Մի նախադեպ ունենք՝ «Ղարաբաղ» կոմիտեն

Մի նախադեպ ունենք՝  «Ղարաբաղ» կոմիտեն
Հարցազրույց Պետրոս  Մակեյանի հետ



 



- Պարոն Մակեյան, վաղն (այսօր) «Անի» հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանը հավաք-քննարկում է նախաձեռնել, որին Դուք էլ եք մասնակցելու, ինչ-որ փաստաթո՞ւղթ է ընդունվելու այնտեղ:



 



- Ես ինչքան հասկանում եմ հանրահավաքից, մի փաստաթուղթ պետք է ընդունվի, որը կապահովի համաժողովրդական շարժման սահուն անցումը՝ ապրիլի 9-ից հետո գործընթացների շարունակությունը:



 



- Իսկ որքանո՞վ է ճիշտ գաղտնի պահել քննարկման թեման եւ քաղաքական ուժերին հրավիրել Ազատության հրապարակից: Հիմա այս երկու պատճառներով են քաղաքական ուժերը կարծես պատճառաբանում իրենց չմասնակցելը վաղվա միջոցառմանը:



 



- Ի՞նչ գիտեք, որ նրանք նորմալ հրավեր չեն ստանալու, իմ կարծիքով՝ հրապարակում բանավոր հայտարարվել է, իսկ մնացած տեխնիկական հարցերը, կարծում եմ՝ նորմալ պիտի կազմակերպվեին:



 



- Արդյոք ճի՞շտ է համաժողովրդական շարժումն այդքան նեղացնել եւ դարձնել դահլիճային մակարդակի քննարկման թեմա, եւ ինչպիսի՞ փաստաթուղթ պետք է ընդունվի, որ ընկալելի լինի զանգվածների համար, եթե ապրիլի 9-ին էլ հայտարարվում էր վճռական օր, բայց մարդկանց ստվար զանգվածի հիասթափությունն անխուսափելի եղավ:



 



- Ես, ճիշտն ասած, այդ տեսակետն այնքան էլ չեմ կիսում, իհարկե, կարելի էր ավելի կազմակերպված այդ օրը գործողություններ անել… Լուրջ փաստաթուղթն էդպես չի քննարկվի, դահլիճում, ամենայն հավանականությամբ, կքննարկվի փաստաթղթի նախագիծը, որը հետո կներկայացվի հանրահավաքների ժամանակ, մարզերում: Եվ լուրջ փաստաթուղթ կկազմվի միայն ժողովրդի կարծիքների, քննարկման արդյունքում:



 



- Համազգային ճակատ ստեղծելու համար Դուք ի՞նչ առաջարկներով եք պատրաստվում հանդես գալ:



 



- 22-23 տարվա ընթացքում մենք նախադեպ ունեցել ենք, լավագույն կազմակերպման համակարգը, որն ունեցել ենք, դա «Ղարաբաղ» կոմիտեի մոդելն է, որը գործել է 1988-91թթ.: Այսինքն՝ հավաքական պատասխանատվության հարցը, որը «Ղարաբաղ» կոմիտեով կար, եւ այն համակարգը, որ ձեւավորվեց այդ տարիներին, բոլոր գյուղերում, շենքերում, համայնքներում ձեւավորված «Ղարաբաղ» կոմիտեի բջիջները, իմ պատկերացումներով՝ այս մոդելն է, որ այսօր պետք է նորից գործի դնենք: Կարծում եմ, որ երրորդ հանրապետության հաջողությունը, պատերազմում հաղթանակը նույն «Ղարաբաղ» կոմիտեի, այսպես ասած, իրավահաջորդ ձեւավորված իշխանությունը նույն մոդելով էր աշխատում, ժողովրդավարական բոլոր սկզբունքները պահում էր: