«Մէկ կադր 2013» կարճ ֆիլմերի միջազգային փառատոն

«Մէկ կադր 2013» կարճ  ֆիլմերի միջազգային փառատոն
Հունիսի 2-ին ՆՓԱԿ-ում բացվեց «Մէկ կադր 2013» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը, որի շրջանակում կցուցադրվի մեկ  րոպե տեւողությամբ եւ կարճամետրաժ 340 ֆիլմ, որից 109-ը՝ մրցութային, 231-ը՝ հատուկ ծրագրերով: Փառատոնի հիմնադիր նախագահ Գագիկ Ղազարէն «Մէկ կադր 2013» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի ծրագրում ուղերձ է հղել մասնակիցներին.



 



«Կինոն հիշողություն է, այն, ինչ թանկ է մեզ համար, ինչը մեզ օգնում է պահպանել մարդու տարածքը` մարդկանց համար: Ամենակինոները մեր ապրած օրերի այն ակնթարթներն են, որտեղ մենք կամ հաստատվում ենք որպես զգացողություն ու միտք, կամ կործանում միտքն ու հույզը: Նա, անկախ մեզանից, կշարունակի սավառնել ապրելու իր տիրույթներում: Կինոն հենց ինքը կյանքն է, մեր կյանքը հասցեական է ու հասցեատեր: Անհասցե կինո չկա: Կինոն ազատարար է, ազատատեր ու ազատներինն է: Իսկական կինոյից կյանքի հույս, ապրելու, լինելու միտք է բխում, հոտ է գալիս: Իսկական կինոն հաստատումն է ազատության: Իսկական կինոյից հետո ուզում ես ապրել, որովհետեւ կինոն կյանքի արվեստն է, ինչպես կյանքը` աղի է ու քաղցրահամ»: Հունիս 9-ին, փառատոնի փակմանը, մրցանակներ կտրվեն «Մէկ կադր, մէկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի» անվանակարգերում: Հաղթողները կստանան փառատոնի խորհրդանիշը՝ Հայաստանի Գեղամա լեռներում գտնված 5000-ամյա ժայռապատկերից վերակերտված բրոնզաձույլ արձանիկ: Գագիկ Ղազարէի խոսքերով, ՆՓԱԿ-ը եւ, մասնավորապես, «Մէկ կադր 2013» կարճ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը միտված է խթանելու Հայաստանում անկախ կինոարտադրության զարգացմանը, կինոյի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, արվեստագետների սերտ շփմանը եւ ապագա համագործակցությանը: