Եթե այս երկրում միայն նախագահը պետք է լավ ապրի, սխալվում եք

Եթե այս երկրում միայն նախագահը պետք է լավ ապրի, սխալվում եք
Հարցազրույց դերասան Լեւոն Հարությունյանի հետ



Սկիզբը՝ նախորդ համարում



 



-Պարոն Հարությունյան, այսօր շատ ավելի հաճախ այն կարծիքն է հնչում, որ մեր երկրում ինչ-որ բան կփոխվի ոչ թե քաղաքական հեղափոխության, այլ սոցիալական բունտի ճանապարհով, որի նախադրյալները վերջին օրերին առկա են մեր երկրում. հոսանքի ու գազի գնի թանկացում, կարկուտի առաջ մենմենակ կանգնած գյուղացի: Դուք ենթադրո՞ւմ եք նման տարբերակ:



 



- Դա պետք է մենք որոշենք ու չնահանջենք, մի օր հանկարծ, որ մեր «վերեւները» հասկացան, որ ազգը խելոքացել է, իսկ իրենց միշտ թվում է, թե ազգն ապուշ է, այդ օրը հենց ինքն իր ձեռով իր «վեշերը» կհավաքի-կգնա կամ էլ կգա հաշվի կնստի: Դա մի օր պիտի արվի, բոլորով մի բան ուզենք ու գնանք մինչեւ վերջ՝ անկախ կրակոցներից, ջրցան մեքենաներից, մենք էլ ճանապարհ չունենք: Այսօր մի հատ ազատամարտիկների վիճակը նայեք, CNN-ն էդ տղերքի մասին ֆիլմ է նկարում, որ տանի, դրսում ցույց տա, մենք էդ հերոսների մասին չգիտենք: Էսօր սերիալների միջի «քաքը» նայեք, ես ռեժիսորներին ասում եմ՝ դու գիտե՞ս էն հերոսի մասին, որ սահմանի վրա ապրում է, տան կողքը ընկերն է թաղված, ու ընկերոջը խոսք է տվել, որ ստեղից մարդ չպետք է անցնի, ու եթե կռիվ լինի, էլի գնալու է: Ես կուզենամ, որ ամեն մեկս էդ մարդու չափ կարողանանք մեր հայրենիքը սիրել, որ սերիալներում այդ մարդու ապրած կյանքը, անցած ճանապարհը ու իր խոսքը տեղ հասնի, որ վաղը, մյուս օրը իմ երեխան հերոս ունենա, էսօր իմ երեխան հերոս չունի: Դուք տեսեք սերիալներում ինչ է կատարվում՝ լաց, կոծ… ես երկու տարի է արդեն՝ հրաժարվել եմ նկարվելուց, բայց զգում եմ, որ սոված եմ ու դեռ դիմանում եմ:



 



Լիքը չափանիշներ կան, որ պետք է բերվի-դրվի տեղը, ամեն սցենար չի, որ պետք է գնա եթեր, անընդհատ ասել, որ ժողովուրդը դա է պահանջում, արդեն հոգնեցինք, էլի. ոչինչ, 6 ամիս ցույց տուր, ու դա կդառնա բնավորություն, ինքը կսկսի արդեն դա ուզել` նորմալը: Պետությունը փող չի դնում մշակույթի վրա, դա իր համար թանկ հաճույք է, բայց ինքն ավելի թանկ հաճույքներից է օգտվում: Հեռուստաընկերությունները դարձել են հարմարվողներ, վախվորած, երբ ինքն իր տեղը չունի, ու միշտ իրեն տեղն են դնում: Ես ուզում եմ ազատամարտիկների անունից ասել, որոնք անկեղծ կռվել են, խրամատում չեն թաքնվել, որոնց վախեցրել են, բայց իրանք չեն վախեցել, մի օր իրանք էլ են պայթելու, արդեն ոտքի են ելել:



 



- Խոսեցիք հեռուստաընկերությունների հարմարվողականության մասին, իսկ մտավորականների մասին ի՞նչ կասեք, ինչպիսի՞ն է այսօրվա մտավորականը` լո՞ւռ է, հարմարվո՞ղ:



 



- Այո, լուռ է, հարմարվող, երկիրը սարքեցին մի երկիր, որտեղ ամեն մի քայլափոխի ծախվելու ես, այսօր մտավորականներս ծախվում ենք անընդհատ, ուրիշ տարբերակ չկա:



 



- Հոգնակիով եք խոսում, Ձեզ է՞լ եք ներառում այդ ծախվողների մեջ:



 



- Հա, ու եթե ծախվեմ, ուզում եմ նորմալ գնով ծախվեմ, այսօր ոչ մեկը դրանից ապահովագրված չի: Փառք Աստծո, ոչ մի կուսակցություն չեմ մտել, կյանքում չեմ էլ մտնի, եթե տեսնեմ կա լիդեր, որ երկրիս համար է, ու ինքը վաղը, մյուս օրը երկիր է սարքելու, որը վայելելու է իմ երեխան ու չի ամաչելու, որ հայ է, ես այդ մարդու հետեւից կգնամ: Բայց ես այսօր այդ մարդուն չեմ տեսնում: Իմ հասակակիցներին եմ դիմում` էլի մի օր մենք բոլորս պիտի հավաքվենք ու ասենք էն, ինչ որ մտածում ենք, ասենք մեր դիրքից: Արդեն մշակույթի մեջ էլ է զզվելի կենցաղ մտել, մենք մեր գինը գցել ենք, մեր մակարդակը՝ իջացրել: Այսօր ոչ մեկի ես չեմ ուզում մեղադրել, առաջին հերթին մեղադրում եմ ինքս ինձ, որ մինչեւ հիմա լռել եմ, որ ոչ մի բան չեմ ասել, որ ինձ ասել են՝ դե լավ, ձենդ կտրի՝ սսկվի, ես կարող է ձենս կտրել, սսկվել եմ, բայց արդեն եկել է ժամանակը:



 



- Բայց եղե՞լ է, որ խոսք ասելու համար Ձեզ լռեցնեն: 



 



- Ինչ-որ բաներ եղել են` վախեցնել, սսկացնել…  դա պետք է լինի, որովհետեւ իրանց արդեն խանգարում ես: Իսկ եթե ես մենակ չլինեմ, ու լինեն շատերը, մի քիչ այդ խանգարելը դժվար կլինի, ու արդեն կգան, քո հետ հաշվի կնստեն: Ո՞նց կարելի է մարդուն առնել: Ես զարմանում եմ էն մարդու վրա, ում տունը մտնում-առաջարկում են ընտրակաշառք, ու նա չի թքում դրա երեսին, ո՞նց կարա չգա հրապարակ ու չասի՝ ինձ ընտրակաշառք են առաջարկել: Ո՞նց կարաս էդ քսան հազարին գնաս, ազգ, լավ, վիճակը ծանր է, վերցնում ես, բա մի շաբաթ հետո դու քո ներսի հետ չե՞ս խոսում: Էդ քսան հազարի տակ վաղը քո էրեխու չթողելն է թաքնված: Դա էլ բերեցին դարձրին բնավորություն, ազգս նոր բնավորություն է ձեռք բերել` վերցնել, բայց եկեք պարզենք նաեւ՝ ինչ վերցնել ու ինչ չվերցնել, մեր ներկայացման մեջ լավ է ասված` ամեն ինչ բերանդ մի տար, սովորություն կդառնա: Էս երկրում ահագին բան կա փոխելու… իմ նախագահն ասում է` դուք տեսե՞լ եք թատրոնների դիմաց կանգնած մեքենաները, այդ մեքենաները քշում են դերասանները: Պարոն նախագահ, եթե այս երկրում միայն նախագահը պետք է լավ ապրի, սխալվում եք:



 



Ո՞նց կարա իմ երկրի նախագահը նման արտահայտություն անի, եթե ինքն էդպես պիտի պատասխանի այդ հարցերին, դա իմ համար շատ պրիմիտիվ պատասխան է, չեմ էլ ուզում ասեմ` վիրավորական: Ես այդ լոգիկան չեմ հասկանում:  Դերասանն էլ է, չէ՞, ուզում հարմարություն, դերասանը, ում ճանաչում են, չի կարող ամեն օր տրանսպորտով գնա… իսկ ինչի՞ դուք տրանսպորտով չեք գնում, պարոն նախագահ, մի օր իջեք, տրանսպորտով գնացեք, բայց ոնց որ հարմար չի, չէ՞: Մի հատ բան եմ գրում, որտեղ մի փոքր մոնոլոգ ունեմ. պետությունս դարձրել են երկար ժամանակ չհետեւած բերանի. Սեղան-ատամը նախագահներն էն, իրենք անիմաստ աճում են, հետո, երբ քաշում-հանում ես, ինքը ոչ մի վնաս չի տալիս, դիմացի ատամները նախարարներն են, պետությունս երախի է նմանվել, իսկ ատամնաբույժը ժողովուրդն է, հենց սկսում է մի հատ ատամ ցավել, սաղ վազում են ժողովրդի մոտ: Ազգս արդեն սկսել է ճշտի գործ անել, բայց դեռ ճիշտը չկա: Գիտես, դժվար է, երբ դուրս ես գալիս քաղաք ու տեսնում ես դատարկված քաղաք, դատարկված պետություն: Այսօր պետությունը պիտի գյուղը պահի, բայց խեղճ գյուղացին պարտքերի տակ է խրված, նրան ոչ մի հնարավորություն տրված չի, էլ ո՞նց չթողնեն փախնեն:



 



Մեղք են էդ մարդիկ, 3 հազար ավելացնում են, ու մարդիկ երջանիկ են: Մայրս թոշակառու է, ասում է` նախագահն ասեց, որ թոշակը 3 հազար պիտի ավելացնեն, տեսնեիր ինչ ուրախ էր: Ես ուզում եմ այսօր նոր կրթված սերունդ գա, որն ունի իր առջեւ դրված խնդիր, ու կան նման երիտասարդներ, ես առաջին հերթին նրանց եմ դիմում` խնդրում եմ նախապես չծախվեք, որ հետո վաղը, մյուս օրը հպարտ լինեք, որ այդ հպարտության շնորհիվ երկիր ունենանք: Որոշել էինք մշակույթից խոսել, բայց այդպես էլ չստացվեց: Ասում են՝ երբ մի բանի մասին չես խոսում, ուրեմն դա չկա: Այ, եթե մշակույթ լիներ, ես մեծ սիրով կխոսայի, թող ինձ ներեն այն մարդիկ, որ մշակույթի մեջ են եւ ուզում են մշակույթ ստեղծել: Ախր ո՞նց կարելի է Մեսրոպ Մաշտոցին տալ Մեսրոպ Մաշտոցի մեդալ, ուղղակի աբսուրդ է, մենակ իմ երկրում կարար նման բան լիներ: Իսկ իմ երկրում ամեն օր խնդալու բաներ են տեղի ունենում, որի տակ լաց է ու ցավ: