Այդ փողը կբուժի՞, թե՞ կսպանի Հայրիկյանին

Այդ փողը կբուժի՞,  թե՞ կսպանի Հայրիկյանին
Իսկական սերիալ: Պարույրիկը խաղալուց թեւիկը ցավացրել  ու դիմել է կառավարություն ձյաձյային. «Ձյաձյա ջան, ա՜խ, վա՜խ, թեւիկս ցավում է: Չեմ կարողանում քեզ նամակ գրել, հո Րաֆֆիի թաթիկով չե՞մ գրի…»:



 



Ձյաձ Տիգրանը, ով սրտից շատ թույլ է, հուզվում է. «Մատաղ ուսիկիդ ու թեւիկիդ, քանի՞ միլիոն է պետք, ժողովրդից առնեմ ու քեզ տամ»: Հետո, առանց երկար-բարակ մտածելու, ժողովրդի գրպանից վերցնում ու 20 միլիոն 500 հազար դրամ է տալիս  Պարույրիկին՝ թեւիկի բուժման համար… Հասկանում ենք՝ պետությունն է երաշխավոր նախագահի թեկնածուի կյանքի անվտանգության համար, բայց այդ պետությունն այնքան բաներ է լռությամբ անում, որ ոչ մեկը չի իմանում… Անեիք, ինչպես շատ բաներ, պարտադի՞ր էր, որ զանգ կախեիք… Սոցիալական պայթյունավտանգ վիճակում մի՞թե կարելի էր աղմուկ-աղաղակով Հայրիկյանին տրամադրել այդ գումարը… Նման քայլ ձեռնարկելուց առաջ գոնե մի պահ նայեիք ժողովրդի ունքամեջին… Մեր առատաձեռն կառավարությանը կխնդրեի, որ մտներ «Ֆեյսբուք» ու տեսներ, թե ինչքան թանկ է նստում Հայրիկյանի վրա այդ 20, 5 միլիոն դրամը… Հայրիկյանին օգնելու տեղ, դրել եք հոգեբանական հալածանքի թիրախի տակ… Ու ես չեմ պատկերացնում՝ այդ տրամադրած փողը կօգնի՞, թե՞ կվնասի Հայրիկյանին…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ