ԲՀԿ-ի մաքսիմում եւ մինիմում ծրագրերը

ԲՀԿ-ի մաքսիմում եւ մինիմում ծրագրերը
Երեւանի ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակն արդեն պատրաստ է. Վարդան Օսկանյանին հաջորդում է Գուրգեն Արսենյանը, վերջինիս` ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը: Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին, որի անունը շոշափվում էր երրորդ տեղի առնչությամբ, ապա նա ոչ առաջին եռյակում եւ ոչ էլ տասնյակում չի լինելու:  Ըստ մեր աղբյուրների` ԲՀԿ շտաբը ղեկավարելու է երրորդ հորիզոնականն զբաղեցնող Աբրահամ Մանուկյանը, որն ի դեպ, փոխնախարարի պաշտոնից ազատվել էր որոշակի մեքենայությունների հետ կապված կասկածների հողի վրա, ինչն այդպես էլ չբարձրաձայնվեց ու իրավական տեսք չստացավ: Նրա որդին այժմ զբաղեցնում է Աշխատանքի տեսչության պետի պաշտոնը: Ավագանու ընտրությունների առնչությամբ ԲՀԿ-ն ունի մաքսիմում եւ մինիմում ծրագիր. մաքսիմում ծրագրով` հաղթել ընտրություններում, մեծամասնություն կազմել, քաղաքապետ ունենալ. այս տարբերակի դեպքում ենթադրվում է, որ քաղաքապետ է դառնալու Գուրգեն Արսենյանը, որովհետեւ Վարդան Օսկանյանն ընդամենը ցուցակը ղեկավարելու համար է առաջին հորիզոնականը զբաղեցրել: Եթե ԲՀԿ-ն չկարողանա մեծամասնություն ձեւավորել, ապա մինիմում ծրագրով կփորձի քաղաքապետի առաջին տեղակալ դարձնել նույն Աբրահամ Մանուկյանին, որը, ըստ ԲՀԿ մեր աղբյուրի, սիրով վայր կդնի պատգամավորական իր մանդատը եւ փոխքաղաքապետ կաշխատի: Թե ովքեր են լինելու հաջորդիվ, ԲՀԿ-ում պաշտոնապես լռում են: Մեր աղբյուրներն ասում են՝ ոչ մի հայտնի անուն: Հանձնարարվել է տարածքային կառույցների ղեկավարներին՝ ցուցակներ ներկայացնել: «Ամեն համայնք քվոտա ունի»,- բացատրեց մեր զրուցակիցը: Արդեն 2 օր է՝ ԲՀԿ-ում ցուցակներ տանել-բերելու վազքի մեջ են: Մի սկզբունք էլ է հստակեցվել՝ ընտրություններից հետո ով ինչպես է աշխատել, որքան ձայն ապահովել, ըստ դրա էլ կանցնի համապատասխան աշխատանքի քաղաքապետարանում կամ վարչական համայնքներում: