Մարդ էլ կա՝ ոչ մարդ ա, ոչ էլ կուսակցություն

Մարդ էլ կա՝ ոչ մարդ ա, ոչ էլ կուսակցություն
«Վերջին ամիսներին մենք ունեինք փոքր ճգնաժամ, որը պայմանավորված էր նրանով, որ, այսպես կոչված, մարդ-կուսակցություններն արգելակում էին Կոնգրեսի արդյունավետ գործունեությունը»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:



 



Չկոնկրետացրեց, թե ում նկատի ունի, սակայն խոսքն ակնհայտորեն վերաբերում էր վերջին շրջանում դաշինքի կազմից դուրս եկած կուսակցություններին, որոնցից հինգն օրերս ՀԱԿ քաղխորհրդի անունից հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով դաշինքից դուրս եկած ուժերին միավորվել եւ միասին իրականացնել այն նպատակները, որոնք 5 տարիների ընթացքում այդպես էլ չիրականացան:  «Այնտեղ ավելի շատ կուսակցական կնիք կա, քան մարդ»,- ասաց Զուրաբյանը: Հետաքրքրվեցինք, որ երբ այդ «մարդ-կուսակցությունները» Կոնգրեսի կազմում էին, ինչո՞ւ այդ ժամանակ էլ իրերն իրենց անուններով չէր կոչում, փոխարենը պարբերաբար հիշեցնում էին, որ Կոնգրեսը բաղկացած է 18 կուսակցությունից: «Այո, Կոնգրեսը բաղկացած էր 18 կուսակցություից, որոնցից մի մասը մարդ-կուսակցություն էր»,-եղավ պատասխանը:



 



Իսկ ինչո՞ւ այդ ժամանակ չէիք խոսում դրա մասին՝ հարցրինք: «Էն ժամանակ չէին արգելակում, հիմա արգելակեցին,-պատասխանեց  Զուրաբյանը՝ ավելացնելով:- Ընդհանրապես մարդ-կուսակցությունների դարաշրջանը Հայաստանում ավարտվել է, բայց շատերը դեռ չեն հասկանում, որ այդ մարդ-կուսակցությունները, ակումբները որեւէ նշանակություն չունեն: Մարդ-կուսակցությունները ոչինչ չեն կարող անել: Նրանց միակ հնարավորությունը այսօր կամ առաջներում եղել է քաղաքական առեւտրին մասնակցելը: Հիմա էդ էլ չունեն: Այդ արժեքն էլ են կորցրել: Այսօր Հայաստանում քաղաքական գործ կարելի է անել միայն զանգվածային կուսակցությունների միջոցով»: Փաստորեն, Զուրաբյանի խոսքից ստացվում է, որ քաղաքական առեւտուրն արժեք է, որով ժամանակին զբաղված էր Կոնգրեսը, իսկ մարդ- կուսակցությունները մասնակցում էին դրան: Բայց «այսուհետ ճգնաժամն ավարտված է»,- ասաց Զուրաբյանը: 



 



Դաշինքը վերակազմավորելու փորձ անող «Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, երեկ մեզ հետ զրույցում անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի բնորոշումներին, ասաց. «Ես հասկանում եմ, որ իրենք պրոբլեմ են տեսնում, որ 5 տարվա կառույցի անունը վերցրել են եւ իրենց վրա են դրել, բայց դա իրենց պրոբլեմն է: Կարծում էին ՀՀՇ-ո՞վ էր պայմանավորված ՀԱԿ-ի հաջողությունները: Հետո էլ. ի՞նչ կապ ունի՝ մենք մարդ-կուսակցությո՞ւն ենք, թե՞ ոչ: Է լավ է, որ մենք մարդ-կուսակցություն ենք, բա մարդ էլ կա՝ ոչ մարդ ա, ոչ էլ կուսակցություն: Ես ուրախ եմ դրա համար: Ես երբեք չեմ հայտարարել, որ մեր կուսակցությունը 100 հազար անդամ ունի: Դատարկ թվաբանությամբ չեմ զբաղվել: Քանակը կապված է փողի հետ: Գումար կա՝ կարող ես մեծ կուսակցություն ունենալ: Բայց ամեն ինչ չէ, որ մեծ է ու լավն է»: Ապա ավելացրեց. «Մենք մարդ-կուսակցություն ենք, բա ինքն ո՞վ է: Երկու օրվա քաղաքական գործիչ: Ամբողջ կյանքը խոսնակ է եղել: Ջահելը դեռ ճանապարհ պիտի անցնի, որ կարողանա գնահատական տալ: Ինչո՞ւ է հիստերիայի մեջ ընկել: Թող գնա մտածի նրա մասին, որ ՀՀՇ-ն գնաց, նոր կուսակցություն դարձավ, եւ ոչ ոք չուզեց միանալ իրենց: Ամեն մարդ թող իրենով զբաղվի»: