Կոչ աշխարհասփյուռ հայությանը` 10 միլիոն հասցեներով

Կոչ  աշխարհասփյուռ հայությանը` 10  միլիոն հասցեներով
Հարգարժան բարեկամ,



Այս կոչիս նպատակը պատմական Հայաստանի և մասնավորապես Արևմտյան Հայաստանի տարածքում տարի առ տարի ավերվող-անհետացող հայոց հուշարձանների վերջնական կործանումից փրկության մտահոգությունն է: Հուշարձաններ, որոնք հայ ժողովրդի ստեղծած նյութական ժառանգության կարևորագույն արժեքներից են: Բազմաթիվ անհերքելի փաստերի վկայությամբ`   Հայոց Մեծ Եղեռնից հետո անխնամ մնացած մեծ ու փոքր այդ արժեքները պարբերաբար և անարգելի ենթարկվում են գանձախուզությունների ու ավերումների, հիմնահատակ ու ծրագրված կործանումների ու պայթեցումների:



Դարերի թոհուբոհից դեռևս մեր օրերը հասած VII-XIX դդ. շատ ու շատ վանքերի ու եկեղեցիների, նրանց համալիրների մեջ մտնող շինությունների հիմնապատերի արտաքին շարվածքների քարերը` հիմքերից 1,5-2 մ և ավելի բարձրություններով, պոկված-հանված են, գերեզմանոցները` գրեթե իսպառ վերացվել են, տապանաքարերն ու խաչքարերը, հուշարձանապատկան քարերը օգտագործվել կամ օգտագործվում են զանազան շինարարություններում…



Այդ հսկայածավալ ժառանգության մեծ մասը, թերևս վերջին 40-50 տարիներում փաստագրված են, դեռևս` առանձին բացառություններով, չեն ենթարկվել հիմնարար և բազմակողմանի ուսումնասիրությունների, որոնց զգալի մասը նույնիսկ ծանոթ չեն մասնագետներին,  հայ ժողովրդի պատմության ու մշակույթի հայ և օտարազգի ուսումնասիրողներին:



Այսպիսի ողբալի վիճակում գտնվող այժմյան Թուրքիայի տարածքի հայոց հուշարձանները կամ նրանց գերակշիռ մասը, պարբերաբար ենթարկվելով մարդու և բնության կործանարարությանը, կարող են դիմակայել ևս 20-50 տարի:



Մենք` Հայաստանի, Արցախի հանրապետությունների քաղաքացիներս և աշխարհասփյուռ հայությունը, մեր պետական և ազգային կառույցները, մեզնից յուրաքանչյուրը ոչ մի բարոյական ու իրավական իրավունքը չունի իր նպաստը չբերելու հայոց նյութական ժառանգության այդ հատվածի (նաև այլ պետությունների տարածքներում գտնվող) գլխին կուտակված վտանգի դեմն առնելու, այն` ըստ հնարավորինս կանխելու գործին: Սա ուղղակի պետական ու ազգային արժանապատվության խնդիր է և այդ խնդրում մեզանից ոչ ոք իրավունք չունի անտարբերություն ու կրավորականություն ցուցաբերելու: Այնպես, ինչպես մենք ազգովին ու պետականորեն, լուռումունջ մնալով դա թույլ տվեցինք, բացաչք կուրությամբ ականատես եղանք 1989-2006 թթ. Ադրբեջանի կողմից հայոց Նախիջևան աշխարհի ողջ հայկական ժառանգության կործանմանը, որի ընթացքում գետնի երեսից իսպառ վերացվեցին շուրջ 27 հազարի հասնող մեր ժողովրդի ստեղծած նախիջևանյան բոլոր մեծ ու փոքր հուշարձանները:



Ի վերջո սթափվենք… Սթափվենք պետականորեն, ազգայնորեն, իրական և ոչ թե ճառաբան ու բաժակաճառային հայրենասիրությամբ, սրտացավ ու գործունյա և ոչ թե ցուցադրական ու ցուցամոլական մեկենասություններով…



Հարգարժան բարեկամ,



Հաշվի առնելով Հայաստան-Թուրքիա չկարգավորվող պետական հարաբերությունները, ինչպեսև հուշարձանների պահպանության խնդիրների ստեղծված առկա և օրեցօր վատթարացող խիստ վտանգավոր վիճակը, անհրաժեշտություն է, որպեսզի այդ խնդիրներին ինչ-որ կերպով լուծում տալու համար ստեղծել հայկական հուշարձանների պահպանության համահայկական միջազգային կառույց (կազմակերպություն, հիմնադրամ, ասոցիացիա): Այն պետք է լինի ոչ պետական և գործի ուրույն կանոնադրությամբ, վայելի ՀՀ պետական մարմինների, Արցախի, Սփյուռքի ազգային կառույցների, հայոց եկեղեցու հովանավորությունն ու աջակցությունը:



1. Իմ համոզմամբ ստեղծվելիք այս կառույցի կենտրոնական գրասենյակը պետք է իր պետական գրանցումը ստանա և գործի Հայաստանի հանրապետությունից դուրս` եվրոպական երկրներից մեկում (այդ թվում և Թուրքիայում):



2. Կառույցը իր մասնաճյուղ-գրասենյակները պետք է ունենա աշխարհի այն բոլոր երկրներում (այդ թվում և ՀՀ-ում և Արցախում), որտեղ առկա են հայկական համայնքները:



3. Կառույցի դրամական միջոցները պետք է գոյանան հայկական բոլոր ազգային կազմակերպությունների, ՀՀ և Արցախի պետական և մասնավոր ձեռնարկությունների, ընկերությունների, եկեղեցու, անհատ նվիրատուների, մեծահարուստների ու գործարարաների ներդրած մուծումներից:



4. Կառույցը իր գործունեությամբ պետք է կատարի.



ա) Հուշարձանների պահպանություն (կատարելով պահպանության ծառայություններին ամենամսյա վճարումներ):



բ) Մանրամասնորեն փաստագրի մեր օրերը հասած հուշարձանների վավերագրական վիճակը:



գ) Միջոցներ ձեռնարկի հուշարձանների ամրակայման և առանձին դեպքերում նաև նորոգումների ու բարեկարգումների աշխատանքներ իրագործելու համար:



դ) Կատարի հրապարակումներ (հաշվետվություններ, գիտահանրամատչելի գրականություն, ուսումնասիրություններ):



Նշածս կառուցվածքային ու կատարողական այս կետերը նախնական-ծրագրային են, որոնք ըստ կարգի իրենց հաստատումը, լրացումները ու շտկումները պետք է ստանան հիմնադրվելիք կառույցի հիմնադիր ժողովում և նրա կանոնադրությունում: Իսկ այս ամենին ընթացք տալու և կազմակերպելու համար անհրաժեշտ է ձևավորել-կազմել կառույցի հիմնադիր ժողով-հավաքի աշխատանքները իրականացնող ձեռնհաս մասնագիտական նախաձեռնող խումբ:



Նախաձեռնող խմբի ձևավորումը պետք է կատարվի կամավորական հիմունքներով` Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մասնագիտական ու հասարակական կազմակերպությունների, գիտական ու ազգային կառույցների, մտավորականության, արվեստի ու մշակույթի ներկայացուցիչներից: Մարդիկ, ովքեր իրենց անբասիր ու անաղարտ կենսագրություններով ու իրենց գործունեությամբ գտնում են, որ իրենք կարող են օգտակար լինել թեʹ նախաձեռնող խմբի և թեʹ կառույցի ձևավորող ստորաբաժանումների աշխատանքներին:



Անձնապես շատ լավ եմ պատկերացնում առաջարկվող կառույցի ստեղծման թեʹ դժվարությունները և թեʹ մանավանդ նրա գործունեության իրականացման բազմազան ու բազմաթիվ, նույնիսկ անհաղթահարելի դժվարությունները: Նախապես ականջալուր եմ և տեսնում եմ նաև շատերի անտարբերությունը, նույնիսկ արհամարական ու ժխտողական վերաբերմունքը` «բան չի ստացվի», «անօգուտ և անիմաստ է, հեռանկար չունի», «էլի մի համահայկական կառույց», «դա պետք է պետությունը ձեռնարկի», «այս խնդիրները ՀՀ-ում ինչպես հարկն է չենք կարողանում իրականացնել, էլ ուր մնաց դրսում» և այլ ոչ անհիմն  դիրքորոշումները… Այնուհանդերձ, գտնում եմ, որ ստեղծվելիք կառույցը  թերևս միակ ուղին է, որպեսզի մենք սթափ մտածելով, առկա սպասվելիք դժվարությունների հաղթահարումների հավատով` թեկուզև այսքան ուշացումով, ձեռնամուխ լինենք մեր հուշարձանները կործանումից փրկելու սրբազան ու համահայկական գործին: Անշուշտ դժվար է լինելու կառույցի աշխատանքը: Այնպես որ մեզանից բացի ոչ ոք պարտավոր չէ, մեր ժողովրդի ժառանգության պահպանության դժվարին լծի տակ մտնելու…



Կկազմակերպե՞նք, կաշխատե՞նք, մեր ունեցած միջոցներից մասնահանումներ կանե±նք, մեր հոգու ու ոգու պարտքը կկատարե՞նք մեր ապուպապերի ու նրանց ստեղծած-թողածը արժանավայել պահել-պահպանելու և ապագա սերունդներին հանձնելու համար… Այդ դեպքում գուցեև մեզ հաջողվի թերևս փրկենք ինչ-որ չափ ու քանակով մեր մունջ ու աղեկտուր ճիչերով օգնություն աղերսող հուշարձանները…



Հակառակ պարագայում` առաջիկա տասնամյակներում հազար-հազար ափսոսանքներով ու կսկիծներով, վիճակագիր-հաշվապահների նման կարձանագրենք նրանց կործանումների հաշիվ-հաշվարկները, կմնանք անցյալով հպարտանալու մարմաջի գերին… Եվ այդ դեպքում մեր այժմյան անտարբերություն-անգործությունը կդառնա պատմական ու ազգային անանց ամոթ… հազար ամոթ …



Նախատեսվում է նախաձեռնող խմբի առաջին նիստը գումարել Երևանում` 2013 թ. նոյեմբերի 15-ին, ժամը 15-ին, Հայաստանի ճարտարապետների միության փոքր դահլիճում: Մինչ այդ` նախաձեռնող խմբում աշխատելու համար, ցանկացողները, ինչպեսև կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց թեկնածությունները պետք է առաջադրեն գրավոր` Սերգեյ Փարաջանովի թանգարան, էլ. փոստ [email protected] հեռ. +374 10 53 84 73: Խնդրվում է թեկնածությունները ներկայացնելիս անպայման ներկայացվեն թեկնածուների կապի միջոցները (էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարները):



Ակնկալում եմ, որ այս կոչը կկարևորեն և կհրապարակեն թեʹ Հայաստանի և թեʹ Սփյուռքի թերթերը և այլ լրատվամիջոցները: Լրացուցիչ տեղեկությունների համար կապ կարելի է պահպանել տողերիս հեղինակի հետ հետևյալ կապի միջոցներով` էլ. փոստ -    [email protected],   հեռ. +374-091-78-80-33:



 



Արգամ Այվազյան



հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ