Այս երկրից մենք գնալու տեղ չունենք եւ նեղանալու պատճառ էլ չունենք

Այս երկրից մենք գնալու տեղ չունենք եւ նեղանալու պատճառ էլ չունենք
Հարցազրույց «Առաքելություն» կուսակցության



քաղխորհրդի անդամ 



Մեսրոպ Առաքելյանի հետ







Մոտ մեկ տարի առաջ երկրում տիրող իրավիճակով մտահոգ մի խումբ համախոհ երիտասարդներ որոշեցին մասնակցել երկրի հասարակական, տնտեսական կյանքում ծավալվող իրադարձություններին եւ փորձել իրենց ուժերի սահմաններում ծավալել գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի: Պարբերական հանդիպումների արդյունքում ձեւավորվեց նախաձեռնող խումբ. դա անցյալ տարվա նոյեմբերին էր: Խմբի հիմնական նպատակներից մեկը կուսակցություն ստեղծելն էր: Այս տարվա փետրվարին տեղի ունեցավ կուսակցության համագումարը, որը բարձրագոչ անունով կնքվեց՝ «Առաքելություն», իսկ օրեր առաջ արդարադատության նախարարությունից նրանք գրանցման վկայական են ստացել եւ մտել քաղաքական կյանք: Կուսակցությունը չունի նախագահ, ղեկավարվում է քաղաքական խորհրդի կողմից, որը բաղկացած է 9 հոգուց:



 



- Ո՞րն է կուսակցություն ստեղծելու նպատակը, եւ ինչպե՞ս եք պատկերացնում ձեր գործունեությունը:



 



- Այսօրվա քաղաքական դաշտում չտեսնելով այն ուժը, որը կարող է մեր պատկերացրած Հայաստանը կառուցել, սկսեցինք մեր նախաձեռնությունը՝ ձեւավորելով կուսակցություն, որպեսզի ինքներս ստանձնենք մեր պատասխանատվությունը, մեր առաքելությունը: Պատրաստ ենք մասնակցել բոլոր տիպի ընտրություններին, այդ միջոցով ունենալ որոշակի մասնակցություն երկրի կառավարման գործում՝ իրականացնելով մեր ծրագրերը: Կուսակցությունը մեզ համար ոչ թե նպատակ է, այլ ընդամենը միջոց՝ քաղաքական դաշտում ունենալ մեր մասնակցությունը եւ մեր ծրագրերը տարածել հասարակության հնարավորինս լայն զանգվածի մեջ ու իրականացնել դրանք:



 



- Ինչո՞վ է տարբերվում ձեր կուսակցությունն այսօրվա քաղաքական դաշտում գործող բազում կուսակցություններից, եւ ի՞նչ եք առաջարկում դուք հասարակությանը:



 



- Արդեն երկար տարիներ հասարակությունը չի կարողանում գտնել այն քաղաքական ուժը, որն իր խնդիրներին կկարողանա լուծում տալ: Հիմնական քաղաքական ուժերը չորս-հինգ տարին մեկ՝ ընտրությունից ընտրություն, ներկայացնում են իրենց ծրագրերը եւ փորձում ընտրական պրոցեսների ընթացքում ստանալ հասարակության վստահությունը՝ խոստանալով իրականացնել փոփոխություններ: Ցավոք, տեսնում ենք, որ իշխանությունը չի իրականացնում տված խոստումները, իսկ ընդդիմությունը չի կարողանում իրավիճակը շտկել:



 



Մենք որոշել ենք դժգոհելու փոխարեն ստանձնել սեփական պատասխանատվություն եւ կատարել մեր առաքելությունը, այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի կարող է երկրում ստեղծված վիճակը շտկել: Պետք չէ միայն դժգոհել իշխանությունից եւ ընդդիմության անգործությունից, յուրաքանչյուրն իր առաքելության շրջանակներում պետք է լինի պահանջատեր:



 



Մենք փորձելու ենք ցանկացած քաղաքացու մատուցել այն գաղափարը, որ ինքն ունի առաքելություն եւ պարտավոր է դրա շրջանակներում իրականացնել երկրի իշխանությունը: Ազգի փրկիչների գաղափարը պետք է վերանա, երբ հասարակությունն իր փրկությունը կապում է մեկ անձի հետ: Մենք փորձում ենք մեր կուսակցության կառավարման օրինակով ցույց տալ, որ հնարավոր է ստեղծել համակարգային կառավարում՝ գաղափարի շուրջ համախմբվելով, եւ ոչ թե անձերի շուրջ: Մեր նպատակն է ստեղծել մի երկիր, որտեղ իշխանությունը պատկանում է քաղաքացուն, եւ քաղաքացին կապրի բարեկեցիկ ու անվտանգ:



 



- Իսկ կոնկրետ ծրագիր ունե՞ք քաղաքական, տնտեսական այս վիճակից դուրս գալու համար:



 



- Հիմնադիր համագումարում հաստատվել է կուսակցության ծրագիրը, որտեղ յուրաքանչյուր ոլորտի մասին ունենք եւ գնահատականեր, եւ առաջարկներ, թե ինչպես ենք պատկերացնում այդ ամենի լուծումը: Քաղաքական մասով մեր հիմնական ասելիքն այն է, որ պետք է գործադրվեն բոլոր ջանքերը, որպեսզի իրագործվի Սահմանադրության հոդվածը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին:



 



Մեր մյուս մոտեցումն է, որ խորհրդարանը ձեւավորվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով: Նաեւ այն, որ մեկ անձն իր կյանքի ընթացքում չի կարող երկու անգամից ավելի նախագահ ընտրվել: Սա միտված է երկրի ապագային, որպեսզի անընդհատ չպտտվենք նույն անձերի շուրջ, որ մեկ իշխանություն են, մեկ ընդդիմություն, ինչպես արդեն 25 տարի է, եւ ժողովուրդն ընտրություն է կատարում վատի ու ավելի վատի միջեւ:



 



Մենք ուզում ենք ունենալ մի երկիր, որտեղ լինեն համակարգային մոտեցումներ, եւ անձերից կախված չլինեն, այսինքն՝ պետական կառավարման համակարգն այնքան կայացած լինի, որ երկրի նախագահի եւ այլ պաշտոնյաների փոփոխությունն ունենա նվազագույն անդրադարձ:



 



- Իսկ տնտեսությունը ստվերից ու բեւեռվածությունից հանելու ի՞նչ միջոց եք տեսնում:



 



- Կարճաժամկետ՝ մեկ-երկու տարվա ընթացքում ձեռնարկել շոկային միջոցառումներ, որպեսզի տնտեսությունը կտրուկ փոփոխությունների ենթարկվի, որից հետո իրականացնել բարեփոխումներ երկարաժամկետ հատվածի համար: Նախ տեսնում ենք, որ ստվերի դեմն առնելու համար անհրաժեշտ է հայտարարել հարկային համաներում, երբ մեկ տարվա ընթացքում մարդիկ կհայտարարեն իրենց գույքը եւ եկամուտները՝ դրա դիմաց վճարելով 10-15 տոկոսի չափով հարկ, որից հետո այդ գույքը եւ եկամուտը կհամարվեն հայտարարագրված:



 



Բացի դրանից, լուրջ խնդիրներ կան նաեւ փոքր բիզնեսում, անհրաժեշտ է որոշակի հարկային արձակուրդների տրամադրում փոքր բիզնեսին, այսինքն՝ ստեղծվող փոքր բիզնեսին տրամադրվում է մեկ տարի հարկային արձակուրդ, որի ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից առաջացած հարկերից ազատվում է: Այս մեկ-երկու տարվա սահմանած մի քանի միջոցառումներից հետո մենք պատկերացնում ենք մի տնտեսություն, որի գերնպատակն է մրցակցության ապահովում, արտահանմանն ուղղված տնտեսություն, պետական աջակցություն տեղական արտադրողներին:



 



Շատ խոցելի է ու վտանգավոր, երբ կարճ ժամանակահատվածում տեղի են ունենում օրենսդրական բազմաթիվ փոփոխություններ, այդ անկայուն վիճակն առաջացնում է լուրջ խնդիրներ գործող ձեռնարկատերերի մոտ: Միայն 2012թ. ԱԺ-ի կողմից բիզնես միջավայրին վերաբերող 40-ից ավելի օրենսդրական փոփոխություն է իրականացվել: Ձեռնարկատերը չի հասցնում հասկանալ եւ կողմնորոշվել, թե ինչ անի:



 



- Ինչպե՞ս եք պատկերացնում այս համընդհանուր դժգոհությունից, ճգնաժամից դուրս գալու ելքը:



 



- Այսօրվա քաղաքական դաշտի գործունեության արդյունքում, ցավոք, կարճաժամկետ հատվածում մենք չենք տեսնում հնարավոր այնպիսի փոփոխություններ, որոնց հետեւանքով խնդիրները կունենան արագ եւ մեծածավալ լուծումներ: Մենք չենք խոստանում, թե մեկ ամիս հետո ապրելու ենք ուրիշ Հայաստանում, մեկ տարի հետո երկրում տեղի է ունենալու հեղափոխություն, կամ Նոր տարին դիմավորելու ենք առանց այս իշխանությունների, եւ նմանատիպ հայտարարություններ, որոնք իրենց հերթին նպաստել են ժողովրդի հիասթափության ավելացմանը: Մենք քայլ առ քայլ քաղաքացու մեջ արթնացնելու ենք պատասխանատվությունը. սա մեր երկիրն է, այս երկրից մենք գնալու տեղ չունենք եւ նեղանալու պատճառ էլ չունենք:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ