«Մայր (այլ) Հայաստան»

«Մայր (այլ) Հայաստան»
Նախօրեին ՆՓԱԿ-ում տեղի ունեցավ «Մայր (այլ) Հայաստան» խորագրով ֆոտոցուցահանդեսի բացումը, որի կազմակերպիչն է «4+» վավերագրական լուսանկարչության հայկական կենտրոնը: Ցուցահանդեսում ներկայացված են 10 հայ կին լուսանկարիչների աշխատանքներ, որոնցից յուրաքանչյուրը մի այլ դիտանկյունից է ներկայացնում մայրերի եւ այլ Հայաստանի թեման, որտեղ կան սոցիալական անարդարություններ, ընտանեկան բռնություն, ազգային փոքրամասնություններ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, տրանսգենդեր մարմնավաճառներ, բանակ, անտեսված գյուղ: «4+»-ի համահիմնադիր, լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի խոսքերով ցուցահանդեսում միավորվել են 10 կանայք 10 պատմություններ եւ 10 կարեւորագույն հարցեր են բարձրացվել. «Այս ցուցահանդեսով մենք ցանկանում ենք ուղղակի հասարակության ուշադրությունը գրավել եւ դա անել արվեստի միջոցով, քանի որ լուսանկարչությունը իր մեջ հզոր ուժ ունի»: Նազիկ Արմենակյանի ֆոտոպատմությունը տրանսգենդեր մարմնավաճառների մասին է, որոնք մերժված են հասարակության կողմից իրենց արտաքինի եւ սեռական կողմնորոշման համար: Տրանսգենդերներին նա նկարում է արդեն 3 տարի, իսկ նրանց լուսանկարները Հայաստանում ցուցադրվում են առաջին անգամ. «Ես մեծ հաճույքով շփվել եմ այդ մարդկանց հետ եւ կշարունակեմ շփվել: Շատ կարեւոր է, որ հարգես այն, ինչ նկարում ես: Ես ունեմ այդ հարգանքը իրենց հանդեպ եւ իրենք էլ ինձ են հարգում»: Արցախում բնակվող լուսանկարիչ Քնար Բաբայանի հերոսները մարդիկ են, ովքեր պատերազմից հետո չեն հանձնվում. նախկին սպորտսմեն, երգիչ, քաղաքագետ, նրանք բոլորն էլ հաշմանդամություն են ձեռք բերել պատերազմի հետեւանքով, բայց պատերազմը կնիք չի դրել նրանց հոգիների վրա, նրանք ապրում են լիարժեք կյանքով. «Նրանք 3-ն էլ շատ մեծ կամքի տեր մարդիկ են, կյանքով լի, այնքան, որ իրենց տեսնելով ինքդ ես իրենց կողքին քեզ հաշմանդամ զգում: Կարեւորը տրտնջոց չես լսի իրենց բերանից, որ աշխատանք չկա, գնանք երկրից, ոնց ընտանիք պահենք: Նրանք բոլորն էլ պայքարել, հաղթել են ու ոչ միայն պատերազմում»: Լուսանկարիչ Մերի Աղախանյանն էլ շուրջ 6 ամիս լուսանկարել է Հայաստանի բոլոր մարզերը ու այդ մարզերում ապրող մարդկանց կյանքը, նրանց երազանքներն ու ձգտումները. «Ինձ կոնկրետ հետաքրքրում էր գյուղացու կյանքը` իր ներքին հոգեբանական, տնտեսական ֆոնի վրա եւ այն, որ այդ տանջանքի մեջ իրենք իրենց փորձում են չկորցնել: Ես նրանց կյանքի մեջ ոչ միայն տառապանք էի տեսնում, այլ նաեւ ամբողջ հայ ազգի ճակատագիրը` չաշխատանքով, չսպասումներով, ծանր իրավիճակով»: