Օֆշորային ալելուա

Օֆշորային ալելուա
Հայաստանում նամակագրությունն արդեն պաշտոնական գրության ձեւ է դարձել ու մնում է, որ Ազգային ժողովը հաստատի այդ կարեւոր փաստաթուղթը: Տեւական նամակագրությամբ էին զբաղվում նաեւ Րաֆֆին ու Սերժ Սարգսյանը, ովքեր մոռացել էին, որ կողք- կողքի են ապրում եւ կարելի է նաեւ առանց նամակների փոխանակվել:



 



Յուրօրինակ նամակագրություն է սկսել նաեւ հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ում 5-6 էջանոց նամակը չնայած ուղղված է ՀՀ գլխավոր դատախազին, պատճեն էլ՝ լրատվամիջոցի, բայց ըստ էության այն հասարակական կարծիք ձեւավորելու փորձ է: Հասարակական կարծիք, որի անհրաժեշտությունն այս պահին օդի պես ունեն  վարչապետն ու  Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: Հարցը գորշանում է նրանով, որ հետաքրքիր փաստ է արձանագրվում՝ աշխարհիկ ու հոգեւոր առաջնորդների միատեղ օֆշորային գործունեության կոնկրետ օրինակ: Իշխանության ու եկեղեցական հայրերի գործնեության նույնացման մասին նոր չէ, որ հանրությունը խոսում, աղմկում է, այս կոնկրետ օրինակը կարող է շատ վտանգավոր լինել՝ իրողության առումով: Նման պահերին, հասկանալի է, քավության նոխազ է ընտրվում մեկը, ով առավել քիչ խոցելի է:



 



Բայց քանի որ վերջին տարիներին շատ է խոսվում հոգեւորականի նիստուկացի, վարչապետի դղյակների եւ ունեցվածքի մասին, զարմանալի չէր հանրության արձագանքը՝ Աշոտ Սուքիասյանի նամակն ընդունվում է  ոչ թե սուտ, այլ որպես ստի ծաղր: Երկար ժամանակ է, երբ հանրությունն ամեն օր օֆշոր է ծամում ու ծամելը կարելի էր ժամանակին դադարեցնել տալ: Հատկապես, երբ հետախուզման մեջ գտնվելու փաստն էլ մեղմ ասած լուրջ չի ընդունվում: Զարմանալ կարելի է՝ ինչպե՞ս կարող է  հետախուզման կամ «թռցման» մեջ գտնվող մարդու երեսը բռնել ու  նամակ գրել՝ մեղքի վրա նորանոր մեղքեր բարդելով: Հայաստանը կաթի տարիքի երեխա՞ է, որ ուզում ես խմբակային մեղքը քո վրա վերցնել՝ հանուն էլի՜ նորանոր փողերի, նորանոր «վայելքների», Հայաստանն  օրորոցային բարու՞ր է, որ նա՜յ-նա՜յ ես անում. «Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»: Այդ մի քանի նախադասության մեջ այնքան անորոշ ու որոշակի հանցագործություններ կան, այնքան անորոշ ու որոշակի մարդկանց անուններ, որ ես վախենում եմ, թե Հայաստանը վերջնականապես մինչեւ հատակը թաղվել է ճահճի մեջ՝   տնտեսագետով, հոգեւորականով ու ադամանդագործով:  Թաղվել ու եկեղեցուն  մնում  ասել՝ ալելուա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ