Ինչ է մտածում ընտրողը

Ինչ է մտածում ընտրողը
Ի՞նչ է որոշել երեւանցին, ինչպե՞ս է նա քվեարկելու այս անգամ: Նախագահական ընտրությունների նման նորից անակնկա՞լ է մատուցելու մեզ՝ անսպասելի քվեարկություն անելով, թե՞ լինելու է կառավարելի ու կանխատեսելի, ինչպես եղավ ԱԺ ընտրությունների ժամանակ:



 



Կյանքը ցույց է տալիս, որ երբ մի փոքրիկ բան դիպչում է նրա «ներվին», նա դառնում է անհնազանդ, անկանխատեսելի, միասնական ու պայքարող: Եվ դժվար է ասել, թե ինչը կարող է այս անգամ դիպչել նրա «ներվին». Տարոն Մարգարյանի ունեցվածքի «տպավորիչ» ցուցա՞կը, նժդեհական իշխանության չպատճառաբանված ինքնավստահությո՞ւնը, տնետուն թափառող քարոզիչների կպչունությո՞ւնը: Թե՞ իշխանությունն այս պարագայում կլինի ընտրողի համար այն «չարյաց փոքրագույնը», որին քվե տալը կգերադասեն պառակտված, շարունակ դեմքը փոխող, իրար հետ գզվռտվող ընդդիմությանը ձայն տալուց: Կկարողանա՞, ասենք, ԲՀԿ-ն նորից վստահություն ներշնչել ու ծառուկյանական բարեգործության հողի վրա կրկին քվեներ տանել ժողովրդից:



 



Կկարողանա՞ ՀԱԿ-ն իր վրայից մաքրել մեկ ՀՀԿ-ի, մեկ ԲՀԿ-ի հետ բանակցելու, հրապարակն ու ընդդիմադիր զանգվածին անտեր թողնելու անցյալի բեռը եւ հաղթել այս ընտրություններում: Կմոռանա՞ն մարդիկ Արթուր Բաղդասարյանից իրենց հիասթափությունը, Րաֆֆի Հովհաննիսյանի աղոթքը, Դաշնակցության՝ կոալիցիայի կազմում լինելը: Ամեն դեպքում, մեր քաղաքական ուժերի միակ հույսը ժողովրդի անհիշաչարության, անգամ հիշողության կորստի վրա է: Հակառակ պարագայում ասպարեզում եղած ուժերից ոչ մեկը չի կարողանալու հաղթահարել անցողիկ շեմը, քանզի նրանցից ոչ մեկը չի բավարարում քաղաքական ուժին ներկայացվող տարրական պահանջներին: Քանզի նրանցից ոչ մեկը չի եղել հավատարիմ, հետեւողական, ազնիվ ու նվիրված իր ընտրողին: