Ու՞մ խոսքն է արձագանք գտնում ժողովրդի սրտում, թող նա էլ վերցնի առաջնորդի լամպը

Ու՞մ խոսքն է արձագանք գտնում ժողովրդի սրտում, թող նա էլ վերցնի առաջնորդի լամպը
Հայաստանն աղքատ երկիր չէ. մեր պաշտոնյաների ունեցվածքի վկայագրերը դա է վկայում: Հայաստանի հարստությունը կենտրոնացված է մի խումբ մարդկանց ձեռքում, ովքեր ունեզրկել են ժողովրդին: Նմանատիպ խոսակցության ժամանակ « փափուկ մի թիքա» այսպես արտահայտվեց՝  հարստությունը վաստակել են: Սարսափելին այն է, երբ շատ հայաստանցիներ այդ մտայնության հետ համակերպվել են:



 



Բնական է թվում, որ պաշտոնյան մի երկու տարում կարող է իրենով անել երկրի սեփականության ինչ որ մաս, որ պաշտոնյաների չաշխատող կանայք, որդիները, հարազատները կարող են ունենալ միլիոնավոր դոլարներ ու խոշոր սեփականություն: Սրա հետ կարծես թե շատերը համակերպվել են ու սարսափելին հենց դա է, որովհետեւ համակերպումը մեռցնում է պայքարի ոգին: Հասկանում եմ, որ հավասարություն երկրի երեսին չի եղել ու չի կարող լինել, որ նյութական առումով մարդկանց մեջ հավասարություն լինել չի կարող, որովհետեւ մարդիկ իրենց ունակություններով ու աշխատասիրության չափով տարբեր են: Հայաստանում այլ ճանապահով են հարստանում, որը ոչ մի կապ չունի ունակությունների, աշխատասիրության, տնտեսության զարգացման, բիզնեսի հետ. դա կոչվում է համազգային թալան: Ալան-թալանը տեսնելով, թվում է, թե թալանողները շտապում են, ամեն պահ կարող է ինչ որ բան լինել ու կասեցվել: Շտապում են:  Այսպես վարվում են գրաված երկրի հետ, երբ նրա ողջ գույքն ու հարստությունը ավար են համարում: Հայաստանը փոքր երկիր է, մի տան չափ,  ժողովրդի աչքի առաջ: Այստեղ բոլորը  գիտեն, թե որ օբյեկտ ումն է կամ տվյալ պաշտոնյայի որ հարազատի անունով է գրանցված: Գիտեն՝ ինչն է գույքագրվում եւ ինչը՝ ոչ: Գիտեն, որ պաշտոնյան՝ չունենալով բիզնես, կարճ ժամանակում կարող է կուտակել հարստության անսպառ պաշար: Գիտեն, որ պաշտոնական լծակները հարստանալու համար միակ աղբյուրն են: Գիտեն ու լռում են, գիտեն ու բնական են համարում:



 



Այստեղ գիտեն, որ պաշտոնյայի ետեւում կանգնած է աներեւույթ ուժ, ով սնվում է նրանից ու սնման աղբյուրը չկորցնելու պատճառով նրա առաջ կանաչ լույս է վառում, անցի՜ր: Այստեղ բոլորը գիտեն, թե ով ինչ է թռցնում, ինպես է թռցնում ու հարստանում ու լռում են, որովհետեւ համակերպվել են արդեն, որ պաշտոն ունեցողը պիտի հարստանա:  Համակերպվե՜լ են ամենասարսափելի զգացման հետ, ինչպես կհամակերպվեն անբուժելի հիվանդության ու մահվան հետ: Բուժում չկա, փրկություն չկա, ի՞նչ անենք. Մնում է համակերպվել: Պարույր Սեւակի խորհրդածությունն է.  « Երբ մենք պարտվել ենք, պարտվել ենք ոչ այն պատճառով, որ թշնամին մեզանից ուժեղ է եղել, այլ մենք չենք ուզեցել հաղթել, չենք դրսեւորել մեր հոգու ու կամքի ողջ կարողությունը»: Սա մի բառով կարելի է կոչել համակերպում: Ով չի համակերպվում, լքում է Հայաստանը: Բայց Հայաստանում մնում, ապրում են  նաեւ չհամակերպվողներ, ովքեր չեն լքում երկիրը պարզ տրամաբանությամբ՝ սա մեր երկիրն է: Ամենածանրը Հայաստանում ապրող չհամակերպվողների  վիճակն է՝ բոլո՜ր առումներով: Նժդեհի խոսքերն այս պարագայում տեղին են. «Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես նաեւ անկախ մեր քաղաքական համոզմունքներից»:



 



Այդ մարդիկ մնում են, որովհետեւ Հայաստանը սիրում են անկախ ամեն ինչից, թալանից բզկտված երկրի կողքին են կանգնում, որովհետեւ պատկերացնում են Հայաստանի դատարկման ողջ սարսափը: Սա օտար ծրագրի իրականացու՞մ չէ: Մի հարցազրույցի ժամանակ Հրանտ Մաթեւոսյանն այսպես է արտահայտվել. « Հայաստանը լինի՝ հայությունն աշխարհում լինելու է, Հայաստանը չլինի, հայ չի լինի ու... Քո ոչ մի Դոքմեջյան, քո ոչ մի Ֆիլպեջյան, քո ոչ մի վաստակ աշխարհի առաջ, քո ոչ մի բարձրանուն չի կարող փոխարինել այն հասկացությանը, որ է՝ Հայաստանի Հանրապետություն:



 



Սա հայության օրրանն է, օրորոցն է, վերջին հայրենիքն է, վերջին հողակտորն է: Հայաստանը որ վտանգվեց, վտանգվելու է ամբողջ հայերիս, ողջ հայերի ճակատագիրն աշխարհում բացարձակապես: Համարիր գնչուների խմբեր՝ էստեղ-էնտեղ թափառող, ըստ Գարսիա Մարկեսի վեպի: Յուրաքանչյուր հայ քաղաքական գործչի, ում խոսքը եւ գործը արձագանք է գտնում, շարժում, նյութականանում է այս երկրում, նա պարտավոր է այս երկրի մասին մտածել որպես նախագահի, թեկուզ իր վիճակով չոբան լինի...»: Հարցնում եմ մեր քաղաքական գործիչներին՝ ու՞մ խոսքն է արձագանք գտնում ժողովրդի սրտում, ո՞րդ կարող է ժողովրդին հանել համակերպման թմբիրից, վերցրեք լամպը: Իլհամ Ալիեւի հրճվանքը՝ Հայաստանի արտագաղթի վերաբերյալ, մի բան է վկայում. Նա, ինչպես նաեւ շատերը, թաքնված սպասում են ու ինչքան էլ ընտրությունից ընտրություն ժողովրդագրական  վիճակագրությունը կեղծվի, նրանք լա՜վ գիտեն հեռացողների ու մնացողների թիվը: Գրող Լեւոն Խեչոյանի մեդալ չվերցնելը թող զանգ, ահազանգ դառնա ձեզ համար՝ Հայաստանը դատարկվու՜մ է, առանց չափազանցության Հայաստանի լինելիության հարցն է դրված, լամպ վերցրեք ու առաջնորդեք ժողովրդին:  Կանգնեք այն ուժի կողքին, ում վարկաբեկում է իշխանությունը, իշխանական մամուլը, սա նախագահի աթոռի համար պայքար չէ, այլ Հայաստանի գոյի պայքար է, կանգնեք՝ առանց մտածելու, թե ինչքան է նրան կարողացել ոչնչացնել համակարգը:



 



Դատարկվում է Հայաստանը՝ երկրի թալանը չկասեցնելու, երկիրը մի խումբ մարդկանցը դարձնելու, աղբն ու ոսկին խառնելու արդյունքում: «Չկա ավելի հոգեցունց բան, քան հիվանդ կենդանին. նա այն տանում է լուռ ու տխրալի երթարկված»,- ասում է Թեոֆիլ Գյոթեն: Կոշտ է, կոպիտ է, բայց դա էլ ասացի, որովհետեւ լուռ ու ենթարկված վիճակը մարդու համար էլ առավել սոսկալի ու խղճալի է:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ