Էականը նամակագրության ներքին կողմն է

Էականը նամակագրության ներքին կողմն է
Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի նամակագրությունը մեզ անցյալն է տանում, երբ փոխանակման հիմնական միջոցը նամակն էր: Գուցե վերականգնվեն նաեւ հին ու երանելի ավանդույթները, ասենք՝ Օպերայից ճերմակ աղավնու տոտիկին կամ վզիկին կապել նամակը եւ ուղարկել Բաղրամյան 26:



 



Նամակագրության արտաքին կողմը, որը սոցիալական ցանցերում քննարկումների թիրախ է դարձել, կարծում եմ, հենց դրա համար էլ արվում է: Հանրության ողջ ուշադրությունը սեւեռվել է «Նամակ, նամակ, նամակ էլ կստանաս, խաբար, խաբար, խաբար էլ կստանաս քո յարից» զուտ արտաքին դրսեւորման կոմիկական կողմի վրա, մոռացության մատնելով, որ Սերժ Սարգսյանը ռոմանտիկական հովերով աչքի չի ընկնում եւ պարզապես խաղի մեջ է դրել Րաֆֆի Հովհաննիսյանին: Ոչինչ, որ այս փուլում երկուսի անունն էլ հավասարապես շոշափվում է, կգա ժամանակը, եւ գործող նախագահը ցույց կտա, որ նամակն էլ քաղաքական զենք է, որի կիրառությանը նույնպես պետք է տիրապետել…



 



Ուշադրություն դարձնենք, նամակագրությունը մի տեսակ մեղմում է հանրության «գաղջ մթնոլորտը», եւ մարդիկ հումորով են վերաբերվում դրան, որովհետեւ քաղաքականության մեջ նամակագրությունը զգացմունքային դաշտից է: Բայց Սերժ Սարգսյանը նամակագրության մեջ ընդգծում է այն սահմանները, մինչեւ որտեղ կարող է մուտք գործել Րաֆֆին: Միաժամանակ գործող նախագահը նամակագրությամբ շարունակում է գայթակղել Րաֆֆուն, տանելով նրան աշխարհիկ կյանքի ամենակուլ խորխորատները… Րաֆֆին ոնց որ թե տեղի է տալիս, եւ նրա «տրվելը» կլինի հակառակ կողմից՝ վերջակետ: Վերջ խոստովանությունների… վերջ ծիսական արարողությունների… Իսկ այդ վերջը քաղաքապետի ընտրությունն է… Դրանից հետո նախագահը կարող է Րաֆֆուն ասել՝ քեզ չեմ էլ ճանաչում… Գնա ու ընդդիմությունդ ղեկավարիր:



 



Նամակագրությունը բխում է գործող նախագահի շահերից, նա ցանկանում է միաժամանակ որպես ընդդիմություն ուժեղացնել Րաֆֆուն, հենարան տալ նրան: Բայց, ամենայն հավանականությամբ, Րաֆֆու ոտնատակի հենարանը կմնա սեփական կուսակցությունը, որովհետեւ Սերժ Սարգսյանի տված չիր ու չամիչն այնքան չի լինի, որ Րաֆֆին կարողանա բաժանել բոլոր հերթի կանգնածներին… Նման ենթադրության հիմքը Սերժ Սարգսյանի նամակի ոչ կոնկրետ ու ոչ շոշափելի զիջումներն են… Պայմանները Սերժ Սարգսյանի կողմից պետք է շոշափելի դառնա մինչեւ Րաֆֆու հացադուլից դուրս գալը, այլապես նա կմնա Սերժ Սարգսյանի ողորմության հույսին. արժե՞ր ոչ էական մի քանի պորտֆելների համար այս թատրոնը սարքել… Սերժ Սարգսյանի պատասխան նամակը հուշում է, որ ինքը Րաֆֆու ձեռքերով պատրաստ է ազատվել իր համար մի քանի «անցանկալի» պաշտոնյաներից… Կարծում եմ՝ այս պայմանավորվածությունը եղել է նամակագրությունից առաջ, ու Րաֆֆու թատրոնը պարզապես հանդիսատես հավաքելու համար է…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ