Փորձության գինը

Փորձության գինը
Այս օրերին ողջ աշխարհի հայության հայացքն ուղղված է Երեւանին: Ի՞նչ է լինելու: Անխոս, Րաֆֆի Հովհաննիսյանը մեսիա չէ: Կես տարի առաջ նրա համեստ անձը չէր էլ զանազանվում պայմանական ընդդիմության համայնապատկերում, որոնց բոլորին բազմակի խաբված ընտրազանգվածը նայում էր նույն կասկածամտությամբ:



 



Ուրեմն ինչ` պարոն Հովհաննիսյանը ներկայացրել է ազգային փրկության հանճարեղ ծրագի՞ր: Ի տարբերություն եղածների` կերակրատաշտի մոտ հավաքված որկրային նույն ձգտումներով մարդկանց, ստեղծել է գաղափարախոսական ամուր հիմք ունեցող կուսակցությո՞ւն: Ո՛չ: Ո՞րն է նրա ֆենոմենալ հաջողության գաղտնիքը, ինչը չեն կարողանում ժխտել նույնիսկ այնպիսի կարկառուն նժդեհականներ, ինչպիսիք են Գալուստ Սահակյանը եւ այլք: Իսկ եղավ այն, ինչ տեղի ունեցավ 1996 թ. Վազգեն Մանուկյանի պարագայում. ժողովուրդը գնաց եւ իր ճնշող մեծամասնությամբ ընտրեց Րաֆֆուն, Պողոսին, Պետրոսին` արտահայտելով իր ատելությունն իշխանությունը զավթած, տնտեսական գրեթե բոլոր լծակներին տիրացած եւ հայրենիքը կործանող խմբի նկատմամբ:



 



Խորենացի, Շիրակացի, Նաղաշ Հովնաթան. սա՞ է մեր ընդհանրական պատկերը, թե՞ այսօրվա Ազգային ժողովն իր ընտրյալներով:



 



Սովետական գուլագների գողական հասկացողությամբ առաջնորդվող եւ նույն «գաղափարական» կենտրոնից ուղղորդող մարդիկ դարձել են ազգային ավելի մեծ աղետ, քան 88-ի երկրաշարժն էր, որովհետեւ եթե գռեհիկ հաշվապահությամբ առաջնորդվենք, ապա դեկտեմբերի 7-ի զոհերի թիվն անհամեմատ ավելի փոքր է երկիրն անդարձ լքած մարդկանց քանակից, որոնց գերակշիռ մասը երկու-երեք սերունդ հետո կորած է լինելու մեր ժողովրդի համար…



 



Հայ մեծագույն մարդիկ` Պողոս-Նուբար փաշայի նման նվիրյալները, Մեծ եղեռնից հետո թուրքերից, քրդերից, արաբներից ոսկով հայ որբեր էին գնում, նրանց հայեցի կրթություն տալիս, որպեսզի աշխարհում չկորեր հայ անունը: Արդեն երկու տասնամյակ ահռելի չափերի հասած արտագաղթն արյունաքամ է անում մեր երկիրը: Մի՞թե դա ավելի սարսափելի չէ, քան դավը:



 



Ի՞նչ պահանջատիրության մասին խոսք կարող է լինել, երբ երկիրն ամայանում է: Կայունություն են գոչում. ամենակայուն վիճակը մեռածի վիճակն է, ինչին կամաց-կամաց մենք մոտենում ենք:



 



Տասնամյակներ շարունակ Ղարաբաղի անունով ահաբեկել են մեզ: Արցախը մեր հայրենիքի նույնքան նվիրական մասն է, որքան Տարոնը, Վան-Վասպուրականը կամ Արարատյան դաշտը: Կասկած չունեմ, որ եթե տեղները երերա, աշիրաթներով պաշտոններին կառչած այս անձինք իշխանությունը պահելու համար չեն խորշի նույնիսկ պատերազմ սադրելուց:



 



Ովքե՞ր են այդ «վոյինները», որ փորձում են սեփականաշնորհել մեր հաղթանակը` տարիներ շարունակ ծծելով օրըստօրե նվազող ժողովրդի արյունը` այդ հաղթանակը թշնամու աչալուրջ հայացքի ներքո դարձնելով պարտություն: Ինչպե՞ս գոյացավ ազգի տականքը, ովքե՞ր թույլ տվեցին այդ մարդկանց ի հայտ գալ:



 



Մենք բոլորս ենք մեղավոր, մենք ենք այդպիսին դարձրել մեր տունը: Մեր սրբության սրբոցը պղծողները մենք ենք` ստի, կեղծիքի, կաշառակերության մթնոլորտում կրթություն, հասակ առած եւ հասարակական ինքնագիտակցություն այդպես էլ չստացածներս:



 



Բոլշեւիկյան կանոնակարգված փարիսեցիությանը եկավ փոխարինելու վատթարը. 88-ի ազգային շարժման առաջնորդներից շատերը, իշխանության գալով, իրենց վարորդներին ընդօրինակելով, սկսեցին հաստ ոսկյա շղթաներ կրել:



 



Դեգրադացիայի դասական օրինակ է. մի երկու տարի առաջ հեռուստատեսությամբ երբեմնի այլախոհն ու ազատության մարտիկը «խոհը դեմքին» բացատրում էր, որ` այո՛, կարելի է… «ինքն իր աճեցրած պղպեղի սերմերն օգտագործում է սննդի մեջ» եւ զարմանքով հարցնում էր. «Դուք լոլիկի սերմերը չեք հանում, չէ՞»: Ահա մեր թռիչքը` սովետական ուղղիչ ճամբարներից մինչեւ Սովետաշենի թռչնաբուծարան, այնտեղից էլ Դավիթաշենի առանձնատուն, ուր գյուղատնտեսական լրջագույն փորձ ու գիտելիքներ էր կուտակել երգիչ-երգահանը, բանաստեղծը, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի նորընծա շրջանավարտը, կաֆելչիկների կողմից մահափորձի ենթարկված սույն նախագահական թեկնածուն… Ահա թե ով ենք մենք, եւ որն է մեր գինը: Բոլորս ենք այդպիսին, որովհետեւ եթե կատարողը չենք, ապա թույլ տվողն ու հանդուրժողն ենք: Չէ՞ որ կեղծ ընտրության կազմակերպիչները մեր կողքի մարդիկ են` մեր հարազատները, բարեկամներն ու հարեւանները: Օրենքն ամբողջ աշխարհում պատժում է ոչ միայն հանցագործությունը կատարողին, այլեւ այդ մասին իմացողին ու չիրազեկողին:



 



Այսօր դժգոհ հանրությանը գրգռող ձայներ են հնչում, թե միակ չարիքը ղարաբաղյան ծագումով գործիչներն են, եւ սա ասում է սիրված երգիչը, մի մարդ, ում ընտրությունից ընտրություն կարելի էր տեսնել զանազան կուսակցությունների գովազդային հոլովակներում: Ես Ձեզ, որ ասում եք` Տարոնը լավ տղա է, տեղեկացնեմ` Սարդարապատի հերոսամարտի զորահրամանատարներից շատերը նույնպես ղարաբաղցիներ էին, եւ մի՞թե Ձեզ համար մեծ մխիթարություն է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն ու հանրապետության գլխավոր դատախազը ապարանցիներ են, Ազգային ժողովի նախագահը` արտաշատցի: Ինչպիսի տխմար ծայրահեղությունների մեջ կարող ենք ընկնել` տեսակավորելով առանց այն էլ վախեցնելու չափ նվազած մեր արյունը:



 



Այո՛, Րաֆֆի Հովհաննիսյանը մեսիա չէ, սակայն, իմ տպավորությամբ, բարոյական եւ միամիտ մարդ է, որն իր պատկերացմամբ է չափում նաեւ ուրիշի անբարոյականությունը: Խնդիրն այն չէ, որ դիմացինդ չի ընդունում քո արժեքային համակարգը, դա դեռ տանելի է. ողբերգություն է, երբ մարդիկ, ում դեմ պայքարում ես, չգիտեն էլ, որ նման համակարգ գոյություն ունի: Այդ մարդկանց հետ պետք էր խոսել իրենց հասկանալի լեզվով, սակայն ժողովրդական ըմբոստության ալիքը փշրվում է, եւ նորից գալու է հուսահատ անտարբերության ժամանակը:



 



Այս ամենով հանդերձ` համոզված եմ նաեւ, որ այս շարժումը նախապատրաստում է ավելի լայն ժողովրդական ընդվզում. մենք դիմակայել ենք ավելի մեծ փորձությունների, քան հայրենադավ գանձագողերի դեմ պայքարն է, եթե մնացել ենք, ուրեմն Աստծո կամքով էլի կմնանք, խնդիրը գինն է, որ դրա համար վճարելու ենք:



 



Անատոլի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ