Քաղաքացին կերել է քվեաթերթիկը

Քաղաքացին կերել է քվեաթերթիկը










Քիչ առաջ յուրօրինակ դեպք է արձանագրվել Երևանի ընտրատեղամասերից մեկում.



Նոր-Նորքում գտնվող թիվ 2/08 ընտրատեղամասում քվեարկության եկած



քաղաքացի Ա. Մինասյանն ընտրական հանձնաժողովի անդամից ստանալով իր քվեաթերթիկը, ինչպես հարկն է, մտել է քվեախուց, որոշ ժամանակ այնտեղ



մնալուց հետո դուրս է եկել և ծրարով քվեաթերթիկը քվեատուփի մեջ



գցելու փոխարեն կանգնել է ընտրատեղամասի կենտրոնում



և «Ո՛չ հանցավոր ռեժիմին, ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին»



վանկարկելուց հետո կերել է իր քվեաթերթիկը, որի վրա գրված է եղել  «Ո՛չ կեղծընտրություններին»: Կնքված, բայց դատարկ ծրարը քաղաքացին նետել է քվեատուփի մեջ:



 



 





Ընտրական հանձնաժողովի նախագահը քաղաքացուն դուրս է հրավիրել ընտրատեղամասից, ինչից հետո



«Ազատ լրագրողների ցանց» նախագծի հեղինակ Ա. Մինասյանին են մոտեցել ընտրատեղամասը հսկող



ոստիկանները, հրավիրել առանձին սենյակ՝ միաժամանակ վերադասին հեռախոսով զեկուցելով միջադեպի մասին:



Քաղաքացին ոստիկաններից պահանջել է ներկայացնել իր ազատ տեղաշարժվելու սահմանադրական



իրավունքի սահմանափակման իրավական հիմքերը, ինչը ոստիկանները չեն կարողացել անել,



որից հետո Ա. Մինասյանը լքել է ընտրատեղամասը:





 



Քաղաքացու ազատ կամարտահայտման գործընթացի ժամանակ ընտրատեղամասում է



գտնվել Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը, մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:





 



Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ համ ուներ քվեաթերթիկը, քաղաքացին ասել է,



որ այն ունի նույնպիսի համ, ինչպիսին է հանցավոր ռեժիմի գործունեության հետևանքով



Հայաստանում ստեղծված դառը իրականությունը:



Իսկ հարցին, թե ինչպե՞ս է քաղաքացու օրգանիզմը մարսելու քվեաթերթիկը,



Ա. Մինասյանն ասել է. «Ինչպես օրգանիզմը չի մարսում թուղթը՝ ցելյուլոզը,



այնպես էլ հանցավոր ռեժիմը չի՛ մարսելու այս կեղծ ընտրությունները:



Ազատությո՜ւն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին...»:





 



«Ազատ լրագրողները» տեղեկացնում են, որ տեսանյութը կտրամադրեն ավելի ուշ: