Բաց նամակ ակադեմիկոս Է Մ. Ղազարյանին

Բաց նամակ ակադեմիկոս Է Մ. Ղազարյանին
Մանուկ Աշոտի  Մկրտչյանը 2012թ. հոկտեմբերի 26-ին ԵՊՄՀ-ի մասնագիտական խորհրդում պաշտպանեց իր «Ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը, տեսություն և պրակտիկան» մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսությունը:Այսօրվա  դրությամբ բոլոր երկրների դպրոցներում  գործում է ուսուցման կազմակերպման Կոմենսկու  դաս-դասարանային եղանակը, որի ժամանակ կա դասարանի համար միևնույն դասանյութի աշակերտական ուսումնասիրությունը առաջացնող ու կազմակերպող և դասանյութի վերարտադրողական, կիրառական, ինչպես և ստեղծագործական մակարդակներով  յուրացվածությունն ապահովելու մասին հոգացող    ուսուցիչ:  Մ. Մկրտչյանն այս ատենախոսությամբ փորձում է  դաս-դասարանայինը փոխարինել ուսուցման կազմակերպման կոլեկտիվ կոչվող եղանակով:



Դուք, պարոն Է Ղազարյան, այդ ատենախոսության պաշտոնական ընդդիմախոսն եք և դրական եք գնահատել կատարվածը: Ձեզ եմ ներկայացնում ատենախոսության սեղմագրի սոսկ մի հատված, որը ցույց է տալիս, թե ինչքան վտանգավոր է մեր դպրոցի համար ուսուցման կազմակերպման կոլեկտիվ կոչվող եղանակը, որը փաստորեն հանոց դպրոցի մահացման տեսություն է:



Միաժամանակ հուսով եմ, որ կլինեն իրենց երեխաների կրթական ապագայի մասին մտածող ծնողներ, որոնք, ի տարբերություն Մ. Մկրտչյանի ատենախոսությունը դրական գնահատած բոլոր մանկավարժագետների, հեռախոսազանգերով կամ գրավոր խոսքով իրենց կարծիքները կներկայացնեն «Հրապարակ» օրաթերթի միջոցով՝ բացահայտելով  ներկայացված տեսության և պրակտիկայի իրականացման ոչ միայն անհնարինությունը, այլ նաև հակագիտականությունը:



«Կոլեկտիվ ուսումնական պարապմունքների բնույթը խմբում  ընդհանուր ճակատի իրադրության բացակայությունն է: Խմբի անդամները ժամանակավորապես բաժանվում են ենթախմբերի՝ կախված նրանից, թե ով ինչ խնդիրներով է զբաղված: Սակայն այս ենթախմբերի կազմը պարբերաբար փոփոխվում է (հարափոփոխ ենթախմբեր): Այսինքն՝ աշակերտը մի որոշ ժամանակ աշխատելով ենթախմբում` կարող է դուրս գալ այդ ենթախմբից և այլ աշակերտների հետ կազմել մի նոր ենթախումբ: Այնուհետև, իր նպատակը այս ենթախմբում իրականացնելուց հետո, կարող է անցնել նոր հարցերի ուսումնասիրմանը, ուստի և միավորվել այլ աշակերտների հետ և մի որոշ ժամանակ աշխատել նոր ենթախմբում:



Կոլեկտիվ ուսումնական պարապմունքներին և դրանցով պայմանավորված ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակին  բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները.



- ուսումնական խմբի  տարբեր անդամներ ուսումնական պարապմունքների միևնույն պահին զբաղվում են տարբեր հարցերով: Մեկը կարող է ուսումնասիրել մի թեմա, մյուսը՝ մեկ այլ թեմա: Մեկը կարող է զբաղվել յուրացրածը ամրապնդելով, իսկ մյուսը՝ ստուգարք հանձնել: Մեկը կարող է շարունակել իր թեմայի յուրացումը, մյուսը՝ անցնել նոր թեմայի յուրացմանը.



- տաբեր սովորողներ միևնույն պահին տարբեր ձևերով են աշխատում. մի քանի հոգի ինչ-որ հարց են քննարկում, մեկը ինքնուրույն ինչ-որ թեմա է ուսումնասիրում, մի աշակերտ իր դասընկերոջը նոր թեմա է բացատրում, մի խումբ երեխաներ ուսուցչի հետ ինչ-որ հարց են ուսումնասիրում,



- ընդհանուր ծրագիրը տարբեր սովորողներ թեմանների ու բաժինների տարբեր հաջորդականությամբ են, յուրացնում:



- աշակերտը յուրաքանչյուր թեմային հնարավորություն ունի հատկացնելու այնքան ժամանակ, ինչքան իրեն անհրաժեշտ է այդ թեման լրիվ յուրացնելու համար, (սեղմագիր էջ  18): Սա է այս նոր եղանակի էությունը, որը բարձր եք գնահատել դուք, բայց Ձեր գնատականը համարժեք չի համարել ՀՀ Բարձրագույն Որակավորման Հանձնաժողովը:



Դուք, պարոն ակադեմիկոս, չպետք է ընդունեիք այս ատենախոսության պաշտոնական ընդդիմախոս լինելու առաջարկը, քանի որ ծանոթ չեք ուսուցման կազմակերպման Կոմենսկու դաս-դասարանային հակարգի էության, դարերով այն մեկ այլ համակարգով փոխարինելու բազմաթիվ անհաջող փորձերին: Դուք չգիտեք, որ  դաս-դասարանային  համակարգը զրկել են իր հինգ  գերակա բաղադրիչներից` դրանով իսկ թուլացնելով նրա ներուժ: Դուք տեղյակ չեք, որ  ՀՀ-ում  այժմ լուրջ աշխատանքներ են կատարվում` դրանք վերականգնելու համարը :



Դուք չգիտեք, որ դասարանը  կոլեկտիվ է,  ահա թե ինչու անվերապահորեն ընդունել եք ատենախոսության մեջ գրվածը այն մասին, որ դասարանը խումբ է, բայց ոչ կոլեկտիվ: Բացի այդ, պարզվում է, որ Դուք գիտելիք չունենք աշակերտական կոլեկտիվի մասին և այդ պատճառով էլ  այդպիսին եք համարել աշակերտների այն խումբը, որի անդամները միևնույն ժամին զբաղվում են տարբեր գործերով, չունենալով ընդհանուր նպատակ, այսինքն կոլեկտիվ չէ, հետևաբար և  ուսուցման այդ նոր եղանակը չի կարելի դիտարկել որպես ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակ:



Բնական է, որ այդ ատենախոսությունը համարժեք գնատելու համար անհրաժեշտ գիտելիքներ չունենալու և այդ չունենալը չիմանալու պատճառով Դուք զորակցել եք հայոց դպրոցի մահացման տեսությանը:



 



ԽՍՀՄ Մանկավարժական գիտության դոկտոր Սերգեյ Մանուկյան



 



 



ՀԳ.- Ներկայացնեմ գրվածից բխած  մի քանի հարց միայն: Շարադրանքը ցույց է տալիս, որ



Ա. Կոլեկտիվ է համարվում այնպիսի պարապմունք, որի ժամանակ չկա ընդհանուր ճակատի իրադրություն: Բայց չէ որ ցանկացած տեսակի կոլեկտիվ գործունեության կարևոր բաղադրիչն է  ընդհանուր ճակատի իրադրությունը: Երեխաների այդ խումբը կոլեկտիվ չէ, անգամ դիֆուզ խումբ էլ չէ, քանի որ ուսումնական պարապմունքների միևնույն պահին նրանք զբաղվում են տարբեր հարցերով: Մեկը կարող է ուսումնասիրել մի թեմա, մյուսը՝ մեկ այլ թեմա: Մեկը կարող է շարունակել իր թեմայի յուրացումը, մյուսը՝ անցնել նոր թեմայի յուրացմանը:



Բ. Եթե  մի խումբ երեխաներ ուսուցչի հետ ինչ-որ հարցեր են քննարկում, ապա ինչպես է մեկ ուրիշը այդ նույն ժամին ստուգարք հանձնում:



Գ.  Աշակերտներից մեկը   երբ է սովորել նոր թեման,որ հիմա  իր դասընկերոջն է դա  բացատրում,:Իսկ ինչու այդ ընկերը դա չի սովորել:



Դ. Եթե թեման յուրացնելու համար  մի աշակերտ հնարավորություն ունի հատկացնել  մի քանի  ժամ, ապա ինչպես է դա տեղավորվում մի ուսումնական պարապմունքի ժամանակահատվածում:



Ե. Այդ ինչ հարց են քննարկում մի քանի հոգի, այդ  ինչ թեմա է ինքնուրույն ուսումնասիրում մեկ ուրիշը:



Պարոն Է. Ղազարյան, Դուք հավատու՞մ եք արդյոք, որ կոլեկտիվի բնորոշ գծերն ունեցող այսօրվա դասարանին կարող է փոխարինել կոլեկտիվի բնորոշ գծեր չունեցող նմանտարօրինակ  խումբը: Կարծում եմ, որ չեք հավատում, սակայն  Ձեր կարծիքը կառուցել եք`  ուղղակի հաշվի առնելով ոչ թե գիտության, այլ  ՀՀ ԿԳ փոխնախարար, ատենախոս Մ. Մկրտչյանի շահերը: Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ՀՀ ԳԱ-ի ակադեմիկոսները ինչ-ինչ դրդապատճառներով խառնվում են մանկավարժագիտության գործերին: