իսկ հարյուր տոկոսանոց արդյունք ստանալու համար նախընտրելի է թուրքականը: Համաձայնեցի` կյանքը քաղցր բան է: Ճիշտ է, հիվանդությունս մահացու չէր, ընդհակառակը, այդպես ավելի երկար կապրեի, բայց առանց ներկայի զգացողության ապրելը անիմաստ էր: Հիմա ես ազգությամբ թուրք եմ եւ ունեմ ներկայի զգացողություն:



 



Առաջինի ֆեյսբուքյան գրառումներից:



 



- Ազգի կեսը սերիալներում նկարահանվում է, մյուս կեսն էլ երգում է:



 



Երկրորդի ֆեյսբուքյան գրառումներից:



 



- Բարի հաջողում դերասաններին եւ երաժիշտներին:



 



Երրորդի ֆեյսբուքյան գրառումներից:



 



- Այդ ժամանակ ես 32 տարեկան էի:



 



Չորրորդի ֆեյսբուքյան գրառումներից:



 



- Գոնե ասեր` արա՛:



 



Հինգերորդի ֆեյսբուքյան գրառումներից:



 



- Յոթդ ինձ հետ բռնեք գրողի ծոցի ճանապարհը, որպեսզի Առաջինը մոլորվի:



 



Վեցերորդի ֆեյսբուքյան գրառումներից:



 



- Դառնանք ու զօղորմին տի տանք Առաջինից Ութերորդին: Ես եմ Առաջինը:



 



Յոթերորդի ֆեյսբուքյան գրառումներից:



 



- Առաջինը հարազատներիս կաշառք է առաջարկել:



 



Ութերորդի... Ութերորդը ոչինչ չի գրառել:



 



Ութերորդը փետրվարյան ցրտաշունչ մի առավոտ դուրս եկավ տնից, հայտնվեց կաճառած կաճառի եւ օլիգարխ ընտրյալների հաստատությունների տարածքներում. կարմիր, շատ կարմիր կակաչի իր ներկայությամբ նա օրեր շարունակ զարդարեց փողոցը: Զարդարեց ու թառամեց. դե, կակաչ էր, բայց մի կողմից էլ մարդ-կակաչ: Փետրվարի մեջ անսնունդ, անխնամ ո՞նց ծաղկի: Ու ցավալիորեն, շատ ցավալիորեն տառապում էր, քանզի հավաքական ուժի անհասկանալի ցավը կար նաեւ իր մեջ: Իսկ այդ հավաքականը քաղցած էր: Առաջինը նրան ասում էր` հեռացիր, դրա համար ես բոլոր պայմանները ստեղծել եմ: Երկրորդն ասում էր` բարի հաջողում, այդպես էլ հնարավոր է: Երրորդն ասում էր` բա որ 32 տարի ձգվի՞: Չորրորդն ասում էր` արա, թաքուն հաց կեր: Չէ, մի կեր, չէ, կեր: Հինգերորդն ասում էր` մեռավ Դավիթն էս մի զարկից:



 



- Ո՞ր զարկից,- հարցնում էր Ղարաբաղի կողմերից եկած ձայնը:



 



Համբերիր` ասում էր ձայնը, մերոնց կաշառք են խոստացել:



 



Իսկ դա կատարվել էր մի երկրում, որտեղ դարաշրջանը փոխվել է 1988 թվականից: Ու զարմանալիորեն այդ երկրում փետրվարյան մի օր ոչ կանխամտածված հայտնվեց 1988 ընտրատարածք` նույնքան բաց գույնի թափանցիկ քվեատուփերով: Այդ քվեատուփերում  իրենց անուն-ազգանունները մտնելու եւ այնտեղից թագավոր դուրս գալու պատրվակով առաջադրվել էին ութ հոգի, որոնց առաջադրման ամենակարեւոր պայմանը ութ միլիոն դրամի  գրավադրումն էր:



 



Այստեղ ութից մեկը` ամենախորամանկը, նախօրոք կատարել էր ճակատագրական քայլը: Հորեղբայրս  պատմել էր. «Կաչաղակին ոչ մի կերպ չէր կարողանում հեռացնել իր այգուց: Մի անգամ էլ նա կաչաղակի ձվերը հանեց եւ տակը հավի ձվեր դրեց: Կաչաղակը դրանք տաքացրեց, ու երբ այնտեղից հավի ճտեր դուրս եկան, կաչաղակը զարմանքից թե ցավից սատկեց»: Այդ ութի բախտը որոշող հանձնաժողովը, որը զարմանալի զուգադիպությամբ դարձյալ ութ հոգուց է բաղկացած, ժամանակներ առաջ արժանացել է հավի ձվերի բախտին եւ կաչաղակի ողբերգությանը:



 



Այս պատմության մասին գիտե միայն ութերորդը, բայց նրան ոչ ոք չի հավատում, առհասարակ ոչ մեկ ոչ մեկի չի հավատում: Ընդհանրապես, ով փորձում է ինչ-որ բանի հավատալ, ծիծաղում են վրան:



 



- Ապահո՞վ  ես,-հարցրեց Առաջինը Ութերորդին:



 



- Իհարկե ապահով եմ,- վստահ ասաց Ութերորդը` դալուկ աչքերով նայելով գլխավերեւի երեւանյան փետրվարյան երկնքին, որտեղից տաք անձրեւ էր իջնում հանդարտ, մեղմ ու գրեթե աննկատ...



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ