Ինչ-որ բան նեխել է Դանեմարքայում

Ինչ-որ բան նեխել է Դանեմարքայում

Զրույց  արձակագիր Սուսաննա  Հարությունյանի հետ



-Հուլիսի 27-ին Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարն է սկսվելու, որի ընթացքում նախ ընդունվելու է Միության նոր կանոնադրությունը: Այսօր՝ հուլիսի 26-ին, կանոնադրությունը տպագրվելու է «Գրական թերթում», իսկ շաբաթ օրը ներկայացվելու է գրողների քվեարկությանը: Բնականաբար, մեկ օրում չեն հասցնելու հասկանալ, թե ինչ է գրված: Ասում են, որ վարչության նիստում քննարկվել է, բայց ինձ, որպես վարչության անդամի, տեղյակ չեն պահել, իսկ թե ովքեր են եղել եւ ինչ են քննարկել, հայտնի չէ: Արդյո՞ք այդպես հապճեպ ու անտեղյակ կանոնադրություն են ընդունում. ես չգիտեմ, թե ինչին եւ ինչու պետք է քվեարկեմ:



- Ես ներկա էի քննարկմանը, մոտ 25 հոգի էինք, բայց հիմնականում կենտրոնացան սփյուռքահայ գրողների կարգավիճակի վրա: Հայտարարեցին, որ կանոնադրությունը տպագրվելու է «Գրական թերթում», եւ ովքեր դժգոհություններ ունեն, կարող են մասնակցել քննարկումներին, իրենց դիտողություններն անեն, եւ կշտկվեն համապատասխան կետերը: Ես չգիտեմ՝ կանխամտածված է արվել, թե այդպես է ստացվել, որ քվեարկության նախօրեին է միայն տպագրվելու եւ բոլոր գրողներին մատչելի դառնալու կանոնադրությունը: Իհարկե, մոտեցումը սխալ է, մարդիկ քննարկելու, միմյանց հետ կարծիք փոխանակելու ժամանակ չեն ունենա, եւ այդ կանոնադրությունը կընդունվի հապճեպ ու մակերեսային ըմբռնմամբ:



- Դուք ծանոթ եք կանոնադրության նախնական տարբերակին: Ի՞նչ եք կարծում, այդ տեսքով կանոնադրությունն ընդունելի՞ է համարվում, թե՞ կան խոցելի կետեր:



- Ես երբեք չեմ տեսել նախկին կանոնադրությունը, որպեսզի հասկանամ, թե ինչ փոփոխություններ են արվել, սակայն Միության կառույցը՝ վարչություն, քարտուղարներ, նախագահություն, խորհրդային ժամանակներից եկող մոտեցում է, որն այսօր իրեն չի արդարացնում: Չգիտեմ, եթե այսօր մեկը լինի քարտուղար, ինչով է զբաղվելու, ինչ հարց է լուծելու գրողի համար: Անհրաժեշտ է այդ ներքին կառույցը փոխել՝ հարմարեցնելով այսօրվա կյանքի պայմաններին, քանի որ գրողն ունի պրոպագանդայի կարիք, գործակալի կարիք, որ իրեն դրսում ներկայացնի եւ փորձի թարգմանել ու հրատարակել: 51 հոգի վարչության անդամ կա, այսօր Միության շարքերում 51 կարգին գրող չկա, որտեղի՞ց են այդքան վարչության անդամ հավաքել, փոխարենը 10-15 հոգանոց նախագահությունը լիովին բավարար է: 



- Համամիտ եմ, որ հին կառույց է նոր ժամանակի մեջ, իսկապես պետք է Միության հայացքը, մոտեցումները փոխվեն: Իսկ Գրողների միությունը դեռ փետրվարից որեւէ քարտուղար չունի, իսկապես Միության կյանքում որեւէ բան չի փոխվել քարտուղարի բացակայությամբ: Բայց դառնանք կանոնադրությանը. կա՞ն անընդունելի կամ խոցելի կետեր:



- Կանոնադրության մեջ նշված չէ, որ Գրողների միությունը պրոֆեսիոնալ ստեղծագործական կազմակերպություն է: Հասարակական կազմակերպությունն էլ կարող է, չէ՞, իր ուղղվածությունը կամ մասնագիտացումն ունենալ, պետք է շեշտվեր, որ սա պրոֆեսիոնալ գրողների կազմակերպություն է: Ամենամեծ բացն այն է, որ նշված չէ, թե մի անձը քանի անգամ կարող է առաջադրվել նախագահի թեկնածու, եթե այդ կետը վերանայված չէ, ուրեմն, միեւնույն անձը հնարավորություն ունի ցմահ նախագահել՝ ամեն երկու տարին մեկ վերընտրվելով, քանի որ այսուհետ երկու տարին մեկ անգամ համագումար է հրավիրվելու: Բացի նախագահից, քարտուղարներին նույնպես պետք է ընտրի համագումարի կողմից, նաեւ գրական մամուլի խմբագիրները պետք է ընտրվեն, այդ թվում նաեւ հրատարակչության տնօրենը: Եթե այդ պաշտոններում նշանակվում են, ուրեմն մենք նախագահությանը կամ նախագահին միապետի իրավունքներ ենք տալիս: Այդպես չպետք է լինի, եթե մենք ուզում ենք ինչ-որ բան կարգավորվի, ուրեմն այդ նշված կարեւոր պաշտոններում մարդկանց պետք է համագումարն ընտրի: Եվ եթե սա Գրողների միություն է, ուրեմն նախագահության կազմում պետք է 70 տոկոսը լինեն գրողներ, իսկ 30 տոկոսը՝ գրականագետներ ու թարգմանիչներ, ոչ թե հակառակը լինի:   



- Վերջին տարիներին մի մտահոգող երեւույթ է նկատվում. ՀՀ գրողների միություն են ընդունվում այնպիսի հեղինակներ, ովքեր միջակից ցածր մակարդակ ունեն, որոնց հետ չես ցանկանում միեւնույն միության մեջ լինել: Դուք եղել եք ընդունող հանձնաժողովում, ի՞նչ չափանիշով եք Միության անդամ ընտրում եւ ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում: Արտաքուստ որքան էլ հասարակական համարվի, այնուամենայնիվ, ստեղծագործական միություն է:



- Ընդունող հանձնաժողովն է մեղավոր, որ քվեարկության ժամանակ ասում են, թե սա մեծ գիտնական է, եկեք ընդունենք Միություն: Հիմա ես որքան էլ մեծ գրող լինեմ, կարո՞ղ եմ գնալ Ֆիզիկայի ինստիտուտ եւ ասել՝ ինձ ընդունեք ձեր շարքերը: Սա ինքնահարգանք է, որ գրողները պետք է պահեն: Բացի այդ, եթե դիմողը չի հավաքել համապատասխան ձայներ՝ Միության անդամ դառնալու համար, ցանկության դեպքում նախագահության նիստի ժամանակ որոշում են, որ այդ մարդը պետք է դառնա Միության անդամ, եւ այդպես դառնում է:



- Պետք է նոր կանոնադրությամբ Գրողների միության հայացքը փոխվի, կառուցվածքը, մոտեցումները եւ վերանայվեն չափանիշները, որպեսզի կարողանանք խուսափել ճահճացման վտանգից:



- Այս ամենը միայն նախագահի մեղքը չէ, սա նաեւ մեր մեղքն է: Երբ ես իմ գրչընկերներին առաջարկում եմ, թե եկեք դիմենք նախագահին պահանջով եւ այս բանը փոխենք, լուծում ստանանք, որեւէ մեկը չի ցանկանում ինչ-որ բան շտկել: Եթե գրողներն իրենց կյանքի հետ կապված հարցերն էլ չեն ցանկանում լուծել, էլ ուրիշ ի՞նչ պետք է անենք: Այդ ե՞րբ պահանջեցիք ու չստացաք, սկսենք այդտեղից: Այսքան հեղինակավոր գրողներ կան Միության շարքերում, ո՞ր մեկի ըմբոստությունը տեսանք այսքան ժամանակ, բոլորն էլ զբաղված են իրենց անձնական հարցերը լուծելով: Այնպես որ, այս հարցում մեղադրել մի հոգու, մի քիչ սխալ է:  



 



ՀՈՒՍԻԿ ԱՐԱ