Ներքեւները չեն ուզում, վերեւները՝ չեն կարող

Ներքեւները չեն ուզում, վերեւները՝ չեն կարող
Բարդ ժամանակներ են սկսվել: Համբերության ինչ-որ պաշար է սպառվել, հույսի վերջին թելն է կտրվել, մարդիկ հայտնվել են սահմանային հոգեվիճակում՝ հուսահատ ու ամեն ինչի ընդունակ:



 



Եթե ճանապարհ փակելն ու կառավարության շենքի առջեւ բողոքի ցույցերը կարելի էր սովորական համարել, ապա սպանված որդու դին գյուղից Երեւան հասցնելու եւ կառավարության շենքի առջեւ դնելու փորձերը պայքարի նոր ձեւ էին, բողոքի նոր դրսեւորում, որ ցնցեցին բոլորիս: Բողոքն անսովոր, սահմռկեցուցիչ, ծայրահեղ ու անկառավարելի ձեւեր է ընդունում: Մի կողմից պաշտոնյաների ցինիզմն է ու ոստիկանական-զինական ուժով նրա պաշտպանվածությունը, մյուս կողմից՝ ժողովրդի ողբը, այս վիճակից հոգնությունը եւ ինչ-որ բան փոխելու կամքը: Եթե մի խումբ մարդկանց թվում է, թե կարող են զենքի ուժով, ադմինիստրատիվ լծակներով, ընտրություն կեղծելով պահել իրենց իշխանությունը, հպատակեցնել ժողովրդին ու շարունակել շահագործել, ապա կարիքից հոգնած, առաջընթացի բացակայությունից հուսահատ, արյունաքամ լինող ժողովուրդն այդ կարծիքին չէ:



 



Նա ոչ մի կերպ չի պատկերացնում, թե ինչպես է վճարելու թանկացող գազի համար: Նա չի ուզում այլեւս իր որդիներին ուղարկել ծառայության մի երկրի համար, որը ոչ մի պատասխանատվություն չի կրում իր զինծառայողի կյանքի համար: Նա պատրաստ չէ հարկեր վճարել այն պետությանը, որը հարկը գանձում է, բայց ոչ մի պայման չի ստեղծում բարիք արարելու, բարեկեցիկ ապրելու համար: Նա չի ուզում աշխատել, ապրել, ամուսնանալ, երեխա ունենալ, ծերանալ մի երկրում, որտեղ մի խումբ ընտրյալներ անաշխատ եկամուտներ ունեն եւ անխնա շահագործում են մյուսներին՝ այնպես, ինչպես ճորտատիրական ժամանակներում էր: Նա հոգնել է, եւ այդ հոգնության հետ հաշվի չնստողները կարող են չարաչար պատժվել: