«Ամենաառնական» կուսակցությունը տղամարդու խոսք չի տալիս

«Ամենաառնական» կուսակցությունը տղամարդու խոսք չի տալիս
2009 թվականի քաղաքապետի ընտրություններից առաջ, երբ որոշված էր, որ քաղաքապետ է նստելու Գագիկ Բեգլարյանը, ընդդիմության պահանջն էր, որ քաղաքապետն ինքնուրույն, քաղաքական դիմագիծ ունեցող գործիչ լինի, ոչ թե «պրարաբ», իսկ մամուլը գրում էր, որ Երեւանը ջրմուղ-կոյուղի չէ:



 



Ի վերջո, իհարկե, հաղթեց տնտեսվար քաղաքապետի կոնցեպտը: Այսօր կրկին քաղաքական պայքար է գնում Երեւանի համար, ինչն արտացոլված է թեկնածու-կուսակցությունների նախընտրական ելույթներում: Դրանք կառուցվում են քաղաքային իշխանությունների քննադատության վրա: «Պրարաբի» ծրագիր ներկայացրել է միայն ՀՀԿ-ն, բայց երեւանցիներին երջանկացնելու ծրագիր կրկին չունենք: Երկրորդ խոշոր ուժի՝ ԲՀԿ-ի նախընտրական դրույթները կառուցված են «պետք է»,  «անհրաժեշտ է», «խնդիր է», «լրջագույն խնդիր է» արտահայտություններով: «Մայրաքաղաք Երեւանում անհրաժեշտ է կանոնակարգել հանրային տարածքներում իրականացվող բացօթյա ապօրինի առեւտուրը»,- գրված է: Հարց է ծագում, եթե ապօրինի է, էլ ի՞նչ կանոնակարգում, վերացնել է պետք: Կամ. «Նույն բնակարանը մի քանի անձանց վերավաճառելու եւ գերշահույթներ ստանալու պրակտիկան պետք է բացառել»:



 



Եվ ո՞վ չգիտի, որ պետք է: Նաեւ այսպիսի կետ կա. «Երեւանի բնապահպանական վիճակի բարելավման համար անհրաժեշտ է որոշակի տարածքների նկատմամբ բնապահպանական հատուկ ռեժիմի սահմանում», որը, հավանաբար, ենթադրում է մահակներով ոստիկաններ կանգնեցնել բույսերի կողքին: Մի խոսքով, հարկադրական եղանակով բառերը լիքն են, բայց չկա տղամարդու խոսք, սա, սա եւ սա անելու խոստում, հստակ պնդում: Մինչդեռ հենց ԲՀԿ-ն է հավակնում «ամենաառնական» կուսակցության տիտղոսին: Այսկերպ ԲՀԿ-ն մի կրակոցով ոչ թե երկու, այլ նույնիսկ երեք նապաստակ է խփում.



 



1. քննադատում է իշխանությանը՝ նշելով այն, ինչ արված չէ



 



2. այնքան չի քննադատում, որ վերջինս նեղանա ու ասի. «Եկել ես, որ ի՞նչ անես: Այդքանը մենք էլ գիտեինք»



 



3. խուսափում է բառի պատասխանատվությունից:



 



Ի տարբերություն ՀՀԿ ծրագրի, ԲՀԿ-ն շատ կետեր է գրել քաղաքը հաշմանդամների պահանջներին հարմարեցնելու ուղղությամբ: Սակայն սրանք էլ ոչ թե պարտավորությունների, այլ ցանկությունների դաշտում են, ընդ որում, առանց մոտավորապես նշելու, թե ֆինանսական ինչ միջոցներով է իրագործելու, օրինակ,  պետք է ավելացվի հաշմանդամների համար հատուկ հարմարություններով տրանսպորտային միջոցների քանակը, կամ վերանորոգվեն հատուկ կարիք ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցները: Երբեմն ծրագրում «ժամկետանց» կետեր ենք հանդիպում: Օրինակ, գրված է. «Մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակիչ, ընտանիք պետք է հստակ իմանա, թե օրվա ընթացքում որ ժամերին ինքը պետք է ջուր ստանա»: Նախ, ցանկացած երեւանցի կասի, որ ինքը գիտի ջրի ժամը: Երկրորդը. մինչ ԲՀԿ ծրագրի հեղինակները մշակեցին այս կետը, մայրաքաղաքի ջրամատակարարմամբ զբաղվող «Երեւան-ջուրը» նոր պոմպեր է տեղադրել քաղաքի մի շարք թաղամասերում, ասենք, Շենգավիթում, որը հնարավորություն է տալիս ամբողջ օրվա ընթացքում առատ, ինչպես երեւանցիք են ասում, «նապոռով» ջուր ունենալ: