ԼՂ-ի անկախությունը ճանաչելը դավաճանություն չէ, այլ խելամիտ քայլ. Կարապետ Կալենչյան

ԼՂ-ի անկախությունը ճանաչելը դավաճանություն չէ, այլ խելամիտ քայլ. Կարապետ Կալենչյան
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանը «Քաղաքական դոգմատիզմը եւ Արցախի անվտանգությունը.սխալ տեղում են դավաճանություն փնտրում» հոդվածում /armtoday.info/ սպառիչ կերպով ներկայացնում է Արցախի շուրջ միջազգային իրավիճակը եւ առաջարկում է նոր լուծում:



 



Մեջբերենք հոդվածից մի հատված.



 



 



Այս պահին մենք ունենք հետեւյալը.



 



ա/Ողջ աշխարհը ճանաչում է Արցախը իբրեւ Ադրբեջանի տարածք:



 



բ/Եթե այդպես է, ապա Ադրբեջանը համարում է, որ իրավունք ունի ուժային ճանապարհով /առանց միջազգային իրավունքը խախտելու/ լուծել հարցը եւ ակտիվ պատրաստվում է դրան:



 



գ/Վերջին տասնինը տարիների ընթացքում հայկական կողմը ոչինչ չձեռնարկեց, որ հարցը մեռած կետից շարժվի, եւ չկարողացավ դե յուրե ամրապնդել Ղարաբաղի դե ֆակտո կարգավիճակը:



 



դ/Հայկական կողմը պատրաստ է ստորագրել մադրիդյան սկզբունքները առանց որեւէ ուղղումների կամ փոփոխությունների.այդ մասին հայտարարել են եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը եւ նրանց՝ երկրի արտաքին գործերով զբաղվող պաշտոնյաները:



 



Այս իրավիճակում Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից մեկ ամիս անց իր հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարում է. «Մենք կընդունենք  ԼՂ անկախությունը, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի: Հակառակ դեպքում այդ մասին մտածելն անգամ դավաճանություն է թե երկրի քաղաքացիների, թե զինծառայողների նկատմամբ:



 



....Նախ եւ առաջ, եթե Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը, ավտոմատ կերպով բանակցությունների սեղանին նստում է ոչ թե Հայաստանը, այլ ԼՂ-ն: Երկրորդ՝ լիովին փոխվում է բանակցությունների կարգավիճակը: ԼՂ-ն այլեւս չի համարվում Ադրբեջանի տարածք, այլ՝ վիճարկվող տարածք իր օրինականորեն ընտրված իշխանություններով: Եվ երրորդ՝ իրենք՝ համանախագահները, մասնավորապես Ռուսաստանը, հայտարարել են, որ իրենք չեն կարող ընդունել ԼՂ-ն, քանի որ անգամ Հայաստանը չի ճանաչել այն: Եթե Սերժ Սարգսյանը համարում է, որ հենց Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը, Ադրբեջանը պատերազմ կհայտարարի, ապա սխալվում է, քանի որ անկախ նրանից, թե Հայաստանը ճանաչում է ԼՂ անկախությունը, թե ոչ, միեւնույն է, նա պատերազմական գործողություններ կսկսի, եթե ստանա մեծ տերությունների թույլտվությունը: Իսկ ԼՂ ճանաչման դեպքում դա արդեն կդիտվի որպես ագրեսիա թեկուզեւ մասամբ ճանաչված, բայց անկախ հանրապետության դեմ: Հայաստանը, չճանաչելով ԼՂ-ն, ակամա նպաստում է նրան, որ Ադրբեջանը հայտարարում է ի լուր աշխարհի, թե իրավունք ունի ԼՂ-ի դեմ ուժ գործադրելու»:



 



Նշենք, որ Կալենչյանը իր տեսակետը շարադրել էր՝ ի պատասխան Սերժ Սարգսյանի ասածի, թե ԼՂ-ն ճանաչելը դավաճանություն է: Քաղաքագետը համարում է, որ Սարգսյանը նկատի է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը, ով գտնում է, որ ԼՂ-ն պետք է ճանաչել իբրեւ անկախ պետություն՝ դեռ իր արտգործնախարար լինելու ժամանակներից: Այս մասին Կալենչյանը գրում է. «Ահա թե ինչու հակառակորդին դավաճանության մեջ մեղադրելուց առաջ պետք է նախ անվտանգության նկատառումով ինքդ քեզ նայես: Կամ պարզ բացատրես, թե ինչում է կայանում դավաճանությունը»:



 



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ