Բարոյական հաղթանակի խաբված ակնկալիքով

Բարոյական հաղթանակի խաբված ակնկալիքով
ԱԺ-ն երեկ սկսեց քննարկել «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագիծը:



 



Կոնգրեսի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, որպես հիմնական զեկուցող, ներկայացնելով այդ նախագիծը, ընդգծեց, որ հարցն ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկելիս փորձել է ներկայացնել միայն բովանդակային, իրավական եւ փաստական տեսանկյունից: Նա խորհուրդ տվեց իր եւ ընդդիմադիր, եւ իշխանական գործընկերներին պահպանել այս պայմանավորվածությունը, որովհետեւ «ցավոտ հարցի» հետ գործ ունեն ու պետք է այնպես անեն, որ չվնասեն հարցի բովանդակային քննարկումը: Ջհանգիրյանը նախ ներկայացրեց ԱԺ-ում նման հանձնաժողով ստեղծելու հիմնավորումները:



«Մարտի 1-2-ին կատարված սպանություններից, հասցված հարյուրավոր մարմնական վնասվածքներից անցել է 5 տարի, այդ հանցագործություններից ոչ մեկը բացահայտված չէ: Դատի են տրվել 83-ից ավելի քաղաքացիներ, բայց այդ անձինք չեն մեղադրվել ու չեն դատապարտվել ոչ սպանությունների, ոչ մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Կատարված հանցագործությունների մեծամասնությունը բացահայտված չէ: Հասկանալի է, որ իրավապահ մարմինների բազմաթիվ աշխատակիցների, զինծառայողների աչքի առաջ օպերատիվ մարմինների հսկողության տակ կատարված տասնյակ սպանությունները հնարավոր չէ չբացահայտել,- հայտարարեց Ջհանգիրյանը՝ շարունակելով:- Սրանից կարելի է հետեւություն անել, որ մարտի մեկի իրադարձությունների հետ կապված ոչինչ էլ բացահայտված չէ, ու հարյուրավոր հանցագործներ ազատության մեջ են, մինչդեռ այդ հանցագործություններն ուղղակի հնարավոր չէր չբացահայտել՝ առկա ակնհայտ փաստերի առկայության պարագայում: Դրա պատճառն այն է, որ ակտիվ, նախաձեռնողական քննություն չի իրականացվել»: Ջհանգիրյանը  հայտարարեց նաեւ, որ 2008թ. մարտի մեկին գործել են զինված այլ կառույցներ, քանի որ զոհերից երեքի մարմնում գտնված հրազենային պարկուճները չէին համապատասխանում այդ օրը իրավապահների գործածած հրազենի հետ:



 



Մարտի 1-ի խորհրդարանական առաջին՝  նիկոյանական ժամանակավոր հանձնաժողովը, դեկլարատիվ եզրակացություններից եւ «խոզի ծնոտի» մասին անհեթեթ մեկնաբանություններից բացի, որեւէ այլ բանով չհիշվեց հանրության եւ պատմության համար: Ի՞նչ է տալու նոր հանձնաժողովը եւ ինչո՞վ է տարբերվելու նախկինից: Ջհանգիրյանն ասաց, որ այն ավելի շատ գնահատելու է ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ Գլխավոր դատախազության կայացրած որոշումների օրինականությունն ու հիմնավորումը: Լիազորությունների մասով հանձնաժողովը կարող է ծանոթանալ քրեական գործի հանգամանքներին, հրավիրել պետական պաշտոնյաների, կալանավայրերում այցելել Մարտի 1-ի գործով դատապարտված անձանց: Սակայն նախաքննական մարմնի լիազորություններ չունի, ուստի հրավիրվողների գալը, հարցերին պատասխանելը կախված է նրանց բարի կամքից:



 



«Մենք բերման ենթարկելու որոշում չունենք: Եթե որեւէ պաշտոնատար անձ չպատասխանի մեր հանձնաժողովի որեւէ անդամի որեւէ հարցի, այդ դեպքում եւս չենք կարող սպառնալ ցուցմունք տալուց հրաժարվելու հոդվածով եւ այլն: Այստեղ ենթադրվում է, որ նրանց բարի կամքը պետք է լինի, որպեսզի պատասխանեն մեր հարցերին»:



 



ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանին «առանց քաղաքական ենթատեքստի» հետաքրքրում էր, թե ինչու մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող նախորդ հանձնաժողովի կազմում ՀԱԿ-ը չընդգրկվեց, իսկ հիմա ինքն է նախաձեռնությամբ հանդես գալիս:  «Պատճառն այն է, որ Կոնգրեսին առաջարկել էին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին»,- պատասխանեց ՀԱԿ անդամը, բացի այդ, ըստ Ջհանգիրյանի, հանձնաժողովի կազմը բալանսավորված չէր:



 



Չնայած Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում քաղաքական համաձայնություն էր ձեռք բերվել նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, սակայն խորհրդարանի երեկվա նիստում հարցը քննադատության ենթարկվեց մի շարք ՀՀԿ-ական պատգամավորների կողմից: «Այս հարցում գործ ունի անելու միայն մեր իրավապահ համակարգը»,- ասաց ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը:  «Մենք կարող ենք հարցին բարոյական լուծում տալ, բայց արդյո՞ք այդ տասը զոհերի հարազատները մեզնից հերթական բարոյական լուծումն են ուզում: Երբեք»:



 



Հանրապետականներին առավել շատ հուզում էր Մարտի 1-ի քաղաքականացումը: Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ կուսակցությունը կողմ է հանձնաժողով ստեղծելուն, բայց այն պետք է ոչ թե քաղաքական մոտիվով գործի, այլ հասկանա այն պատասխանատվությունը, որ դրված է իր ուսին:



 



Մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտման համար գործիքների բացակայությունն էր նաեւ գլխավոր պատճառներից:



 



«Հույսի նոր լույս ենք ուզում ճառագել` չգիտենալով ինչ միջոցներով»,- հեգնեց ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը:



 



Գուցե հնարավոր չէ գործն ամբողջությամբ բացահայտել, բայց «նուրբ հարցերին չդիպչելու» ՀՀԿ-ի դիրքորոշումն էլ Ջհանգիրյանը չհասկացավ. «Ես չեմ ասում` մենք դրանք բացահայտելու ենք: Բայց ես վստահ եմ, որ եթե այնտեղ բարեխիղճ, օբյեկտիվ եւ հանդուրժողական մթնոլորտ ձեւավորվի աշխատանքի, մենք որոշակի առաջարկություններ անպայման այդ եզրակացության մեջ կներկայացնենք: Հավատացեք, այդպիսի լիազորություն այս հանձնաժողովը մեզ տալիս է»:



 



ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ եթե հանձնաժողովի ստեղծումը տապալվի, դա անհանդուրժողականության դրսեւորում կլինի խորհրդարանում իշխող ուժի կողմից:



 



«Եթե Ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է, արտահայտում է հասարակության կամքն ու վճռականությունը, դա նույնն է, որ ասեք` հասարակություն, մի խոսեք այդ թեմայով ընդհանրապես, որեւէ մեկդ չփորձի բարձրաձայնել Մարտի 1-ի դեպքերի մասին ընդհանրապես: Սա աբսուրդ հիմնավորում է»,- ասաց Մինասյանը:



 



Նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը կողմ են խորհրդարանի ոչ իշխանական 4 խմբակցությունները` ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն եւ «Բարգավաճ Հայաստանը»: Մինչդեռ երեկվա քննարկումից երեւում էր, որ իշխող ուժը կարող է դեմ քվեարկել նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, եւ նախնական համաձայնությունն ընդամենը դիվիդենտներ շահելու նպատակ էր հետապնդում նախագահական ընտրություններից առաջ: Քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայի ընթացքում: