Հացադուլ, ինչի՞ համար…

Հացադուլ,  ինչի՞ համար…
Հացադուլ, ինչի՞ համար: Այսօր շատերին է այս հարցը հետաքրքրում, եւ ողջ սոցիալական ցանցը հեղեղված է այս մտայնությամբ: Մի կողմ թողնելով հացադուլի զգայական մասը, արձանագրենք հետեւյալը:



Րաֆֆի Հովհաննիսյանին չհաջողվեց հանրահավաքներին մեծ  թափ հաղորդել: Պատճառների մեջ չեմ խորանում, միայն մի շատ նկատելի բան. ընդդիմության միասնական դաշտ չստեղծվեց: Դա կդառնար Րաֆֆիի ոչ միատարր զանգվածի համախմբան գործոն: Կա նաեւ հետեւյալ խնդիրը՝ չէ որ ժամանակին այդ խնդիրն ուներ նաեւ Առաջին նախագահը, Րաֆֆին ինչու՞ ընդառաջ չգնաց… Սա մեխի, ես կասեի սուր մեխի պես ցցված է ՀԱԿ-ի ու Ժառանգության մեջ:  Հինգ տարի ժողովրդական շարժումը վառ պահող Լեւոն Տեր Պետրոսյանի ժամանակ համախմբման այդպիսի կոչեր չկային: Բոլորը մի կողմ էին քաշվել եւ Բարգավաճի հետ ՀԱԿ-ի համագործակցումը համարում էին դավաճանական քայլ: Ի՞նչը փոխվեց… Անհատնե՞րը… Այ ընդդիմության ամենամեծ սխալը դրա մեջ է: Խոշոր գլուխները մի կաթսայում չեն տեղավորվում: Չնայած քաղաքական դաշտում կարծիքներ հնչեցվեցին, որ ՀԱԿ-ի համագործակցությունը կարող է վնասել Ժառանգության առաջնորդին, բայց դա թվացյալ էր:



 



Կուժեղանար իշխանության ճնշումը, այդ ճնշման ուժից  կաճեր  ժողովրդական ընդվզման դիմադրությունը: Րաֆֆին քաղաքական համաձայնության դաշտ չկարողացավ ձեւավորել: ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ անտառ գնալը արդեն փորձել էր ՀԱԿ-ը եւ, կարծում եմ, ավելորդ անգամ պետք չէր Ժառանգությանը՝ համոզվելու դրանում... Ինչեւէ, քաղաքական դաշտում Րաֆֆին փաստորեն մենակ մնաց: ԲՀԿ-ն ընտրեց սեփական ուղին, ՀԱԿ-ը հրաժարվեց հանդիպումից, իսկ ՀՅԴ-ն պատճառաբանեց՝ ավագանու ընտրությունները: Հանրահավաքների աստիճանական նոսրացումը վկայում է, որ խարխլվում է նաեւ ՛՛ներքեւների՛՛ հավատը: Եթե Լեւոնը չի հանդիպում, ուրեմն մի բան գիտի, եթե դաշնակները ետ են քաշվում, ուրեմն… Րաֆֆուն այլ քայլ չէր մնում, քան հացադուլի նստել: Սա մի վերջին փորձ էր՝ միավորելու ընդդիմության դաշտը, չկորցնելու զանգվածը,  երերուն շարքերը ամրապնդելու համար: Դա  քայլ է, որն ակնկալում է ուժի մեծացում: Միաժամանակ շատ հետաքրքիր ժեստ է. մի կողմ է քաշվում, հասկացնելով, որ ժողովուրդ, պայքարը ձերն է, ժողովուրդ, ակտիվացեք: Դա նաեւ ժեստ է, որ պայքարը Րաֆֆիինը չէ, օգտագործեք ինձ՝ համակարգային փոփոխությունների գնալու համար…



 



Րաֆֆին փորձում է ակտիվացնել ժողովրդին, միաժամանակ կամենում է համոզել, որ հետընտրական իր պայքարը քաղաքական առեւտրի շրջանակներում չէ… Այս ֆոնի վրա կարող է ինչ որ չափով մթագնել ԲՀԿ-ի՝  ավագանու ընտրությունների մասնակցության ձեւաչափը: Եթե այս փորձով Րաֆֆին կարողանա ակտիվացնել ժողովրդին,  քաղաքացիական նախաձեռնությամբ թափ հաղորդել հանրահավաքներին, կարծում եմ, նախագահ Սերժ Սարգսյանը հանրությանը բան կունենա ասելու… 



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ