Չեմ կարծում, որ «Սպարտակ» բալետի փոխարեն «ՀՀՇ» օպերան պետք է գնար

Չեմ կարծում, որ «Սպարտակ» բալետի  փոխարեն «ՀՀՇ» օպերան պետք է գնար
Հարցազրույց բեմադրիչ Արթուր Սահակյանի հետ



 



 



-Պարոն Սահակյան, Սունդուկյան թատրոնում բեմադրության եք պատրաստում Շեքսպիրի «Ռիչարդ 3-րդը». ինչո՞ւ կանգ առաք հենց այս գործի վրա, նախաձեռնությունը Ձե՞ր կողմից էր:



 



- Առաջին աշխատանքս է, որ պետք է Սունդուկյանում անեմ, հրավերը Սունդուկյան թատրոնից էր` բեմադրել «Ռիչարդ 3-րդ»,  Տիգրան Ներսիսյանի կատարմամբ: Հիմա թատրոնն իրեն վերագտնելու ճանապարհին է, թատրոնի գլխավոր ռեժիսորն էլ ընկերս է, փորձեմ օգտակար լինել: Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, մինչեւ սեպտեմբերի վերջ ներկայացումը կցուցադրենք: Ներկայացման մեջ զբաղված է Սունդուկյան թատրոնի դերասանների մեծ մասը, մոտ 30 հոգի` Տիգրան Ներսիսյան, Կարեն Ջհանգիրով, Ռազմիկ Խոսրոեւ, Արամ Հովհաննիսյան, Ալբերտ Սաֆարյան, Ազատ Գասպարյան, Ջուլիետա Ստեփանյան, Նելլի Խերանյան:



 



- Ասացիք՝ առաջարկվեց Տիգրան Ներսիսյանի կատարմամբ «Ռիչարդ 3-րդ» բեմադրել, այսինքն՝ ընտրության հնարավորություն Ձեզ չտրվեց:



 



- Ես դեմ չէի այդ ընտրությանը, ճիշտ է՝ Տիգրանն ավելի շատ դրական հերոսի կերպար ունի, բայց դերասանը հենց նա է, որ խաղում է տարբեր բաներ: Հիմա սկսում եմ ճանաչել Սունդուկյան թատրոնը, անձնակազմը, բեմը, մի քիչ բարդ պրոցես է, որովհետեւ ընթացքում հասկանում ես, որ բեմն այսպես չի կարող լինել, այնտեղից չի լսվում, մյուս կողմից չի երեւում: Բայց բեմին տիրապետելը շատ կարեւոր է, որովհետեւ բեմը ոչ միայն հարթակ պիտի լինի, այլեւ պիտի ընդունի այս ներկայացումը:



 



- Գո՞հ եք ընթացքից, դերասանական պոտենցիալից: Կարծիք կա, որ սերիալներում խաղալը վատ առումով մասնագիտական հետք է թողնում դերասանների վրա, դեգրադացնում է նրանց. Դուք տեսնո՞ւմ եք նման խնդիր:



 



- Սերիալը մի արդարացում ունի ինձ համար, որ դերասանն այնտեղ գնում է փող վաստակելու, ուրիշ իմաստ սերիալում չեմ տեսնում: Դեգրադացնել դերասանին սերիալը չի կարող, ընդամենը կարող է անուն կպցնել դերասանին, որն արդեն բեմում մաքրել շատ դժվար է: Մեր ժողովուրդը սովոր է կլիշե կպցնել, ու իր համար դերասանը դա է: Այ, այդքանով սերիալը կարող է խանգարել: Բայց ես չեմ ճանաչել այս դերասաններին, չեմ հանդիպել նրանց բեմի վրա ու եթե տեսնում եմ որեւէ պրոբլեմ, դա ընդամենը իմ եւ նրանց աշխատաոճի տարբերություններն են:



 



 - Բայց փաստ է, որ դերասաններին ավելի շատ ընկալում են իրենց սերիալային դերերով, քան բեմական:



 



- Կարծում եմ՝ դա ավելի շատ հանդիսատեսի պրոբլեմն է. եթե վարորդը վաղը քշեց Զեյթուն, հիմա իրեն անվանենք Զեյթունի վարո՞րդ: Դա իր աշխատանքն է, բայց, իհարկե, այդ խնդիրը կա, մենք նորից հանդիսատեսին պետք է հետ բերենք թատրոն, կրթենք հանդիսատես:



 



- Այդ առումով ինչպե՞ս կարելի է կրթել ու վերադարձնել թատրոն այն հանդիսատեսին, ով այսօր հեռուստաալիքներով միայն սերիալներ է տեսնում: 



 



- Մենք ունեցանք շատ դժվար տարիներ, որոնք մինչեւ հիմա շարունակվում են, …առաջ պետությունը քո տեղն ամեն ինչ մտածում էր, եւ դու արդեն ժամը 5-ից հետո սկսում էիր երեկոդ կազմակերպել: Հիմա միացնում ես հեռուստացույցը, որտեղ ամեն ալիք ասում է ինչ հագնես, ինչ ուտես: Դրա համար հեռուստատեսությունը պետք է խոսի ամենաստորին թեմաներից: Թատրոնն այսօր չի գովազդվում, այդ ծեսն այլեւս պետք չէ, այնինչ առաջ դու գնում էիր թատրոն իլյուզիայի հետեւից: Մյուս կողմից էլ, սա միայն հայկական խնդիր չէ, ամբողջ Ամերիկան, Եվրոպան սերիալների ու տեխնոերաժշտության վրա է: Այսօր մարդը չի կարողանում գնալ թատրոն, որովհետեւ լիքը խնդիրներ ունի լուծելու: Նույն խնդիրը նաեւ կինոյի դեպքում է: Իմ վրա մեծ տպավորություն թողած վերջին ֆիլմը Մել Գիբսոնի «Հիսուսի չարչարանքներն» էին, որը շատ վատ էր գնում կինոթատրոնում, երբ ասեցի` գուցե գովազդը փոխենք, թարմացնենք, տնօրենն ասաց` չի օգնի, ուղղակի ազգդ քրիստոնյա չէ: Այսինքն, հանդիսատեսը պիտի ուզենա գնալ կինո, թատրոն, ես չեմ կարող ասել, այս երաժշտությունը մի լսի` սա թուրքական է, եթե դուր է գալիս, լսում է, ուրեմն ինչ-որ տեղ իրեն թուրք է խառնվել, ինքն արյունով թուրք է եւ լսում է իր հայրենի երաժշտությունը: Բայց, մյուս կողմից էլ, ժողովուրդը մեղավոր չէ, որ այս վիճակին է հասել, որտե՞ղ տեսնի այդ մշակույթը, հեռուստատեսությամբ չի տեսնում, շուկայում չի տեսնում, իսկ դրանից դուրս ուղղակի ժամանակ եւ հավես չունի: Մեր ժամանակ փողից խոսելն ամոթ էր, այսօր փողը դարձել է ամենակարեւոր խոսակցություններից մեկը, արժեքները փոխվել են, էլ ինչ արվեստ, թատրոն, թանգարան: Ես ինքս էլ թանգարան շատ վաղուց եմ գնացել, որովհետեւ դրա ժամանակը չունեմ եւ իմ կյանքն էլ ապրում եմ բոլորի նման:



 



- Իսկ մեր թատրոններում կա՞ն այսօրվա իրականությունն արտացոլող ներկայացումներ, հիմնականում թատրոններն անդրադառնում են դասականներին` Շեքսպիր, Բրեխտ, ժամանակակիցներին քիչ են տեղ տալիս, ո՞րն է պատճառը՝ ժամանակակից դրամատուրգիա՞ չունենք:



 



- Եթե ասեմ չկա` նշանակում է ամեն ինչ նայել եմ, ամեն ինչ կարդացել եմ, բայց չեմ էլ կարծում, որ այսօր «Սպարտակ» բալետի փոխարեն «ՀՀՇ» օպերան պետք է գնար: Թատրոնը միշտ չէ, որ պետք է այսօրվա կյանքն արտացոլի, կա մի այլ տիպի թատրոն, որին նաեւ ես անմասն չեմ, եւ որն այսօրվա խնդիրներն է լուծում: Իսկ Շեքսպիրը հեչ կարիք չունի դառնալ այսօրվա, որ հետաքրքիր լինի. ինքն առհասարակ հետաքրքիր է: Գուցե ֆիլմը, հեռուստատեսությունն ունեն իրականությունն արտացոլելու նպատակ, բայց թատրոնը միշտ չէ, որ այդ խնդիրն է լուծում: Հետո՝ թատրոնը լուծում տվող չէ, նա ընդամենը կոչված է արվեստի գործ ստեղծելու: Համաձայն եմ, որ կան բեմի վրա արված բաներ, որ պետք է կոչվեն վատ թատրոն, եւ դա, իհարկե, վանում է: Թատրոնը շատ ավելի ազատ ապրող օրգանիզմ է, եւ նրան այսօրը շատ քիչ է հետաքրքրում: Թատրոնը մի քիչ ավելի վեհ բան է, քան իրականությունը, մեր հաղթանակից բացի այսօր շատ քիչ լավ բաներ ունենք հիշելու, իսկ թատրոնը երեւույթներ, երեւույթ-անձնավորությունների է հիշում: Այ, գուցե կարելի է դրանց մասին գրել, դեմ չեմ, թող լինի:



 



- Այսօր թատրոններում կա՞ն այդ երեւույթ անձնավորությունները, որոնք հանդիսատես կբերեն թատրոն:



 



- Երեւույթը երբեք չի դադարում լինել, ես, օրինակ, ինձ հպարտ եմ համարում, որ Ռոբերտ Ամիրխանյանի, Ռուբեն Հախվերդյանի, Արթուր Մեսչյանի երաժշտության ժամանակակիցն եմ: Ճիշտ է, ժամանակին թատրոնը լիքն էր այդ անուններով, բայց գուցե մարդիկ էլ ավելի հակված էին այդ մարդկանց տեսնել: Ես չեմ կարծում, որ տաղանդը եղավ-եղավ ու հանկարծ կտրվեց, գուցե մանրացա՞վ…, բայց էլի նույն չափով ծնվելու են նկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ: Ուրիշ հարց է, եթե Արամ Խաչատրյանն այսօր լիներ, աշխարհն իրեն կիմանա՞ր, թե՞ ոչ, որովհետեւ մենք չունենք այդ փիառի հնարավորությունը: Ունենք ֆանտաստիկ երգչախմբեր, նվագախումբ, բայց, մեկ է՝ տարածումը շատ ավելի փոքր է: Ժամանակին սովետական պրոպագանդան աշխատում էր 3-4 անվան վրա` Շոստակովիչ, Ռախմանինով, Խաչատրյան: Հետո, մի այլ բան էլ կա, ո՞րն է չափանիշը` սերիա՞լը. ներողություն, բայց նույնիսկ կինոն ինձ համար չափանիշ չէ: Ես չգիտեմ՝ Ալ Պաչինոն լավ դերասա՞ն է, թե՞ ոչ, չնայած ինքն ունի ստացված կինոնկարներ: Դերասանին ցույց տվողը բեմն է: Շվարցենեգերը կինոյում կարող է համարվել դերասան, բայց ոչ մի չափանիշով թատրոնում դերասան համարվել չի կարող:



 



- Այսօր շատ է խոսվում կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն արվեստից: Դա ինչքանո՞վ է ազդում որակի վրա, կոմերցիոն ներկայացումը չի՞ կարող լինել նաեւ որակյալ ներկայացում: 



 



- Ես սիրում եմ էքսպերիմենտներ եւ բեմադրել եմ «Խաթաբալադան», «Մեա կուլպան», «Ժանգոտ բանալին», «Ջին ջանը», աշխատել եմ Վարդան Պետրոսյանի, Աշոտ Ղազարյանի հետ: Միակ տարբերությունն այն է, որ այստեղ մասնավոր փող է դրվում, եւ եկամուտը լավ է, բայց եթե մեկն ասի, որ ինքը ներկայացում է անում սովորական թատրոնում, ու իրեն ցանկալի չէ, որ այդ ներկայացումը եկամուտ դառնա, չհավատաք: Իհարկե, ընտրության դեպքում կոմերցիոն ներկայացումը շատ հազվադեպ կընտրի Շեքսպիր, որովհետեւ Շեքսպիրը ծանր է, բազմամարդ: Կոմերցիոնի դեպքում սովորաբար չափի հաշվին է եկամուտ ստացվում:



 



- Հիմա Ձեր դեպքում ինչ-որ չափով մոտեցումները փոխվո՞ւմ են, երբ «Ջին ջան» ու «Ռիչարդ 3-րդ» եք բեմադրում:



 



- Դա… ոնց որ խոսես գրաբարով ու խոսակցական հայերենով: Գոյություն ունի ֆորմատ, որը նաեւ գրագիտության խնդիր է: Օրինակ, Հանրապետության հրապարակում «Էրեբունի-Երեւանի» ժամանակ իմաստ չունի ծրագրում դնել լարային քառյակ, որովհետեւ չեն լսելու: Այսօր իրականությունը սա է, կամ ես տեղավորվում եմ այդ ֆորմատի մեջ, կամ հրաժարվում եմ, թե չէ մոտեցման մեջ տարբերություն չկա, ես ո՞նց կարող եմ 30 հոգուն ավելի անլուրջ վերաբերվել, քան 3 հոգուն, ես ո՞վ եմ, որ նրանց անլուրջ վերաբերվեմ: Մոտեցումը չպետք է փոխվի, պիտի գիտակցես ֆորմատը. այստեղ սա է պահանջվում, այնտեղ` նա: Հետո, եթե մարդը մի գործով զբաղվում է, ինչո՞ւ պիտի վատն անի, ինչո՞ւ պիտի վարսավիրը վատ կտրի մարդու մազերը, եթե ինքը վարսավիր է. եթե վատ է կտրում, ուրեմն վարսավիր չէ: Մասնագետն այդպես պիտի վերաբերվի իր արածին:



 



Շարունակելի