Մեկնարկում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

Մեկնարկում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հուլիսի 7-14-ը Երեւանում տեղի կունենա «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնը:   Փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը եւ «ԱՊՀ երկրների կինո»-ն ծրագրի համակարգող Անահիտ Ղազարյանը: այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են, որ կինոփառատոնի հոբելյանական մեկնարկը կնշանավորվի Շառլ Ազնավուրի «Աստղի» բացմամբ իր իսկ անվան հրապարակում, որին կհաջորդի բացման արարողությունը եւ բացման ֆիլմի` Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ «Կրակել դաշնակահարի վրա» (ռեժ.` Ֆրանսուա Տրյուֆո) ֆիլմի ցուցադրությունը Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:



 



Իրադարձություններին ներկա կլինի ինքը` լեգենդար շանսոնիեն: Բացման օրակարգը կներառի նաեւ Ազնավուրին` «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումը: Փառատոնային հաջորդ օրերին հատուկ միջոցառումների` հոբելյանական երեկոների եւ Երեւանյան պրեմիերաների շրջանակներում համաշխարհային կինոյում վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակներ կհանձնվեն նաեւ Մարգարեթե ֆոն Թրոթային, Իշտվան Սաբոյին, Ներսես Հովհաննիսյանին եւ Յոս Ստելինգին: Իսկ անվանի ավստրիացի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր Ուլրիխ Զայդլը, ում «Դրախտ» եռապատումը կներկայացվի արտամրցութային ծրագրում, կարժանանա փառատոնի «Վարպետ» մրցանակին: Ինչպես եւ նախորդ տարի, այս տարի եւս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնումը, որն այս տարի կշնորհվի Արտավազդ Փելեշյանին: Արդեն երրորդ տարին փառատոնի շրջանակներում կներկայացվի «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագիրը, որ կներկայացնի ԱՊՀ երկրների` վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը, այս անգամ կկայանա Գյումրիում, որն ԱՊՀ երկու այլ պետությունների քաղաքների հետ մեկտեղ ճանաչվել է 2013թ. մշակութային մայրաքաղաք:



 



Ցուցադրությունների ծրագրում կընդգրկվեն 16 ֆիլմ, որից 2-ը` վավերագրական, 8-ը` խաղարկային եւ 6-ը` կարճամետրաժ: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 9-ին` Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում եւ կներկայացնի Ռուսաստանի, Ուկրաինայի. Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Հայաստանի ֆիլմեր: Փառատոնի ծրագիրը կներկայացնի նաեւ «Վրացական կինոյի շաբաթ»-ը, որի շրջանակներում կներկայացվի վրաց անվանի կինոռեժիսոր Ռեզո Չխեիձեի ֆիլմերի ընտրանին` հետահայաց ցուցադրություններ ծրագրում: Իսկ Գեորգի Դանելիայի անչափ սիրված «Միմինո» կատակերգությունը, կսկսի ցուցադրությունների իր ճամփորդությունը` ներկայացվելով նախ Երեւանում եւ Գյումրիում, ապա` տարվա ընթացքում Վրաստանի եւ Հայաստանի այլ քաղաքներում` նշելով ֆիլմի ստեղծման 35-ամյա հոբելյանը: Ծրագրի շրջանակներում Փառատոնը Երեւանում կհյուրընկալի ռեժիսորի տիկնոջը` Գալինա Դանելիային:   Կներկայացվեն նաեւ վերջին տարիների վրացական լավագույն ֆիլմերից: Այս տարի փառատոնի շրջանակներում կկայանա նաեւ «Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագիրը` Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարարության եւ «Կինոֆեստ» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ: Ծրագրում կներկայացվեն ռուսաստանյան արտադրության ֆիլմեր` այդ թվում նաեւ Սոչիի «Կինոտավր» փառատոնի մի քանի հաղթող ֆիլմ: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 9-ին` Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը մեզ չի բաժանել» ֆիլմի ցուցադրությամբ:



 



Այս տարի եւս փառատոնի հետ համագործակցում է Բրիտանական խորհուրդը` հատուկ մրցանակ սահմանելով կարճամետրաժ ֆիլմի համար: Արտամրցութային ծրագրերում այս տարի ընդգրկված է նաեւ նոր «Հայացք ներսից եւ դրսից» ծրագիրը, որտեղ կներկայացվեն հայաստանյան արտադրության, ինչպես նաեւ Հայաստանի մասին օտարազգի հեղինակների կողմից նախորդ տարում ստեղծված ֆիլմեր: Ծրագիրը կընթանա Մալյան թատրոնում: Կարեւոր է նշել նաեւ, որ ինչպես եւ նախորդ տարիներին, այս անգամ եւս փառատոնի պատվավոր հյուրերից մի քանիսը պատրաստակամ եղան վարպետության դասեր անցկացնել Երեւանում: Մասնավորապես`  հուլիսի 8-12-ը «Նաիրի» կինոթատրոնում դասեր կանցկացնեն անվանի կինոգործիչներ Մարգարեթե ֆոն Թրոթան, Պավել Ֆիննը, Թուե Սթին Մյուլլերը, Յոս Ստելինգը եւ Գոդֆրի Ռեջիոն, ով համաձայնել է երիտասարդների հետ հանդիպում ունենալ նաեւ ԹՈՒՄՈ կենտրոնում: Նշված ծրագրերն առավել մանրամասնորեն ներկայացված են կից` միջոցառումների օրակարգում: Փառատոնը կամփոփվի Սերժ Ավետիքյանի եւ Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով, որը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի եւ Վրաստանի համատեղ արտադրություն է:



 



Ի սկզբանե մշակվելով եւ զարգացվելով ուկրաինացի ռեժիսոր, սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Օլենա Ֆետիսովայի կողմից` ֆիլմն իրականացվել է ֆրանսահայ անվանի կինոգործիչ Սերժ Ավետիքյանի հետ համատեղ ռեժիսորությամբ, ով նաեւ հանդես է գալիս ֆիլմի գլխավոր դերում: Պատմելով Փարաջանովի կյանքի ամենաուշագրավ իրադարձությունների եւ ստեղծագործությունների մասին` ֆիլմը Փարաջանովի արտասովոր աշխարհայացքի գունեղ մեկնաբանությունն է: Ֆիլմի ցուցադրությանը կհաջորդի փակման հանդիսավոր արարողությունը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: