Եվրոպա՞, թե՞ Եվրասիա. Փոխլրացման առավելությունները

Եվրոպա՞, թե՞ Եվրասիա. Փոխլրացման առավելությունները
Վերջին շրջանում հասարակական եւ քաղաքական շրջանակների քննարկման առանցքային թեմաներից մեկը ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության հարցն է: Եվրոպական ինտեգրացիան Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում է եղել 1990-ականների կեսերից, միեւնույն ժամանակ Հայաստանը զարգացրել է կայուն ռազմաքաղաքական հարաբերությունները ՌԴ-ի հետ:



 



Հայաստանի իշխանությունը հայ-ռուսական հարաբերություններին մշտապես մոտեցել է ռազմավարական տրամաբանությամբ՝ հաշվարկելով, որ հարավկովկասյան տարածաշրջանում դեռեւս երկար ժամանակ ՀՀ եւ ՌԴ ռազմավարական շահերը համընկնելու են:



 



Պետք է նշել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հարավկովկասյան երեք հանրապետություններից միայն ՀՀ արտաքին քաղաքականությունն է աչքի ընկել արդյունավետությամբ: Ադրբեջանը 1990-ականների սկզբներին նվազագույնի հասցրեց ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ որդեգրելով Թուրքիայի հետ մերձենալու քաղաքականությունը: Արդյունքը եղավ Աբուլֆազ Էլչիբեյի վարչակարգի տապալումն ու 1993թ.-ին Հեյդար Ալիեւի վերադարձը, ով կարողացավ որոշակիորեն հավասարակշռել Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը՝ այնուամենայնիվ գերապատվություն տալով Արեւմուտքի հետ «նավթադոլարային» հարաբերությունների հաստատմանը: Վրաստանը եւս գնաց ՌԴ-ի հետ աստիճանաբար հարաբերությունները խզելու, այնուհետեւ պատերազմի ճանապարհով: Արդյունքում Վրաստանը վերջնականապես կորցրեց ոչ միայն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նկատմամբ վերահսկողությունը, այլեւ ռուսաստանյան շուկան եւ ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորությունը:



 



Տարածաշրջանում միայն Հայաստանն է վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ առաջնորդվելով համագործակցության եւ շահերի համադրության սկզբունքով: Ի դեպ, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համագործակցության եւ շահերի համադրման սկզբունքի հիմքում ի սկզբանե դրված են եղել պարզ եւ արդար մոտեցումները: Առաջին հայացքից սա կարող է միամտություն թվալ, սակայն ժամանակն ապացուցել է, որ բազմասլաք արտաքին քաղաքականություն իրականացնելը, հավասարակշություն ապահովելն ու բազմաբովանդակ համագործակցությունը ոչ միայն չի սպառել իրեն, այլեւ մեծ պոտենցիալ ունի: Պետք է նշել, որ փոխլրացման ռազմավարությունը ներառում է ոչ միայն քաղաքական, աշխարհաքաղաքական եւ ռազմական հարաբերություններ, այլեւ տնտեսական եւ հումանիտար բաղադրիչներ: Հետխորհրդային շրջանում Հայաստանը զրոյական կետից է սկսել քաղաքական, տնտեսական եւ հումանիտար հարաբերությունների կառուցումն Արեւմուտքի հետ՝ միեւնույն ժամանակ զարգացնելով ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները:



 



Հայաստանի միջազգային հեղինակությունն ու կշիռը, վստահելիության եւ կանխատեսելիության աստիճանը բարձրացավ հատկապես 2008թ.-ից հետո, երբ Հայաստանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության պատասխանատուները նկատելի քայլեր ձեռնարկեցին եվրաինտեգրման, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության եւ ՌԴ-ի հետ միջպետական եւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հարցերում:



 



Սա բխում է դեռեւս 2007թ. հունվարի 26-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի կողմից հաստատված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունից, որտեղ նշված է՝ «Հայաստանը միջազգային ասպարեզում հարաբերությունները կառուցում է գործընկերության հիմքի վրա՝ արդյունավետ հարաբերություններ զարգացնելով տարածաշրջանում գործող շահագրգիռ բոլոր ուժերի հետ միաժամանակ: Այն ուղղված է տարածաշրջանում հավասարակշռության պահպանմանը»: Ուշագրավ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մոդելի ընդունման քննարկումներ են սկսված հարեւան Վրաստանում, որտեղ «դե ֆակտո» իշխանության եկած Բիձինա Իվանիշվիլին մտորում է հայկական փոխլրացման քաղաքականության որոշակի տարրեր Վրաստանի արտաքին քաղաքականության մոդելում ներդնելու մասին:



 



Ուշագրավ է նաեւ, որ սառը պատերազմի ավարտից հետո «բազեներն եւ տաք գլուխները» պահպանվել են ոչ միայն Մոսկվայում եւ Վաշինգտոնում, այլեւ նախկին սոցիալիստական ճամբարի երկրներում, որոնք չեն ցանկանում հասկանալ, որ արտաքին քաղաքականության «բլոկային մոդելը» վաղուց սպառել է իրեն: Բնականաբար, միջազգային հարաբերություններում առկա է մրցակցություն, որը ժամանակ առ ժամանակ վերածվում է նաեւ հակադրման, սակայն ոչ առճակատման: Սառը պատերազմի ավարտից հետո շահեցին այն երկրները, որոնց իշխանությունները, հրաժարվելով «բլոկային» մոդելից, որդեգրեցին փոխլրացման, տարատեսակ հնարավորություններից եւ հարթակներից օգտվելու հնարավորություն ընձեռող փոխլրացման քաղաքականության սկզբունքները:



 



Թերեւս սա էր պատճառը, որ, ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանը քաղաքականություն է կառուցել ոչ թե Մոսկվայի, Բրյուսելի եւ Վաշինգտոնի հակասությունների վրա խաղ կառուցելով, այլ ճիշտ հակառակը՝ հաշվի են առնվել աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը, եւ կիրառվել է համադրման մեթոդը: Նույն պատճառով է, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է կարողացել ապահովել արդյունավետ համագործակցություն տրանսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի հետ՝ միեւնույն ժամանակ գտնվելով ՀԱՊԿ կազմում: Սա շահեկան եւ հարաբերական առավելություն է ստեղծում հարեւանների նկատմամբ, քանզի ոչ Ադրբեջանը եւ ոչ էլ Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, որեւէ անվտանգության համակարգում չեն գտնվում, միեւնույն ժամանակ չունեն շատ ավելի շահեկան հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, քան Հայաստանը:



 



Ինչեւէ, վերջին շրջանում հայկական մամուլն ու որոշ հասարակական-քաղաքական շրջանակներ եւս աչքի են ընկնում «բլոկային» տրամաբանությամբ՝ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը հակադրելով եվրասիական ինտեգրման գործընթացին: Մինչդեռ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները բազմիցս անդրադարձել են այդ հարցին՝ նշելով, որ Հայաստանը կանգնած չէ ընտրության առջեւ, եւ ՀՀ եվրոպական ու եվրասիական ինտեգրացիոն գործընթացները լուրջ հեռանկարներ են ստեղծում Հայաստանի համար: Որոշ շրջանակներ շահագրգռված են հակադրել Հայաստանի եվրոպական եւ եվրասիական ինտեգրացիոն գործընթացները, մինչդեռ Հայաստանի մասով այս գործընթացները ոչ միայն չեն առճակատվում, ոչ միայն երկընտրանքի խնդիր չեն հարուցում, այլեւ փոխլրացնում են միմյանց՝  Հայաստանի համար ստեղծելով շահեկան պայմաններ եւ հավելյալ հնարավորություններ: Տրամաբանությունից դուրս է այն կարծիքը, թե դեպի Եվրոպա ընթացող Հայաստանը եւ ոչ մի ձեւաչափով չպետք է մասնակցի եվրասիական ինտեգրացիային:



 



Պետք է հաշվի նստել իրողությունների հետ եւ ըմբռնել, որ եվրասիական ինտեգրացիան Հայաստանին հավելյալ հնարավորություններ է ընձեռում, եւ պետք չէ սահմանափակվել միայն  տնտեսական զգալի բարդություններ ունեցող ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելով: Պարզ է նաեւ, որ այս խնդիրները պետք է քննարկվեն ՀՀ ազգային անվտանգության ապահովման համատեքստում, առանց քաղաքական շահարկումների, քանզի արտաքին քաղաքականության բնագավառում հուզականությունը, անհիմն քմահաճություններն ու ճաշակային մոտեցումները չեն կարող արդյունավետ համարվել:



 



Ալբերտ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ