Տատս կասե՜ր

Տատս կասե՜ր
Հանրապետության չընտրված, չնախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսը դարձել է «Ֆեյսբուքի» ամենաթեժ քննարկվող թեման:



 



Ու ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ նրա փակ ասուլիսները, այդ ասուլիսներում հնչեցված տարօրինակ արտահայտությունները լուրջ չեն ընդունվում ֆեյսբուքյան մտածող հասարակության շրջանակներում, շատ արագ դառնում անեկդոտ եւ թեւավոր խոսք: Երեկ «Ֆեյսբուքը» ողողված էր տատիկի թեմայով: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը գրում է. «Մինչդեռ հայոց էպոսագիտությունը հարստացավ եւս մեկ կերպարով` Սերժի տատով, նրա «կրակոտ» թոռնիկը վաղաժամ ծերության նշաններ ախտորոշեց: Այսպես, թոռնիկը ցուցաբերեց տեսողության լուրջ խնդիրներ, հաշվելով հրապարակում մարդկանց քանակը, որն իր հաշվարկով չի անցնում երեք հազարից: Ճիշտ է, թոռնիկը բանասեր է եւ թվաբանության հարցերում վստահում է պպ. Հ. Աբրահամյանին ու Տ. Մուկուչյանին, ովքեր տատիկի հեքիաթներից վերցրած թվեր են «խփում»: Բայց եթե թոռնիկը Բաղրամյան փողոցի իր փակուղուց չի տեսնում ու չի լսում Գյումրին ու Կապանը, Էջմիածինն ու Վանաձորը, ապա սա արդեն տեսողության ու լսողության խնդիրներ չեն: Դա այլեւս խղճի ու հոգու խնդիր էլ չէ: Այդ հիվանդությունը շատակերախտ է կոչվում, դրանով տառապում են նախ ագահ ու շատակեր նախագահները, եւ սուր վիճակում դա բերում է չաուշեսկուազացմանն ու մուբարակիզմի: Հատկապես «սինաուգուրացիայի» շրջանում: Առողջապահության նախարարությունը չի համարձակվում զգուշացնել, բայց տատիկը պետք է որ թոռնիկին ասեր` կեղծելը վնաս է առողջությանը»:



 



Գուրգեն Ասատրյան. «Երբ Սերժի տատիկը դարձավ քաղաքական կատեգորիա»:



 



Աշխեն Քեշիշյան. «Իմ տատը Սերժի համար ասում էր. «Ամա՛ն, ինչ ալ չիրքին է (գեշ)... ասի հեչ նախագահի սֆաթ (դեմք) չունի... մեղա՜ քա՜»:



 



Գայանե Առուստամյան. «Տատ կա, աշխարհն է շալակած տանում, տատ կա, ելել է շալակն աշխարհի»:



 



Արգիշտի Կիվիրյան. «Սերոժ ջան, բա տատիդ չէ՞ր ասում, որ լռությունը ոսկի ա...»: