Թմբուկի գաղափարը Նարեկ Սարգսյանին հանգիստ չի տալիս

Թմբուկի գաղափարը Նարեկ Սարգսյանին հանգիստ չի տալիս

Թամանյանական ճարտարապետության վաստակաշատ դահիճ Նարեկ Սարգսյանը հիմա էլ կենտրոնացել է Հանրապետության հրապարակի վրա: Որոշել է «վերակառուցել» հրապարակը, ինչից սարսռել են ոչ միայն ճարտարապետները, այլեւ բոլոր ողջամիտ քաղաքացիները:  






Մրցույթի հայտարարությունն այնքան անորոշ է, որ դրա տակ կարելի է հասկանալ սովորական բարեկարգման աշխատանքներից ընդհուպ հրապարակի ոչնչացում: Ըստ հայտարարության, վերակառուցման անհրաժեշտությունն օրհասական է դարձել. «…Հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի՝ իր բոլոր բացասական ազդեցություններով, Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձեւավորվել հրապարակի շուրջ, էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության եւ դոմինանտության կարեւոր պայմանները, հրապարակը ձեւավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են, ի վերջո՝ Հանրապետության հրապարակը, հանդիսանալով համայն հայության խորհրդանիշ ու համազգային, համապետական եւ համաքաղաքային միջոցառումների իրականացման կարեւորագույն հարթակ, Լենինի արձանի եւ դրա տրիբունայի ապամոնտաժման արդյունքում, ունի որոշակի դժվարություններ»: Այսինքն, քաղաքապետարանը խոստովանում է, որ նախկինում աղավաղել է հրապարակը եւ հիմա ձեռնամուխ է լինում դրա վերացմանը: Սակայն, քանի որ մեր տառապանքը փորձ ունի, հասկանալի է, որ սրա տակ բիզնես շահեր են թաքնված:   Ուշագրավն այն է, որ մինչ մրցույթ հայտարարելը, այս նախաձեռնությունը չի համաձայնեցվել Երեւանի քաղաքաշինության խորհրդի ճարտարապետների  եւ համապատասխան կառույցների հետ:






Ինքնագլուխ կազմվել է մրցույթի հանձնաժողով, որի մեջ  են նաեւ նրանք, ովքեր դեմ են դրան, եւ ովքեր մամուլից են տեղեկացել իրենց ներգրավվածության մասին: Օրինակ, քաղաքաշինական հանձնաժողովի անդամ Սաշուր Քալաշյանն ասում է. «Բայց իմ համաձայնությունը կա՞ր դրա համար, չկար, ես երբեւիցե չեմ համաձայնել ոչ միայն մասնակցել, այլեւ ժյուրիի մեջ լինել, սա անօրեն ծրագիր է»:






Ըստ Քալաշյանի, Նարեկ Սարգսյանն ամիսներ առաջ ակնարկել է դրա մասին, անգամ բաժանել նախագծի օրինակները, սակայն իրենք չեն հավանել՝ ասելով, որ անկարելի է այդ տեսքով դա հրապարակել, Նարեկը խոստացել է այն քննարկել խորհրդի հաջորդ նիստերի ժամանակ, սակայն հետաձգել է ու ընտրություններից հետո, բոլորի համար անսպասելի, հայտարարությունը տեղադրել քաղաքապետարանի պաշտոնական կայքում: «Այդ ամենը լղոզված է, եւ այդպիսի մրցույթ չի կարելի հայտարարել, դա շարքային հրապարակ չի, դա այն համալիրն է, որն ընդգրկված է պետական պահպանության հուշարձանների ցանկում՝ որպես հանրապետական նշանակության համալիր: Այսպիսի մրցույթ հայտարարել՝ առանց հանրային քննարկման, չի կարելի: Քանի որ այդ նախագծի կետերի մեջ գրված է, որ ինչ ուզենաս, կարող ես անել, վերակառուցես, ընդարձակես, քանդես»:






Ըստ Քալաշյանի, դա չի քննարկվել նաեւ մշակույթի նախարարության հետ:    Մինչդեռ այդ կարգի վերակառուցում քաղաքապետարանը լիազորված չէ անել, պետք է հայտարարվի մշակույթի նախարարության, քաղաքապետարանի, Ճարտարապետների միության,  քաղաքաշինության նախարարության հետ համատեղ: «Ի վերջո՝ ինչո՞ւ է շահագրգռված Նարեկ Սարգսյանը, եւ ի՞նչ կա այդ ծրագրի տակ» հարցին Քալաշյանը պատասխանեց հարցով. «Ինչո՞վ է պայմանավորված փակ շուկայի քանդելը, պարզ չի՞ դա, ուրեմն լափելու խնդիր կա, չեն համարձակվում ասել, բայց մրցութային նախագիծը կշահի, եւ կասեն, իսկ մեզ ուզում են գործիք դարձնել»: Քալաշյանն ասում է, որ իրենց հայտնի չէ նաեւ, թե ինչ միջոցների հաշվին է իրականացվելու: Իսկ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը վստահեցնում է, որ այն քննարկվել է խորհրդում: Նա թերեւս նկատի ուներ այն մեկանգամյա հպանցիկ քննարկումը: Նա վստահեցնում է, թե մրցույթ հայտարարելը դեռ չի նշանակում, որ այդտեղ հապշտապ ինչ-որ կառույց վեր կխոյանա: «Ես պոզիտիվ եմ վերաբերվում, համարում եմ եվրոպական մոտեցում, ավելի ժողովրդավար, ուրիշ հարց, որ կարող էր հայտարարելուց առաջ մի փոքր ավելի քննարկումը խորանար, բայց դա ընդամենը շատ փոքր տոկոս է, ես ընդհանուր դրական եմ համարում»:






Սամուելյանին հայտնի չէր՝ ծրագիրը համաձայնեցվա՞ծ է նախարարության հետ: Արդյո՞ք իրենց պատկերացրած  ծրագրով հրապարակն ավելի լավն է լինելու՝ հարցրինք փոխնախարարին: «Իսկ ո՞վ է ասում, որ ներկայիս հրապարակին ինչ-որ մեկը ձեռք է տալու: Հրապարակը լայն հասկացություն է: Ամեն ինչն էլ առաջ գնալու, զարգացնելու կարիք  ունի, ես էլ եմ կարդում «Ֆեյսբուքում» իմ շատ ընկերների կարծիքները, որ ուզում են սրճարան կառուցել եւ այլն, սակայն մրցույթը դա չի նշանակում, դա նշանակում է ընդհանուր մոտեցում: Ես, որպես ճարտարապետ, այդպես կընկալեի»:



 



Փոխնախարարը չբացառեց, որ կարող է փոփոխության ենթարկվել Ազգային պատկերասրահի վերնահարկը, եւ կառուցվի կառավարության շենքի  այդքան թմբկահարված ու հետաձգված գմբեթը: «Նախագծում հնարավոր են ֆուտուրիստական մոտեցումներ, բայց դա չի նշանակում, որ դա էլ լինելու է, շատ լավ է, որ կա տարակարծություն ու տարբեր մոտեցումներ»,-մեկնաբանեց ճարտարապետը:  Նշենք, որ հանձնաժողովի կազմում, բացի Քալաշյանից ու Սամուելյանից, ընդգրկված են քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը, քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման մշտական հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանը, Յուրի Սաֆարյանը, Արթուր Մեսչյանը եւ Աշոտ Հակոբյանը: 






Հրապարակի նախագծի շուրջ բարձրացած աղմուկը ստիպեց Նարեկ Սարգսյանին պարզաբանմամբ հանդես գալ, ըստ որի՝ «մրցույթի նպատակը մասնագիտական եւ հանրային քննարկումների արդյունքում առկա խնդիրների վերհանումն է, դրանց լուծումները գտնելն ու հրապարակի հետագա զարգացման տեսլականը ձեւավորելը»: