Որոշումը կա` գումարը չկա

Որոշումը կա` գումարը չկա
Երեւանի Կամերային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում բազմիցս անդրադարձել է թատրոնի խնդիրներին, նշելով, որ թատրոնը տարածքային լուրջ պրոբլեմներ ունի. ներկայիս տարածքը սահմանափակ է՝ տեղավորված չորս հարկանի բնակելի շենքի առաջին հարկում:



 



Այնինչ ցանկալի է, որ թատրոնն առանձին, սեփական շենք ունենա: Կամերային թատրոնի գործունեության համար էական նշանակություն ունի փորձադահլիճի, բեմական հանդերձանքի, կարի, դեկորացիաների արհեստանոցների, վարչական եւ այլ սենյակներ ունենալը, ինչը հնարավոր է միայն թատրոնին լրացուցիչ տարածքների տրամադրման դեպքում: Կառավարության  2013 թ. մարտի 21-ի նիստում հաստատվել է կրթության եւ գիտության նախարարության ներկայացրած նախագիծը, որով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ)-ի Կորյուն 19 հասցեում գտնվող 250 քմ հողամասն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով  հատկացվել է Կամերային թատրոնին՝  նոր մասնաշենք կառուցելու համար: Այստեղ կառուցվելու է շենք, որը թատրոնին լրացուցիչ տարածքներ ունենալու հնարավորություն կտա, լիարժեք պայմաններ կստեղծի վերջինիս բնականոն գործունեության համար, մասնավորապես նախատեսվող փորձադահլիճը միաժամանակ կօգտագործվի փոքր ֆորմատի ներկայացումների նպատակով՝ հարստացնելով ոչ միայն թատրոնի խաղացանկը, այլեւ թատերական խաղի բազմազանությունը:



 



Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանից հետաքրքրվեցինք, թե թատրոնի նոր մասնաշենքի կառուցման գործընթացը որ փուլում է: «Դեռ շուտ է խոսել նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն սկսելու մասին, քանի որ համապատասխան գումարային միջոցներ չունենք»: Տարիներ շարունակ հավելյալ տարածքի խնդիրը թատրոնի համար առաջնային է եղել, այժմ տարածքն ունեն, բայց ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով շենքի կառուցման աշխատանքները ձգձգվում են: Հարց է ծագում՝ պետական թատրոնի համար շենք կառուցելու նպատակով ով պետք է գումար տրամադրի, եթե ոչ պետությունը:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ