Ի՞նչ եք ասո՛ւմ...

Ի՞նչ եք ասո՛ւմ...
Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ չե՞ն: Ինչո՞ւ հանկարծ այդպես: Գուցե կասեք՝ Գյումրիի քաղաքապետի ընտրություններն է՞լ քաղաքական չէին: Էն ի՞նչ իրար խառնվել էին խառնվել՝ շունը տիրոջը չէր ճանաչում:



 



ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ուժերը միավորել էին ՀՅԴ թեկնածուի դեմ: Մոռացել են տղերքը: Խեղճ Սամվել Բալասանյանի ճակատի գիրը մի քանի անգամ փոխվեց, մինչեւ որ Սերժ Սարգսյանը հանդես եկավ վերջնական խմբագրված տեքստով: Բա ո՞նց Հովիկ Աբրահամյանը գնաց Գյումրի ու սաստեց Վարդանիկին: Ո՞ր օրենքով չթողեցին Գյումրիի հարյուր տարվա քաղաքապետին առաջադրվել: Քաղաքականության օրենքով՝ ահա թե որ: Պետք էր՝ հասկանում ես:



 



Այս օրերին առանձին ՀՀԿ-ականներ ջանք ու եռանդ չեն խնայում Երեւանի ընտրությունը եղած-չեղած մի քաղաքապետի ընտրություն ներկայացնելու համար: Փաստորեն, Երեւանը Գյումրիի չափ էլ չկա, այո՞: Ծիծաղելի է: Երեւանում Թոխմախից մինչեւ Մալաթիա եւ Նորագավիթից մինչեւ Ավան ու Նորքի զանգված այնքան վնասատու կա, որոնց դեմ պայքարելն արդեն հերոսություն է: Ոչ մի դեղ չի ազդում: Քաղաքական թունաքիմիկատներ են պետք, որ Երեւանն այդ վնասատուներից չխեղդվի: Բայց ՀՀԿ-ն, ինչպիսի իմաստուն կուսակցություն, գտնում է, որ մի Տարոն Մարգարյան կկարողանա ամեն ինչ կարգավորել: Այդ նույն Տարոն Մարգարյանը, հարգելի ՀՀԿ, նույնիսկ մի Մաշտոցի պուրակի հարց չէր կարողանում կարգավորել: Էլի ողորմի Սերժ Սարգսյանի անցավորներին, որ պատահաբար անցնում էր այդ կողմերով ու մի պահ կանգ առավ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում պուրակում: Այդ հարցն այնքան ապաքաղաքական էր, այնքան ապաքաղաքական, որ էլ չասելու:



 



Պատկերացնո՞ւմ եք, պատգամավորները, «դռել» ու «բալգարկա» առած, բուտիկներն այնքան ապամոնտաժեցին, որ երկրի քաղաքական ղեկավարը վերջը չդիմացավ ու ասաց. Տարոն ջան, սիրուն չի, որ իրենք ապամոնտաժեն, դու ապամոնտաժիր: Ու դեռ որքան ապամոնտաժելու բան կա Երեւանում: Դիցուք՝ որոշ արխիտեկտորների կոշտացած ուղեղներ: Թվում է՝ ճարտարապետը պետք է այն մարդը լինի, որ քաղաքապետին օր ու արեւ չտա, որ չլինի թե մի բակտերիա բուն դնի ճարտարապետական համալիր կառուցվածքի պոչին, գլխին, մեջտեղում եւ չհարամի այդ կառույցի ընդհանուր տեսքը: Բայց ոչ: Մեզ մոտ, ավելի ճիշտ՝ ՀՀԿ-ի մոտ ամեն ինչ գլխիվայր է: Եթե բակտերիան հատկապես ՀՀԿ-ական է՝ վերջացավ, դեմը խաղ չկա: Իսկ ճարտարապետը, քանի որ ճարտարապետ է միայն դիպլոմով, լռում է, որովհետեւ քաղաքական դեղորայք են ներարկել նրա ուղեղի մեջ: Ինքն այլեւս ճարտարապետ չէ, այլ խամաճիկ, որ այնտեղ՝ քաղաքապետարանում, դրված է որպես ռեկվիզիտ: Այլ մտավորականներ էլ կան, կարծես: Նայում ես նրանց արածը՝ փշաքաղվում ես: Ուր է այնտեղ մտավորակա՞ն: Փափուկ բարձ, որ ամեն անգամ հայտնվում է ՀՀԿ-ական քաղաքապետի եւ հանրության արանքում, երբ բանը հասնում է կռիվ-ղալմաղալի: Մտավորականն էլ այդքան կուսակցականացված կլինի՞, այդքան քաղաքականացված: Եթե քաղաքականացված չեն, թող առաջինն իրենք տագնապ հնչեցնեն, կանգնեն տնից, բակից, մայթից, կանաչ տարածքից զրկվող քաղաքացու եւ ոչ թե այդ քաղաքացուն ամեն ինչից զրկողի կողքին:



 



Քաղաքական պաշտո՞ն է, արդյոք, Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Ըստ ՀՀԿ-ի տրամաբանության՝ ոչ, որովհետեւ Երեւանի քաղաքապետն իրականացնում է օրենքով իրեն վերապահված աղբահանության, ասֆալտապատման, բակերի բարեկարգման գործառույթներ եւ միայն այդքանը: Այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀԿ-ն մտածում, որ աղբահանությամբ, այն էլ օրենքով սահմանված կարգով, ամենալավը ՀՀԿ-ի ներկայացուցիչը կարող է զբաղվել: Եթե Երեւանի թեման ՀՀԿ-ի համար քաղաքական չէ, ապա ինչո՞ւ մեկ ուրիշին  չեն թողնում ամանորյա զարդարանք հագցնել Երեւանին, ով դա հազար անգամ կարող է ավելի էժան ու ճաշակով անել, քան Տարոն Մարգարյանն իր չինական կապերով:



 



Հանրահայտ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որ, իր խոսքով, մի փոքրիկ ոլորտի ղեկավար է եւ աշխատանքի է գնում ծառայողական մեքենայով, հիացած է Երեւան ներկրված գեղեցիկ ավտոբուսներով, որոնցով երթեւեկում են Տարոն Մարգարյանի ղեկավարած քաղաքի երջանիկ քաղաքացիները: Հարցնում է՝ մի՞թե դա քիչ է Տարոն Մարգարյանին ընտրելու համար: Բնականաբար քիչ է, բայց դու փորձիր բան հասկացնել Արման Սահակյանին (պտուղը ծառից հեռու չի ընկնում): Նա ոչ մի կերպ չի ընդունում Երեւանում իշխանությունը վերցնելու, այլ խոսքով՝ Երեւանը «գրավելու» ընդդիմության արտահայտությունները: Ճիշտ չի համարում, հասկանում ես: Բայց ՀՀԿ-ական Արմանը վերջում, ամեն ինչ մոռացած, մեկ էլ հայտարարում է՝ Երեւանը չենք հանձնելու: Մի հարցնող լինի՝ իսկ ումի՞ց եք այդպես ատամներով պահում Երեւանը:



 



Ի դեպ, ընդդիմությունը Երեւանը գրավելու, այդ բառի բուն իմաստով, խնդիր չի դնում: Ընդդիմության խնդիրը Երեւանում համակարգային խոցերի մի զգալի մասից ազատվելն է: Չենք հասկանում՝ ինչո՞ւ է ՀՀԿ-ն դեմ ընդդիմության այս ազնիվ ցանկությանը: Չլինի՞ համակարգ ասելով՝ հասկանում են իրենց ու իրենց վարած քաղաքականությունը: Երեւանը Հայաստանի կեսն է, դեռ մի բան էլ ավելի: Եթե կեսը հանկարծ հանձնեն՝ համակարգն ավերակացս ի՞նչ թագավորի: Սա՞ է ՀՀԿ-ի մտահոգությունը: Դե ուրեմն թող պարզ ասեն՝ հասկանանք, թե ինչու են այդպես հասարակացնում Երեւանի ընտրությունները, զուգահեռներ տանում գյուղապետերի եւ գյուղական ավագանու ընտրությունների հետ:



 



Մյուս կողմից էլ՝ ՀՀԿ-ն հո ձեռքերը ծալած չի՞ նստելու: Մի շատ սիրուն երգ կա չհուսահատվելու մասին՝ մահվան հարցում բախտդ չի բերում, կբերի սիրո հարցում: ՀՀԿ-ի համար է գրված՝ քաղաքականությունից գլուխ չես հանում, կհանես ասֆալտից: Այնպես որ, տղերք, ամեն ինչ դեռ կորած չէ:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ