Մի՜ անհանգստացեք, Վարդգեսի ժամանակը դեռ գալու է

Մի՜ անհանգստացեք, Վարդգեսի ժամանակը դեռ գալու է




«Մարդիկ  ծառեր  չեն։ Ծառերն են, որ կարող են տարիներով  ապրել  կողք  կողքի, ճյուղերով  ու  արմատներով  նույնիսկ  քսվել  իրար, բայց  մնալ օտար  ու  առանձին։ Մարդը  պիտի  կարողանա հիշել և պիտի  կարողանա  մոռանալ։ Մարդիկ ծառեր  չեն  և պարտադիր  չէ, որ  նրանք  կողք  կողքի  լինեն՝ իրար  հիշելու  կամ  մոռանալու համար»։



                                                                                ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ







 



            «Գուցե  իսկապե՞ս եկել է  «քարերը ժողովելու» ժամանակը...»



 



Երբ սկսվեց Վարդգես Պետրոսյանի 80-ամյակին նվիրված երեկոն, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այդ երեկո  հավաքված հանդիսատեսը՝  ուսանողական կամ աշխատանքային ընկերներ, հին ու նոր «Գարունականներ», կյանքի ուղեկիցներ, պարզապես թողած ժառանգությանը քաջածանոթ երկրպագու-գրասերներ, ովքեր ամենևին էլ հոբելյանական հերթական ժամանց  չէին ակնկալում, անմիջապես, կորստի ու կարոտի միախառն զգացումով ներգրավվեց բեմական իրականության մեջ։  Մանկությանը վերաբերող դրվագը հուզեց ամենքին. շատերի աչքերին արցունք երևաց, երբ իմացան, որ նորածին Վարդգեսը կենդանության նշան է ցույց տվել հոր  տաք ու պինդ գրկում, նրա երգի հնչյունների ներքո...  Փարատվեց, կարծես, հանդիսասրահի թափուր նստատեղերի հարուցած տրտմությունը։  Բայց, մի նոտայի վրա ծավալվելով, տեսանյութում տեղ  գտած կրկնություններով, հետագա բեմապատումը նկատելիորեն դժգունացավ։ Հատկապես  երկարաձգվածության տպավորություն սկսեց թողնել, երբ ժամանակային փոքր տարածքում թե էկրանի վրա, թե բեմում առյուծի բաժինը գրավեց «Մենավոր ընկուզենին»... Գրեթե ամենքն  էին ակնկալում դիտել հատվածներ նրա  բեմավորված հայտնի գործերից, եթե ոչ կենդանի կատարմամբ, գեթ   կինոժապավենի վրա...



 



Հանդիսասրահի  հավաքական կարծիքով՝  էապես  թերի էր Վարդգես Պետրոսյանի ներկայացումը թե էկրանից, թե բեմից, թե անձնական կյանքի կարևոր մանրամասների, թե թողած գրական ժառանգության տեսակետից։   Ինչպես Պետրոսյանը կասեր՝ «խելքի սրտով» երկրպագողները  տրտնջացին   տասը տարվա հրապարակային լռությունից հետո իրենց սիրելի գրողին, երբեմնի մտերիմ բարեկամին ու հասարակական գործչին  այդքան սեղմ տարածքում  համեստորեն արժևորելու փաստից. «Մի՞թե տևական ընդմիջումից հետո այսքան համեստ պիտի գնահատվեր Վարդգես Պետրոսյանի ծանրակշիռ վաստակը մեր գրական-հասարակական կյանքում, սա կարող էր լինել մեկնարկը կամ ավարտը պետրոսյանական տարվա հանդիսությունների, թող մի նոր բեմադրություն անեին,  անտիպ  գործերից կամ հայտնիների ընտրանին  հրատարակեին, ֆիլմ  նկարեին...»։  Ինչպես ժամանակին ինքը՝ երիտասարդական-նորարարական  ավյունով  լեցուն  Վարդգես  Պետրոսյանն է  նկատել. «Յուրաքանչյուր տարի իրենց համար աշխարհն առաջին անգամ են հայտնագործում  նորանոր  սերունդներ և հարկավոր է, որ  նրանք  ճշգրիտ  կողմնացույց ունենան։ Նրանք ժառանգություն են ստանում երկիրը, բայց պատմությունը սովորում են»։



 



«Համր լեռան» յուրատիպ ճիչ էր կարդացվում շատերի դժգոհության մեջ, ոչ չմհավանություն. 70-ամյակից հետո ծննդյան կամ մահվան օրերին հիշատակումներից, դպրոցական ցերեկույթներից  զատ հանրային  բարձր հնչողության որևէ պաշտոնական հանդիսություն չէր կազմակերպվել, և գրասեր, պետրոսյանագետ ներկաներն իրապես բավարարված կզգային, եթե այդ երեկոն, ասենք, պետրոսյանական տարվա ամփոփիչ ակորդը լիներ՝ ինչ-որ հնարքով Միացյալ Նահանգներից «տուն վերադարձած» «Կրակե շապիկ» վեպի երկրորդ հատորի շնորհանդեսով զարդարուն... «Վերջին ուսուցիչը», որը մինչև 1985-ը 200-ից ավելի բեմադրություն է ունեցել, նոր կյանք է ստացել երիտասարդ բեմադրիչ Դավիթ Հարությունյանի մեկնաբանությամբ  և  հաջողությամբ  խաղարկվում է Պատանի հանդիսատեսի թատրոնում, չէ՞ր կարելի նախապես ծրագրված միջոցառաշարում ընդգրկել, եթե միջոցները սակավ էին  Պետրոսյանի հայտնի ու անհայտ այլ  գործերի  բեմադրություններ   պատվիրելու  համար...



 



Հարցեր,  հարցեր,  հարցեր, որոնց  անմարելի  ընթացքը  հնարավորինս  հստակեցնելու միտումով  էլ   ծավալեցինք  զրույցներ  հանդիսության  գլխավոր  կազմակերպիչների, գրականության  ու  թատերարվեստի  բազմափորձ  գործիչների  հետ։



 



Հրաչյա Աշուղյան   - ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, բեմադրիչ, պրոֆեսոր



Ցանկացած հոբելյանակատարությունից մեր ժողովուրդն  ակնկալում է  հանրածանոթ շոու՝ բազմաթիվ անգամներ  կատարված   երգեր. պարեր,  զվարճալի պատմություններ, շնորհավորանքների շքերթ...   Մինչդեռ, յուրաքանչյուր հոբելյարի պետք է շատ կոնկրետ մեծարել։ Ինձ համար գրական թատրոնի սկզբունքով  հանրաճանաչ գրողի, ժուռնալիստի, հրապարակագրի, ազգային գործչի երեկոյի բեմադրությունը միանգամայն համապատասխանում է հոբելյարի բովանդակությանը։ Ես տեսել եմ Վարդգես Պետրոսյանի գործերից շատերի բեմադրությունները թե Դրամատիկում, թե Սունդուկյանի անվան թատրոնում։ «Վերջին ուսուցիչը», «Հայկական էսքիզները», «Ապրած և չապրած տարիները»... «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (1976թ.) Վարդան Աճեմյանի վերջին ստեղծագործությունն էր, թանգարանային շքեղ մի  ներկայացում՝  հիանալի դերասանակազմով, որում փայլում էր Արուս Ասրյան-Վաղինակ Մարգունի  դուետը։ Իսկ «Համր լեռան ճիչը» (բեմադրիչ՝ Երվանդ Ղազանչյան, 1985թ.), որ հետո մեծ էկրան բարձրացավ, ի պատիվ Ֆրունզե Դովլաթյանի, պետք է ասեմ, որ ազգային մտածողությամբ ու  ճշմարիտ հայրենասիրությամբ, քաղաքացիական համարձակ դիրքորոշմամբ աչքի ընկնող մեր լավագույն ֆիլմերից է՝նույնպես հրաշալի դերասանակազմով, բարեկիրթ ու ազնիվ մտավորականի իր իսկ գլխավոր տպավորիչ դերակատարությամբ։ Ինքս ժամանակին  իրականացրել եմ «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» ռադիոբեմականացումը, որն այժմ ոսկե ֆոնդում է և  եթեր է հեռարձակվում Վարդգեսի օրերին...



 



Լավ ճանաչելով Վարդգես Պետրոսյանին, նաև երեկոյի բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանին ու սցենարի հեղինակ, արձակագիր-դերասան  Հովհաննես Թեքգյոզյանին՝ երկու ձեռքով կողմ եմ   նրանց բեմադրամտահղացման հիմնադրույթներին։  Երիտասարդ դերասանախումբը,  գրակալների առջև կանգնած, կիսաշրջան էր կազմել բեմում՝ թիկունքում էկրանից ցուցադրվող կադրերի միջնորդությամբ մշտապես զգալով հոբելյարի ներկայությունը, իր ակնածալից զգացողությունները խոսքի նրբերանգներով արտահայտելով ու դահլիճ փոխանցելով... Երեկոյի ընթացքում ես վերապրեցի միասին ապրած մեր օրերը՝ Գևորգ Էմինի հոբելյանի կազմակերպումը Աշտարակում և Երևանում, ճամբարային  խարույկի շուրջ նստոտած մեր ուշագրավ զրույցները, «Գարուն»-ական տաքսիրտ բանավեճերը... Եվ հետո, Վարդգես Պետրոսյանն այնքան մեծ ծավալի մտավորական էր, որ եթե նույնիսկ գտնվեին որոշ դրվագներ, դարձյալ չէին կարող լիարժեքացնել նրա անպարփակ գործունեության ներկայացումը։ Միայն «Գարուն» ամսագրի համախմբած երիտասարդներիս՝ մի ամբողջ բազմամարդ  «Գարունավառ» սերնդի  հախուռն քննարկումները յուրաքանչյուր հրապարակման, երևույթի շուրջ, մի ամբողջ ներկայացման նյութ է իրենում պարփակում։  Նույնիսկ՝ ողբերգական ֆինալով՝ պայծառ գարնան շուտով փոխակերպմամբ անձրևոտ տերևաթափի...



 



Ինձ էլ շատերը մոտեցան, առաջարկներ էին անում երեկոն լավացնելու. ինչպես ասում են՝ որքան մարդ, այնքան կարծիք...  Սակայն գրական թատրոնն ունի իր օրենքները։ Ինչպես Ստանիսլավսկին է ասում՝ ստատիկ դինամիկայի, ներքին լարվածության...



 



Ինքս էլ կկամենայի առավել լիարժեք տեսանյութի հաղորդակցվել, բայց քանի որ գիտեմ, թե իրականում  որոշ գրառումներից բացի ոչինչ չի  պահպանվել, կարծեմ՝  այն ժամանակ չէին էլ տեսագրում ներկայացումները։ Ցավալիորեն Աճեմյանի ու Ղափլանյանի հրաշալի աշխատանքներից գրեթե ոչ մեկը չի  պահպանվել կինոժապավենի վրա։ Հավատացնում եմ, շատ քիչ տեսագրություններ են պահպանվել, հեռուստաթատրոնի ոսկե ֆոնդում կատարյալ սնանկություն է տիրում... Հնարավոր չէր կենդանի տեսանյութով առավել սրել Վարդգեսի ներկայությունը այդ երեկո։ Դեռ լավ է, որ հին ժապավեններին որոշ լուսանկարներ համադրելով՝ Հրաչ Ստեփանյանը հաջողեցրել էր հին Երևանի շունչը ստանալ, ինչը նպաստում էր այն օրերի ընդհանուր պատկերի գունեղացմանը։ Ինձ համար շատ հետաքրքիր էին Վարդգեսի ընտանեկան պատմությունները, սոված օրերում զարմանալիորեն տարածված գրքի պաշտամունքը, պատանեկան  սիրո  քնարի կենսական մոտիվները... Մեր ներկայում գուցե ծիծաղելի թվան աղջիկ-տղա մաքրամաքուր հարաբերությունները, մի գիրք նվեր ստանալու ցնծությունը, անշահախնդիր ընկերասիրությունը..., այլ մարդկային արժեքներ, որոնց պակասը ավագներից շատերս ենք զգում... Մեր ունեցած լավագույն հինը մոռացությունից  պատշաճ  փրկելով՝   ցանկալի սերնդափոխությունը  կխթանեինք արվեստում։ Մեր շնորհալի նորերը, գործունեության արգասաբեր ասպարեզ ունենալով,  նոր կյանք կհաղորդեն դասական արժեքներին։ Եվ Վարդգես Պետրոսյանի ժառանգության հանդեպ ցուցաբերված համանման վերաբերմունքը կարող է առաջին զանգը լինել՝  հոգևոր գանձերը փրկելու, համազգային զարթոնքի...



 



Վարսիկ Գրիգորյան -  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, թատերագետ –



 



Կան անհատականություններ, նյութեր, թեմաներ, որոնց պահանջը զգացվում է։ Պարզապես ծարավի ես նման թեմաների հնչեցմանը։  Հենց այդպիսին էր Վարդգես Պետրոսյանին նվիրված երեկոն, մանավանդ մեզ համար, ովքեր իրենց երիտասարդ տարիներին ձևավորվել են Վարդգես Պետրոսյանի պատմվածքներով, ակնարկներով, վեպերով և, իհարկե, նրա «Գարունով»։ Մեր հոգում նրա  լայնամասշտաբ գործունեությունը թողել է վառվռուն տպավորություններ։ Պետրոսյանի ազգային մտահոգություններով, քաղաքացիական բարձր գիտակցությամբ համակված՝ մենք երախտագիտությամբ ենք լցված այդ ազնիվ հայորդու հանդեպ։  Բնական է, որ այդ երեկո ակնկալում էինք տեսնել մեր սիրելի  անհատականությանը համակողմանի։ Գտնված էր, որքան գիտեմ՝ շատ կարճ ժամանակում, ամենանպատակահարմար  մատուցման  ձևը՝ գրական թատրոնը, որն այնքան ճկուն է, որ կարողանում է ինչ-որ բան որսալ դրամատիկականից, բայց  իր գրական թեմատիկ շարքն ունենալ։ Երեկոյի ռեժիսորի  գրագետ խնդիրներին բարեխղճորեն արձագանքելով՝ երիտասարդ դերասանախումբը հաջողել էր մեզ համար կենդանացնել Վարդգես Պետրոսյանի անձն ու գործը ծննդյան շատ հուզիչ պատմությունից ծավալելով ներկայացումը դեպի գործունեության տարբեր ոլորտներ։ Նրա կյանքում  կոնկրետ դերակատարություն ունեցած մարդկանց կերպարների և կարևոր շրջափուլերի բացահայտմամբ մեր աչքի առաջ միս ու արյուն ստացավ Վարդգես Պետրոսյան մարդը, գրողը, քաղաքացին։



 



Ինչ վերաբերում է  այդ երեկոյի գեղարվեստական որոշ իրականացումներին, յուրաքանչյուրը կարող է ունենալ իր մոտեցումները, բայց  էական մանրամասներով ձևավորված սցենարի վարպետ մատուցմամբ, ընդամենը մեկուկեսժամանոց երեկոյի ծիրում  երիտասարդների համախումբը, որում ինձ համար հաճելի էր տեսնել ազնիվ թրթիռներ  երևակող  Հարություն Անդոյանի դեբյուտը, ամփոփ ու տպավորիչ  կերպավորեց հոբելյարին։



 



Մենք շատ երախտապարտ ենք Վարդգես Պետրոսյանին Հայաստանի սահմանամերձ գյուղերի խնդիրների մասին ժամանակին ահազանգելու համար։ Այդ խնդիրներն այսօր էլ անլուծելի են մնացել, և լավ է, որ նոր սերնդի արվեստագետները կրկին տագնապ էին հնչեցնում՝  համարձակ դրսևորելով իրենց քաղաքացիական ազնիվ ընդվզումը։ Ինքս նկատեցի, որ  երեկոյի բոլոր մասնակիցները հրաշալի գիտեին Վարդգեսին ու ակնածանքով էին որսում ամեն մի բառը, արտահայտությունը, դրվագը։  Իբրև թատերագետ մտածում եմ, որ գուցե հնարավոր էր Սերոբի հատվածը կամ ջահելների պատմությունը, նույն «Ընկուզենին» խաղարկային միջոցներով իրագործել։ Միաժամանակ, իբրև Վարդգեսի ընտանիքին մոտ մարդ, ով լավատեղյակ է հոբելյանի կազմակերպչական  բազմաբարդ խոհանոցին,  ամիսներ շարունակ անկեղծորեն կիսել եմ այդ երեկոյի անմիջական նախաձեռնող Էմմա Մակարյանի՝ Վարդգեսի կնոջ և դստեր՝ «Հայկական էսքիզներ» հիմնադրամի (նախագահ՝ Հակոբ Ավետիքյան) գործադիր տնօրեն Արմինե Պետրոսյանի տառապանքները։  Լավ գիտեմ, թե ում մեղքով և ինչպես է ձգձգվել հոբելյանական հանդիսության իրականացումը։ Չեմ թաքցնում, ինքս էլ պահանջ զգացի Վարդգես Պետրոսյանի թատրոնի ամբողջական կենդանացման. հարկավոր էր նոր բեմադրություններ անել, քանի որ հներից նույնիսկ  հատվածներ ներկայացնելն անհնար էր, բայց դրա համար շատ ավելի ժամանակ ու միջոցներ էին պետք։  Գիտեք, թատրոնի լուսաձայնային տեխնիկան նաև, մեղմ ասած,  բարվոք վիճակում չէ. այսինքն  կարևոր մի լծակ էլ բացակայում էր՝ բացառելով դրամատիկցի ռեժիսորի կողմից  համանման բեմադրամտահղացումների մասին երազելն անգամ...



 



Վստահեցնում եմ, որ  առկա հանգամանքներում գտնված և իրականացված էին մեզ հարազատ նյութի, մարդու ամբողջական ներկայացման լավագույն ձևը,  հնարքը, ռեժիսորական լուծումները։   Անչափ շնորհակալ եմ երեկոն պատշաճ կյանքի կոչած բոլոր բոլորին, որ կարողացան ապրեցնել Վարդգեսի անունը տասնամյա կիսաձայն հիշատակումներից հետո, վերարժևորել մեր մշակույթի պատմության մեջ ունեցած  պատկառելի վաստակը։



 



Էմմա Մակարյան – «Հայկական էսքիզներ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ –



 



Մենք երկընտրանքի առջև էինք կանգնած՝ կամ պիտի ընդունեինք գրական թատրոնի տարբերակը, կամ էլ կրկին հետաձգեինք հոբելյանակատարությունը անորոշ ժամանակով, որպեսզի կարողանայինք հագեցնել այդպիսի պահանջներ ներկայացնող հանրությանը։ Ինչո՞վ։ Ելույթներով, մեջբերումներով թատերական ներկայացումներից, երաժշտական, գեղարվեստական  համարներով, ինչպես ընդունված է այսօր նշել հոբելյանները։ Ես ներկա եմ եղել այդ կարգի մի շարք հոբելյանական երեկոների և գտնում եմ, որ ժողովրդի մեջ լայն տարածում ստացած այդ ձևաչափում հաճախ նսեմանում է բուն հոբելյարի իրական վաստակը։ Մենք  ակնկալում էինք հայտնի հարգարժան  բեմադրիչներից մեկի ինքնատիպ ձեռագրով մնայուն մի նոր արժեք ձեռք բերել։  Երկար սպասեցինք, անձնական, աշխատանքային  ու ստեղծագործական տարաբնույթ չնախատեսված, բայց հիմնավոր հանգամանքներով նա  ոչ մի կերպ չէր կարողանում ժամանակ գտնել։  Ինչ վերաբերում է թափուր տեղերին, հրավիրվածներից շատերը հարգելի հիմնավոր պատճառներով էին բացակայում՝ ատեստավորում, քննաշրջան, արտասահմանյան  կամ մարզային գործնական ուղևորություն, վատառողջություն, միջոցառումների խաչաձևում...



 



Այդ ամենի մասին մեզ նախապես տեղեկացրել էին շատ քաղաքակիրթ եղանակով, բայց մենք հակված չէինք «դահլիճ լցնելու» տարբերակին, ինչին, հավատացնում եմ,  ի զորու էինք։ Վարդգեսը բազմաշերտ ահնատականություն է, ինչպես ինքը կասեր՝ «բազմաթիվ անհայտներով հավասարում»։ Բնական է, որ սեղմ տարածքում  անհնար էր նրան ամբողջությամբ ներկայացնել։  «Վարդգեսի թեման»  սպառելու համար պետք էր երեկոների շարք բեմ հանել՝  «Գրողների միության նախագահ», «Հրապարակախոս», «Ժուռնալիստ», «Արձակագիր»,  «Վարդգեսը՝ սփյուռքում», «Վարդգես Պետրոսյանի թատրոնը», «Մարդը և քաղաքացին», ինչպես ինքն է որակել՝ «Ապրած ու չապրած տարիների լավագույն ժամանակը՝  «Գարունը»»... Կարծում եմ, անհամեմատ ուշագրավ կլինեին առանց բացառության բոլոր երեկոները, եթե Վարդգեսի գործունեության ամեն մի ոլորտը ներկայացվեր առանձին,  հանրությանը հայտնի ու անհայտ փաստերի բանիմաց  համադրությամբ։   Գրականության ու թատրոնի  հանրածանոթ  գործիչներից շատերը հրաժարվեցին դժվարին ու աշխատատար  մեր առաջարկից. նախապատրաստական անհրաժեշտ ժամանակի  ու, ինչու՝ ոչ,  գուցե նաև «գայթակղիչ պայմանների» բացառման բերումով։ Երեկոյի երիտասարդ կազմակերպիչները, որոնց երախտապարտ եմ ընդամենը 20 օրում արած ուշագրավ աշխատանքի համար,  ելնելով մեր ունեցած հնարավորություններից՝ ինձ համար զարմանալի խորագետ իրատեսոությամբ,  իրենց առջև  խնդիր էին դրել հնարավորինս կարճ ժամանակահատվածում ամփոփ ներկայացնել հոբելյարին։



 



Մեզ ապշեցրին, նախ, նրանց պետրոսյանագիտությունը, ապա՝ պատասխանատվության սուր զգացումն  ու  սեփական բեմադրամտահղացումն  արագ  ու բարձր մակարդակով ի կատար ածելու հմտությունները։   Իհարկե անկարելի էր մի երեկոյով համակողմանի  սպառել Վարդգեսին։ Այս ուղղությամբ որևէ գործնական քայլ տասը տարի չձեռնարկողները թող իրենք փորձեն  շարունակելով  լրացնել մեր  նախաձեռնությունն ըստ իրենց  մտահղացման ու հավակնությունների։ Եթե  անկողմնակալ խորհենք թեկուզ միայն այս երեկոյի հանրային ազնիվ տրտունջների շուրջ, հասունացել է իրական արժեքները վերարժևորելու հանրային պահանջը։  Ի դեպ, շուտով պետպատվերով լույս կտեսնի Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզները»։ Անկեղծորեն շնորհակալ ենք  ՀՀ մշակույթի նախարարության բարի կամքով ու կայացնող  աջակցությամբ և մեր ջանքերով կենսագործված հոբելյանական հանդիսության բորբոքած կրքերից։ Շնորհակալ  ենք, թե իրենց դժգոհությունը հախուռն կամ բարեկիրթ բարձրաձայնողներից, թե արվածը բարձր գնահատողների երախտագիտական  անվերջանալի հեռախոսազանգերից։  Այս առումով դիպուկ է արտահայտվել Զորի Բալայանը. «Մի անհանգստացեք, Վարդգեսի ժամանակը դեռ գալու է, նայեք պատմությանը»։ Ուրեմն, Վարդգեսը ապրում է դեռ  մտավորականների, գրասեր մարդկանց մեծամասնության հիշողության մեջ իր ստեղծածի կենսատու թրթիռներով, ունեցած վաստակով։ Գուցե  իսկապե՞ս եկել է  «քարերը ժողովելու» ժամանակը...



 



Վարդան Դևրիկյան – ՀՀ ԳԱԱ  Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր -



 



Մեր անցյալի նշանավոր մտավորականներից որևէ մեկի խոսքն ասես ի մի է համախմբում մեզ՝ որոշակի գոյական արժեքներ կրողներիս և մղում է  վերհիշելու անցած ժամանակները։ Այս անգամ այդ հրաշալի առիթը ներկայացավ Վարդգես Պետրոսյանի հոբելյանի նշանավորմամբ։ Շատ հուզումնալից պահեր պարգևեց հին Երևանը, մեր արարումի անցած շրջանը կենդանացնող տեսաժապավենը, որն այնպես վարպետորեն էր մոնտաժված, որ թե լուսանկարների, թե  եղած կինոկադրերի միջոցով  արտացոլվեց նրա ապրած կյանքը՝ անձնական ու հասարակական մոտիվների զուգակցմամբ, գործունեությունը։ Իր մուտքի խոսքով ՀԳՄ նախագահ  Լևոն Անանյանը, հոբելյարի գրչի հանրածանոթ  բառակապակցությունների նրբին ներհյուսմամբ, վարպետ բառախաղերով  արթնացրերց պետրոսյանական վերհուշի ջերմ մթնոլորտ, որը թանձրացավ ընդգրկուն սցենարի հմուտ բեմականացման, դերասանախմբի պատկերավոր խոսքի նրբերանգներով։ Գրողական տվայտանքի, հարցադրումների, կյանքից ներառված տպավորիչ դրվագների միաձուլմամբ, կարելի է ասել, վերակենդանացավ մեր ապրած ու չապրած խորհրդային իրականության, ստեղծագործական-հասարակական կեցության ընդհանուր պատկերը 1932-ից մինչև 90-ականների կեսերը։



 



Տա Աստված, որ մեր ականավոր մտավորականներից յուրաքանչյուրի հոբելյանակատարությունն ուղեկցվի նրա վաստակի ու ստեղծած արժեքների բանիմաց  միատեղված վերհուշով։ Ոմանք հանիրավի, անտեղյակ մեր գործառույթներին, գտան, որ Գրականության ինստիտուտն էլ իր մեղքի բաժինն ունի Վարդգես Պետրոսյանին արժանիորեն չմեծարելու  մեջ։  Նախ, ինստիտուտը  արարման ժամանակաշրջանի բերումով դասականության կնիք չկրող  (ասենք՝ անցյալ դարի 20-30-ականներից, Չարենցից, Տերյանից, Իսահակյանից հետո), մեր ժամանակակիցը համարվող գրողների հոբելյաններ չի նշում, նրա գործունեությունն ավելի ընդհանուր պրոցեսներին է առնչվում։  Գիտական նստաշրջաններում, նոր սերնդի գրականագետների ատենախոսություններում երբեք չի  անտեսվում Պետրոսյանի վաստակը, երբ վերլուծվում է 60-80-ականների խորհրդահայ արձակը, երբ խոսքը վերաբերում է նրա ապրած ժամանակաշրջանի գրական խմորումներին։



 



Մարի Ռոզ Աբուսեֆյան – գրական  մենաթատրոնի հիմնադիր դերասանուհի



 



Իրապես, նախ, ուզում եմ արժանիորեն գնահատել  Վարդգես Պետրոսյանի կնոջ՝ տիկին Էմմայի,  և աղջկա՝ Արմինեի  ջանադիր նվիրումը այս երեկոյի իրականացմանը։  Մեր երկիրն ամբողջ ժողովրդի ներգրավմամբ պիտի նշեր Վարդգես Պետրոսյանի 80-ամյա հոբելյանը, որովհետև նա  ոչ միայն սովորական գրող էր, ոչ միայն գրողների միության նախագահ էր տարիներ շարունակ, այլ նաև հայ մարդուն առաջին անգամ դեպի իր բռնագրավված հողը տարած ու այնտեղ բռնադատված մեր  զգացումները առաջին անգամ  բառերի վերածած  գրողն էր։ Նա ոչ միայն մեր վերջին ուսուցիչն էր, մեր մենավոր ընկուզենին ու համր լեռան ճիչը, այլև  Հայաստանի ու սփյուռքի երերուն կամրջին  առաջինն ամուր կանգնողն էր։ Առաջին հայաստանցի գրողն էր, որ կարողացավ բանակցել թե ռամկավարների, թե դաշնակցականների, թե ուրիշ կուսակցականների խմբավորումների հետ ի նպաստ երկփեղկված հայության մերձեցման։  Ցավ էի զգում երեկոյի ընթացքում, որ քիչ են հնչում Վարդգեսի իմաստուն խոսքերը, հիշատակվում համարձակ բացահայտումները՝ ինքս իմ մեղքն ընդունելով։ Չէ՞ որ մտադրվել էի իմ մասնաբաժնով հարստացնել նրա հոբելյանակատարությունը, բայց հանգամանքների բերումով չհասցրեցի իմ թատերաընծայով ներկայանալ լավագույն բարեկամներիցս ու սիրված գրողներիցս մեկի ծննդյան հանդեսին։ Թերացան նաև սփյուռքի գործիչները, որոնք շատ բանով են պարտական Վարդգես Պետրոսյան ազգանվեր անհատին։



 



Անկախ երեկոյի պարփակած հոգևոր ներուժից, ես երախտապարտ եմ տիկին Էմմային ու Արմինեին,  նրանց սատարած  երիտասարդ արվեստագետներին, որոնք ավագներից  էականորեն տարբեր իրենց մոտեցումներն ունեին հոբելյարի կերպարը կենդանացնելու ( չեմ թաքցնի, ինձ մատուցվածը Վարդգեսի բարձրությանը համարժեք չէր), այդուհանդերձ միասնաբար կարողացան արթնացնել հանրության հիշողության մեջ Վարդգես Պետրոսյանի  լայնահուն գործունեության  և  թողած հզոր ժառանգության կարևորությունը։ Նրանք անձամբ ինձ պարգևեցին  բացառիկ մի հնարավորություն  մոտ երկու ժամ,  կորստի ծանր զգացումով, վերապրելու իմ ու Վարդգեսի ունեցած բարեկամության  տարիները, վերհիշելու բեմից չասված իմաստուն բացահայտումները։ Մեր հոգևոր սնանկացումը, ազգային նկարագրի խեղումները կասեցնելու ազդակ թող լինի ներկայիս մտավորականների, ժողովրդի կյանքը տնօրինողների համար։



 



Զրուցեց   Նվարդ  ԱՍԱՏՐՅԱՆԸ