Ազատության հրապարակ. «Ամոթ»-ներ եւ «Կեցցե»-ներ

Ազատության հրապարակ. «Ամոթ»-ներ եւ «Կեցցե»-ներ
Տեղատարափ անձրեւի տակ Րաֆֆու ջերմ աջակիցները պտտվում էին Արտոյի «Արարատ» երգի հնչյունների ներքո: Ինչպես եւ սպասվում էր, Ազատության հրապարակի բազմությունը սովորականից նոսր էր: Եկել էին, մոտավոր հաշվարկով, 1500 հոգի, հավանաբար՝ ամենալավատեսները, եւ նախօրեին «Բարեւ» դաշինքի նիստում հնչած մտավախությունը, թե 12-ի միտինգին շատ մարդ չի գա, իրականացավ:



 



Բոլորին հետաքրքրում էր, թե ինչ կասի Րաֆֆին մոսկովյան հանդիպումների մասին: «Հրաշալի եղանակ է այսօր» ասելով, նա որդու ուղեկցությամբ բարձրացավ հարթակ: Կարինը պահում էր անձրեւանոցը, որ հայրը չթրջվի: Նրա ելույթը «ամոթ»-ների եւ «կեցցե»-ների մի շարք էր, որում ոչ մի բառ չկար Մոսկվա կատարած այցի մասին: «Ամոթ»-ներն այս անգամ ոչ միայն իշխանություններին էին ուղղված, այլեւ իրեն քննադատող կամ ապրիլի 9-ին ժողովրդի կողքին չկանգնած քաղաքական ուժերի: «Մենք չենք ճանաչում եւ չենք ընդունում այդ կեղծ երդումը եւ կեղծ օրհնությունը, եւ կեղծ ընտրությունը, որ կատարեցիք,- ասաց Րաֆֆին, անդրադառնալով ապրիլի 9-ի իրադարձություններին:- Ոչ մի դասալիք, պատեհապաշտ, կեղծ երդում տվող, դեպի արյուն տանող մեզ մոտ չպիտի գա»:



 



Եվ մարդիկ հասկացան, որ «դեպի արյուն տանող» ասելով՝ նա ՀԱԿ ակտիվիստներին նկատի ունի: Ավելի վաղ, ապրիլի 10-ին, նա հայտարարել էր. «Դաշնակցություն, ո՞ւր ես, ՀԱԿ, ո՞ւր ես, «Օրինաց», ո՞ւր ես, «Բարգավաճ», ո՞ւր ես»: Իսկ ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը հակադարձել էր՝ ասելով, որ Բաղրամյան պողոտայում հենց ՀԱԿ ակտիվիստներն էին կանգնած, եւ, ցեխ շպրտելով ամենաազդեցիկ ուժի վրա, զավթել ընդդիմության տիտղոսը, ողորմելի քայլ է: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հինգշաբթի քննադատել էր Րաֆֆուն՝ ասելով, որ ապրիլի 9-ին ունեցանք անորոշ վիճակ, եւ ժողովուրդը բաժանվեց երեք մասի` Բաղրամյան 26, Րաֆֆու հետեւից եւ տուն գնացողների: Ահա ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ սովորականից ջղագրգիռ էր եւ կոշտ պատասխաններ տվեց ընդդիմախոսներին: «Դո՛ւ, Զոյա Թադեւոսյան, որ եղել ես այնտեղ, բայց ես քեզ չեմ տեսել, ինձ ողորմելի մի ասա: Կամ դու, Ռուստամյան, Դաշնակցության ներկայացուցիչ, ոչ մեկ այլ կուսակցական կամ անկուսակցական մեր ժողովրդի վրա մատ չեք կարող թափ տալ, որովհետեւ ժողովուրդը հաղթել է: Մեկը եկավ կես ժամվա թամաշայի համար, մյուսը եկավ, որովհետեւ այսքան ամիսներ ինքը մտածում է այս տան մեջ նստած, թե ինչպես անի, որ մեր ապագայի ժամանակը գա: Ոչ մի սրիկա, ոչ մի օրինախախտ չենք ընդունելու, եւ մեր արյունը թանկ է ամեն ինչից, եւ մենք ընդունելու ենք հաղթանակը՝ առանց որեւէ կաթիլ արյան»,- ասաց Հովհաննիսյանը:



 



Նա երեկ նաեւ իր սխալների մասին էր խոսում, սակայն չհասկացվեց, թե ինչն է սխալ համարում. «Ես որ գնացի Բաղրամյան, արդեն երկրորդ անգամ ասեցի այդ մասին, ժողովուրդը լավ չհասկացավ, որ մենք պետք է գնանք Բաղրամյանով դեպի Ծիծեռնակաբերդ: Ես որ ասացի՝ ոչ մի արյուն, սխալվեցի, որովհետեւ արյունոտվեցին Արմենը եւ Արմենուհին»:  Ապա Վովա Գասպարյանից պահանջեց պատժել Արմեն Մարտիրոսյանին բռնության ենթարկած ոստիկանին: Իսկ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանվել Գասպարյանը հայտարարեց. «Ես մեր մեջ թուրք ման չեմ գալիս, բայց կան անդաստիարակ ոստիկաններ, եւ եթե ոստիկանապետը կարգի չհրավիրի նրանց, մենք նրանց կարգի կհրավիրենք»: Վովայի թեման այսքանով սահմանափակվեց, իսկ անարյուն հաղթանակի թեման, հակառակը, շեշտվեց մի քանի անգամ: «Մենք չենք ընդունում ժողովրդին արյան տանելը, ես թույլ չեմ տալու մեր արյունը թափվի»,- ասում էր Րաֆֆին: Երեկվա հերոսներից էր նաեւ Արմենուհի Հովհաննիսյանը, ով հավաքվածներին պատմեց, թե ինչպես իրեն ոստիկանները վահաններով այնպես սեղմեցին, որ նա գրեթե կորցրեց գիտակցությունը, հետո կորցրեց կոշիկները: «Բոբիկ քայլում էի դեպի Ծիծեռնակաբերդ եւ մտածում էի՝ ինչքան խորհրդանշական էր, որ ես բոբիկ ոտքերով պետք է քայլեի դեպի Ծիծեռնակաբերդ: Ես ապրիլի 9-ին վերցրեցի իմ կյանքի երկրորդ երդումը,- ասաց Րաֆֆու կինը,- առաջինը եղել է Ֆրեզնոյի հայկական եկեղեցում, որտեղ ես խոսք եմ տվել, որ պիտի լինեմ իմ ամուսնու կողքին լավ թե վատ օրերին: Ես այնքան հպարտ եմ զգում, որ իմ կյանքի երկրորդ երդումը վերցրել եմ ձեզ հետ: Խնդրում եմ, որ աստված ինձ ուժ տա, որ այս երդումն ի կատար ածեմ ձեզ հետ»,- ասաց Արմենուհին հուզված, եւ մարդիկ գոռացին՝ «մատաղ քեզ, ցավդ տանեմ»:



 



Մի տղամարդ էլ ամբոխից սպիտակ վարդերի մի ծանր զամբյուղ նվիրեց նրան: Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում պատմեց, թե ինչպես էր իրեն բերման ենթարկող ոստիկաններին ասում. «Ախր, ձեզ համար եմ անում, երկու տարի հետո իրար եք բռնելու, տաքսի էլ չեք կարողանալու քշեք երեկոյան, ծառայությունից հետո, որ ձեր ընտանիքները պահեք»: Նա պատմեց նաեւ, որ այնքան վատ են պահված մեր ոստիկանները, որ 4 անգամ խփելով քաղաքացու քթին, ուժ չեն ունեցել ջարդել այն, եւ առավոտյան 9-ին ինքն աշխատանքի է եղել: «Հայաստանում առաջին անգամ աննախադեպ երեւույթ եղավ, երբ առաջնորդը ոչ թե սեւ պատերի հետեւում էր եւ ժողովրդի մեջքին էր, այլ ժողովրդի առջեւից, իր ընտանիքի անդամների հետ առաջինն ինքն էր գնում»,- ասաց Մարտիրոսյանը, եւ բոլորը գոռացին՝ Րաֆֆի: Պետրոս Մակեյանն էլ համեմատեց 2008-ի եւ 2013-ի երդմնակալությունները. «2008-ին դատարկված քաղաքի կենտրոնում էին երդվում, հիմա՝ քաղաքի կենտրոնից հեռացած»:



 



Նրա կարծիքով, ճիշտ էր Բաղրամյան գնալը, քանի որ դա հոգեբանական ճնշում գործեց իշխանության վրա: «Այդ քայլի վրա շուրջ 10 տարի տաբու էր դրված, եւ իրենք զգացին, որ ժողովուրդը չի վախենում: Իրենք էին սարսափած»: Մակեյանը նաեւ ասաց, որ առաջ կարծում էր, թե Ռոբերտ Քոչարյանի տեսակն է պատճառը, որ Մարտի մեկ եղավ, իսկ ապրիլի 9-ին ինքն զգաց, որ «այս վարչախումբն ընդունակ է եւս մեկ անգամ Մարտի մեկ անել, ցավոք, վարչախումբն այդ տեսակի է դարձել»: Վերջում Րաֆֆին հայտարարեց, որ հաջորդ ուրբաթ, 18:00-ին «Անի» հյուրանոցում են հավաքվելու, որտեղ «կստեղծվի համազգային ճակատ»: Թե ինչ է լինելու այդ օրը, մարդիկ չհասկացան, բայց ասում էին, որ գնալու են: