Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ

Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 13-ին տեղի կունենա կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի պրեմիերան: 25 տարվա խրոնիկան ընդգրկող ֆիլմն ունի նաեւ ենթավերնագիր. «Հայկ. փախուստ», որն առաջին ֆիլմն է «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքից: Մեզ հետ զրույցում Հարություն Խաչատրյանը պատմեց, որ 25 տարիների ընթացքում նկարվել եւ հավաքվել է բավականին նյութ, որն առնվազն 5 ֆիլմ կլինի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարում ընդգրկված:       



- Դա սկսվեց 87-ին, սկզբում այն կոչվում էր «Չվող թռչուններ», որը Ռուսաստան գնացող մարդկանց մասին էր, ովքեր գնում էին առանց ընտանիքների, այնտեղ ընտանիքներ կազմում ու չէին վերադառնում: Դրանից հետո եղավ երկրաշարժը, բայց մինչ դա էլ սկսվել էր մի տենդենց, երբ մարդիկ սկսեցին փախչել, երեւի ինչ-որ մի վտանգ զգացին. մի տեսակ լարվածություն, վախ կար: Երկրաշարժից հետո ամեն ինչ փոխվեց, ու արդեն ուրիշ բանի համար մարդիկ սկսեցին գնալ: Հետո շարժումն էր, փախստականների հոսքը, այնպիսի մի տարօրինակ շրջան էր, կարծես երկրագնդի սարերը շարժվեին, հայերն էլ ամենաշարժվող սարերի մեջ էին գտնվում, գնում էին մեկ այս երկրամաս, մեկ այն երկրամաս: Այդ առումով ամեն մի արվեստագետ պետք է զգար այդ շարժումը եւ հետեւեր այդ մարդկանց, որոնք հեռանում էին հայրենիքից. ո՞րն է պատճառը, ի՞նչ են տանում, ի՞նչ են բերում:   Դրա համար վերցվեց Մոսկվայում ապրող 4-5 հերոս, որոնց մեջ կար ավտոմեխանիկ Լեւոնը, պոետ Ռուբենը, նկարիչ Վահանը, թատերական ռեժիսոր Հայկը, նաեւ կայուն ու հավասարակշռված կյանքով Մոսկվայում ապրող Արմեն Ջիգարխանյանը. փորձել հասկանալ նաեւ, թե այդ մարդն ինչ է զգում, որ վաղուց գնացել է հայրենիքից: Այսինքն՝ սա տարբեր շերտերի,  տրամադրությունների, բնավորությունների, ժամանակների ուսումնասիրության լուրջ, բազմակողմանի նյութ էր, որովհետեւ ուսումնասիրության թե նյութը, թե տարածությունն էլ շատ մեծ է եղել. Կամչատկա, Ֆրանսիա, Լոս Անջելես, Տալին, Խարկով…., 25 տարի այդ մարդիկ հետապնդվել են, մարդ կա՝ 25 տարվա մեջ 2-3 անգամ, մարդ էլ կա` 7-8 անգամ, կախված, թե իր փոփոխությունների շրջաններն ինչքան են եղել, եւ ինչքան է պահանջվել: Օրինակ, Հայկը մի տասն անգամ մերժել է, ասեց՝ չօգտագործեք, մինչեւ ես չտեսնեմ, ու շատ տեսարաններ մենք չօգտագործեցինք, շատ տեսարաններ էլ թաքնված տեսախցիկով ենք նկարել, որովհետեւ չէր ցանկանում, որ իրեն նկարենք: Նա էլ իր հերթին անընդհատ մեզ էր հետեւում, թե հո հանկարծ չենք եկել իրեն խանգարենք, կործանենք. այդքան հեշտ մարդ չէր:  



 



- «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքում առաջին ֆիլմը «Հայկ. փախուստն» է: Բոլո՞ր հերոսներն են փախչում, թե՞ կա նաեւ վերադարձի մասին պատմող ֆիլմ:



 



- Ամենակայուն վերադարձողը Վահանն էր, որի մոխիրը բերեցին-թաղեցին Հայաստանում: Նա արդեն հավերժ վերադարձավ, հենց դրանով էլ ֆիլմաշարը կոչվում է «Հավերժ վերադարձ»: Նրանց մեջ եղան նաեւ մարդիկ, ովքեր վերադարձան Հայաստան՝ ապրելու համար, ինչպես Արտո Թունջբոյաջյանը, Ռալֆ Յիրիկյանը: Հիմա շարք է դրված այդ պատմության մեջ, թե որն է ավելի կարեւոր ինձ համար, որն է առավել հասունացել իմ մեջ, որպեսզի ֆիլմ դառնա: Առաջինը Հայկի մասին ֆիլմն էր, երկրորդը նկարիչ Վահանն է, երրորդ ֆիլմը գուցե լինի ավտոմեխանիկ Լեւոնի մասին, որ գնաց Լոս Անջելես եւ հիմա ուզում է գնա թոշակի ու վերադառնա հայրենիք: Բայց հերթականությունը դեռ պարզ չէ, որովհետեւ ամեն մի ֆիլմ իր կարեւորությամբ, ներվով, ժամանակի պահանջով առաջ կամ հետ է ընկնում: Սա մի ֆիլմի նյութ չէ, սա լուրջ ֆիլմաշար է, որ արված է հատուկ հայերի համար, որպեսզի հայերը նստեն-նայեն, լսեն, տխրեն, անհանգստանան, խառնվեն իրար: Ոչ մեկն իրեն հանգիստ չպետք է զգա այս ֆիլմից հետո: Բազմակողմանի ուսումնասիրություն լինելուց բացի, նաեւ բավականին մեծ ռիսկ կար, որովհետեւ կինոն չունի այդ գիտական միջոցները, բայց կինոն այնպիսի մի լակմուսի թուղթ է, որ հայտնաբերում է տրամադրություններ, վիճակներ, մթնոլորտներ, որոնք շատ ավելի խոսուն են, քան թե շատ քիմիական ու մաթեմատիկական հաշվարկներ:  



 



- Ֆիլմի հերոսի` Հայկի կերպարում ամեն մեկն էլ կճանաչի ինքն իրեն, որովհետեւ Հայկից բոլորիս մեջ էլ կա` մի տեսակ ինքդ քեզնից հոգնած, քո ազգից նեղացած, անպետքության զգացումով լցված: Դա ի՞նչ է նշանակում, որ արդեն մեր գե՞նն է հոգնած, ծերացած, թե՞ խնդիրը, այնուամենայնիվ, յուրաքանչյուրիս մեջ է: 



   



- Ես ուզում եմ, որ ֆիլմը նայելուց հետո բոլորն սկսեն իրենց այդպիսի հարցեր տալ. ինչո՞ւ է այդպես: Այս ֆիլմում պատասխաններ չկան, ու ոչ էլ հարցեր կան, սա հարցեր առաջացնող ֆիլմ է: Պիտի ամեն մեկի մեջ հարց առաջացնի, պիտի ամեն մեկն անհանգստանա, ջղայնանա, հայհոյի, կռիվ անի իմ հետ, թե ինչու ես սենց բաներ նկարել, հետո մտածի, թե որն է պատճառը, ճանապարհներ, ինչ-որ մի դեղ գտնի կամ գոնե փնտրի: Ջղայնանալը, անհանգստանալն արդեն լավ է, որովհետեւ սա հորինած չի, սուտ չի, այնքան ճմարիտ պատմություն է, որ ամեն մեկի մեջ էլ կա այդ անհանգստությունը: Բայց այդ անհանգստությունը երբեք չի հավաքվել, երբեք չի ընդգծվել, մի օր չի դարձել համազգային քննարկման նյութ, միշտ շատ նայիվ են խոսել դրա մասին. լավ չէր՝ փախան, սոված էին՝ եկան, կամ մենք փախչող ազգ ենք: Դրանք ծիծաղելի բացատրություններ են, ուրիշ ավելի խոր պատճառներ կան, նախեւառաջ, մենք մեզ ճանաչելու խնդիր ունենք, հետո՝ ազգի ճանաչման խնդիր կա:



 



- Հայկի պատմությունը նկարելիս մի՞շտ էր ստացվում ուղղակի վավերագրել կյանքը, եղե՞լ է, որ կամերան անջատելուց հետո փորձեք նրան ինչ-որ բաներում հակառակը համոզել, ասել, որ հայրենիք վերադառնա:  



 



- Ես իրավունք չունեմ խառնվել նրանց կյանքին, մեղադրել կամ ասել` մի արա սա, սխալ ես կամ ճիշտ, ես պետք է բոլորին սիրեի, որպեսզի կարողանայի բոլորին ընկալել ու հասկանալ, որովհետեւ իմ մեջ էլ նույն անհանգստությունները կան: Իհարկե, եղել են կռիվներ, վեճեր, ընդհարումներ, հարբեցողություններ, դեպրեսիաներ, բայց դու զինվորի նման պետք է քո գործը կատարես: Ես ինձ առաջադրանք էի տվել, որ այդ մարդկանց 25 տարի հետեւեմ եւ հասկանամ իրենց, կամ եթե չեմ էլ հասկանում, գոնե ստիպեմ մարդկանց մտածել դրա մասին:



 



  - Ձեր նախորդ բոլոր ֆիլմերը գրեթե ամբողջությամբ լուռ են, այս ֆիլմն այդ առումով «շատախոս» է, ու ֆիլմի հերոսը` Հայկը, խախտեց լռությունը: Դա ինքնաբերաբա՞ր ստացվեց, թե՞ Դուք էլ էիք զգում այդ լռությունը խախտելու անհրաժեշտությունը:






  - Դա մտածված էր, որովհետեւ նրանք բոլորն իմ հայացքն են: Կարծում եմ՝ այն, ինչ տեսնում եմ, կարողանում եմ կինոյի լեզվով պատմել, բայց սա այդ մարդկանց դարդն էր, ու անհրաժեշտ էր, որ իրենք խոսեին, պիտի անմիջական աչքն աչքին նայի, բերանից լսես իր խոսքերը, որ քո վրա ազդի: Ես սա չեմ ուզում կինոլեզու դարձնել, կինոարվեստ ստեղծել, որովհետեւ կարող ես այդ կինոարվեստն ուրիշ ձեւի մեջ էլ ստեղծել` մոնտաժի, մոտիկացման, կերպարի ստեղծման: Մարդ միշտ նույն բանն է նկարում, նայած թե հիմա ինչքան ես փոխվել ու ինչ ես տեսնում: Այդ առումով ես միշտ ինքս իմ մասին եմ նկարել` ինչն է ինձ ցավ պատճառում, ինչը՝ ուրախություն: Սա ոչ ֆիլմ է, ոչ կինոնկար, ոչ էլ վավերագրություն, որովհետեւ մեջը բավականին խոր փիլիսոփայական եզրահանգումներ կան, սա իսկապես ապրված մի բան է, այդ դարաշրջանի մթնոլորտի պահպանումը, թե ինչ մթնոլորտի մեջ է ապրել քո մանուկը, ազգը, թաղամասը, ճամփորդը, փախստականը: Այնքան վավերագրական է այդ մթնոլորտը, որ, կարծում եմ, 100 տարի էլ անցնի, չի հնանա:



 



  - Վերջին կադրում հայկական գերեզմանոցում շրջող Հայկի կերպարից հասկանում ես, որ գուցե նրա համար այդպես էլ չգա վերադարձի այն օրը, որ գա հայրենի տուն: Դատապարտվածության այդ զգացումն իսկապե՞ս կա Հայկի դեպքում:






  - Հայկական ազգանունները գերեզմանոցում հենց դա են ցույց տալիս, որ իր նման հազարավոր հայեր մնացել են այդտեղ: Նույնը նաեւ Լոս Անջելեսում կա. հազարավոր հայկական ազգանուններ գետնի վրա՝ ուղղակի կխելագարվես: Միակ փրկությունը նրանց համար եկեղեցին է, որ վերջում մեղա են գալիս ու նվիրվում հայ Աստծուն: Զարմանալի բան է, չէ՞, ինչո՞ւ է մարդը գնում հայկական եկեղեցի, Քրիստոսն ամեն տեղ էլ նույնն է, բայց մեկ է, գնում, հայկական եկեղեցու կողքն են ծվարում. հայկականությունը նաեւ այդտեղ է երեւում: Ինչու է հենց այդ ֆինալն ընտրվել՝ որովհետեւ իր ամբողջ կերպարը բերել է դրան, նա էլ դատապարտված է այդ շարքը մտնելու:



Սոնա Ադամյան