Քոչարի վաղամեռիկ գեղեցկուհին

Քոչարի վաղամեռիկ գեղեցկուհին
Վիգեն Իսահակյանի «Փարիզ, Քոչար, անցած օրեր» գրքի սկզբում պատմվում է Երվանդ Քոչարի առաջին կնոջ՝ Վարդենու եւ նորածին աղջկա մահվան մասին:  Ձեզ ներկայացվող Քոչարի եւ Վարդենու հարսանյաց լուսանկարն արվել է 1925 թվականին, Փարիզում: Նրանց ամուսնական կյանքը կարճ ու ողբերգական ավարտ ունեցավ:



 



Վիգենը գրում է. «Դեռեւս 1926 թ. փետրվարի 15-ին Ավետիք Իսահակյանն իր կնոջը` Սոֆյային, նամակում գրում է. «Տեսա նկարիչ Քոչարյանին. կինը հիվանդանոցն է, երեխան մեռել է, քեֆը տեղը չէ»: Ուրեմն դեռ 1926 թվականին, ծնվելուց քիչ անց, մահացել էր Քոչարի եւ Վարդենու առաջին երեխան, իսկ հիմա նույն ողբերգությունը կրկնվում էր 1928-ի դեկտեմբերին: Նյութականն էլ ողբալի էր, մի սենյակում էին ապրում եւ ամեն օր չէր, որ տաք ճաշ էին ուտում, կոշիկներն էլ լաց էին լինում: Վարդենու եւ նորածին աղջկա առողջությունն օր օրի ավելի էր վատանում… Ավա՜ղ, նրանց չկարողացան փրկել: Սկզբում մահացավ Երվանդի դեռատի կինը, իսկ մի երկու օր անց` նորածին աղջնակը… Հուղարկավորության մասնակիցները սակավաթիվ էին` մի քանի մտավորական, որոնք ապրում էին նրա հարեւանությամբ. գրողներ Նշան Պեշիկթաշլյանը, Զարգարյանը, նկարիչ Ռաֆայել Շիշմանյանը, Միշա Ազնավուրյանը` Շառլ Ազնավուրի հայրը, եւ Երվանդի ընկերը` նկարիչ Լեւոն Թութունջյանը: Դուրսը հուղարկավորման մի փոքր սեւ ավտոբուս էր սպասում: Դագաղները, մեծ եւ փոքր, սեւ ավտոբուսի ներսում, մեջտեղը: Մենք էլ նստեցինք երկու կողմերի փայտե նստարաններին: Շարժվեցինք դեպի Անյերի թաղամասի գերեզմանոցը, որտեղ մի մաս կար հատկացված մեր հայրենակիցներին: Ձմեռվա տխուր, ցուրտ օր էր, ցավով եմ հիշում»:



 



Երկու տարի անց Երվանդ Քոչարը նորից սիրահարվեց եւ ամուսնացավ ֆրանսահայ Մելինե Օհանյանի հետ: 1936 թվականին շատերի համար անսպասելի որոշում կայացնելով՝ նա լքեց Փարիզը եւ վերադարձավ Խորհրդային Հայաստան: Երջանիկ Կարախանյանը Քոչարի մասին իր հուշերում տալիս է «Սինայի» շոգենավով հայրենիք վերադարձող արվեստագետի նկարագիրը: «Բավական էր այդ առինքնող տղամարդուն երեկոյան տեսնել նավի բազրիքին՝ սիգարը ծխելիս, եւ նրա` արվեստագետի կերպարին ավելանում էր մեծահարուստ ռոմանտիկ մենակյացը…



 



- Ասում էին, որ Փարիզում Քոչարը մեծ ճանաչում է ունեցել եւ նշանավոր նկարիչներից պակաս չէր: Միայն թե չէի հասկանում՝ այդ դեպքում ինչո՞ւ էր թողել Փարիզը: Տախտակամածին հանդիպելիս ինձ թվում էր, թե նրա հոգում մի ինչ-որ մտահոգիչ բան կար ամբարված: Երբեմն էլ անհոգ մարդու տպավորություն էր թողնում… նա առեղծված էր»:



 



Երվանդ Քոչարի՝ Փարիզը թողնելու եւ Հայաստան վերադառնալու պատճառների մասին տարբեր կարծիքներ կան, սակայն նրա գեղեցկուհի կնոջ եւ երեխայի մահն ասես դուրս է դրված այդ պատճառների շրջանակից:



 



Քոչարի եւ Վարդենու հարսանեկան այս հրաշալի լուսանկարը, թվում է, մի պահ պատկերում է փարիզյան օրերի ամենապայծառ ակնթարթները, որ ունեցել է Քոչարը եւ կորցրել կնոջ մահով: