Աստված մի արասցե, կգա Նաիրի Հունանյանը

Աստված մի արասցե, կգա Նաիրի Հունանյանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը համոզված է, որ այսօր Հայաստանում գաղջ մթնոլորտ չկա, այն վերացվեց փետրվարի 18-ի ընտրություններով: «Վեհանձնաբար հնարավորություն ենք տալիս բոլոր նրանց, ովքեր ուզում են պայքարել գաղջ մթնոլորտի դեմ, միանալ մեզ, եւ միասին կարողանանք պետությունը փրկել գաղջ մթնոլորտից»,- նշեց Հակոբյանը Ազատություն հրապարակում, քաղաքացիական բաց խորհրդի ժամանակ, որի քննարկման թեման նոր Հայաստանն էր իր ներկայով եւ ապագայով:



 



Իսկ նոր Հայաստանը, ըստ նրա, պետք է սկսվի այս կետից. «Նկատի ունենալով մեր անկախության այս չորրորդ հանրապետության քաղաքական հետագիծը»: Նա նաեւ նշեց, որ եթե ուզում ենք կառուցել մեզ արժանի Հայաստան, ուրեմն պետք է հնարավորություն տանք քաղաքացուն՝ ինքը ձեւավորի իր իշխանությունը: «Եթե մենք այսօր այս օրին ենք, պատճառն այն է, որ երբեք հնարավորություն չտրվեց մեր ժողովրդին, որ ինքն իր արժեքային համակարգով ձեւավորի իր իշխանությունը,- ասաց Հակոբյանը՝ հավելելով:- Ժողովուրդն իրենն արել է, մենք պետք է մերն անենք՝ տեր կանգնենք այդ ձայնին»: Ի վերջո, Հակոբյանի ընկալած նոր Հայաստանը նախ պետք է սկսվի «ժողովրդի քվեով իշխանություն ձեւավորելով: Մենք գնում ենք նոր Հայաստան կառուցելու»:



 



Իսկ հաջորդ բանախոսի՝ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի համոզմամբ, ապագա Հայաստանն այսօր ենք կերտում, եւ այս մեկ ամսվա ընթացքում ինչ որ կատարվում է, գուցե դրանից է կախված լինելու, թե ինչ հետագա ընթացք կունենան գործընթացները. «Այո, մենք հիմա ճակատագրական շրջան ենք ապրում եւ պիտի գործենք շատ ճիշտ ձեւով»: Զոլյանը գտնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գործում է ամենաճշգրիտ ձեւով. «Մի պահ ենթադրենք, որ այդ օրերին ժողովրդի ճնշման տակ բացվեցին Բաղրամյան 26-ի դռները, եւ պարոն Հովհաննիսյանը նստեց այդ կաբինետում. ինչի՞ տերը կլիներ: Դա կլիներ ընդամենը մեկ կաբինետ, այլ ոչ թե իշխանություն»:



 



Նա կարծում է, որ ամեն ինչ փուլերով պետք է լինի. «Անհրաժեշտ է նոր խորհրդարանական ընտրություններ, ուստի մենք պետք է ապահովենք նորմալ խորհրդարան, որն արտահայտի ժողովրդի կամքը եւ այդ առումով ձեւավորի կառավարություն, որը կարողանա հետագա ծրագրեր իրականացնել՝ ժողովրդի մասին մտածելով»: Զոլյանը կարծում է, որ ապրիլի 9-ին շատ կարեւոր է ոչ այնքան քանակը, որքան որակը, որ դա ինքնակազմակերպման ձեւերից մեկն է, եւ շատ տարբեր եղանակներ կարող են լինել, որոնք այսօր ստեղծվում են. «Ինձ այս վիճակը հիշեցնում է 88 թիվը, երբ այն ժամանակ ասում էինք՝ Ղարաբաղը մերն է, բայց թուրքերի ձեռն է»: Բանախոսը փառք տվեց Աստծուն, որ այսօր մեզ հետ Րաֆֆին է: «Թող իմանան իշխանությունները, որ եթե նրանք կարծում են, որ չեզոքացնելով Րաֆֆուն կամ ճնշելով այս շարժումը՝ ի վիճակի են հասնել ինչ-որ այլ արդյունքների, սխալվում են: Աստված մի արասցե, կգա Նաիրի Հունանյանը, որովհետեւ, եթե ճնշվի սահմանադրական շարժումը, ապա պայքարի բոլորովին այլ եղանակներ ի հայտ կգան, որոնց մենք դեմ ենք եւ, իհարկե, մենք դա չենք ուզենա»,- ասաց Սուրեն Զոլյանը:



 



Նախկին ռեկտորն անդրադարձավ նաեւ Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի շենքի վաճառքին, ընդգծեց, որ ինքը տեղյակ է այդ գործընթացից, որ մեկ անգամ վաճառել են, բայց գնորդը դրսից էր եւ իմանալով, որ համալսարանը վերանում է, հրաժարվեց: «Բայց հիմա գտել են տեղացի գնորդ եւ փորձում են վաճառել: Գիտեմ, թե ով է, բայց չեմ ուզում անունն ասել: Ինձ աշխատանքից ազատելու պատճառը, հիմա եմ հասկանում, հենց այդ վաճառքն իրականացնելու համար էր»,- մեկնաբանեց Զոլյանը:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ