Բյուտոր

Բյուտոր

«Նոր վեպի» մասին խոսելիս գրեթե միշտ հիշատակվում են մի քանի հեղինակներ՝ Ալեն Ռոբ-Գրիյե, Նատալի Սառոտ, Կլոդ Սիմոն եւ Միշել Բյուտոր:



Միշել Մարի Ֆրանսուա Բյուտորը ծնվել է 1928 թվականին,  Նորում: Սորբոնում փիլիսոփայություն ուսումնասիրելուց հետո Բյուտորը դասավանդում է Եգիպտոսում, Մանչեսթըրում, Ժնեւում, ԱՄՆ-ում: Չորս վեպ ստեղծելուց հետո նա արմատապես անցնում է էսսեի ժանրին՝ խոսելով վիպասանության, ընդհանրապես պատումի արվեստի, նրա նոր հնարավորությունների եւ կազմության փոփոխման մասին: Միշել Բյուտորի ամենահայտնի վեպը՝ «Փոփոխությունը», «Ռենոդո» մրցանակ է ստանում եւ արժանանում բարձր գնահատանքի: Վեպում խախտված են ժամանակի ու տարածության ճանաչելի սահմանները: Հերոսը գնացքով Փարիզից ուղեւորվում է Հռոմ՝ սիրուհուն տեսակցելու: Երկրորդ դեմքով պատումն ասես գնացքի չընդհատվող շարժման եւ հերոսի անընդհատ փոփոխվող գիտակցության արթնությունն է, որ թույլ է տալիս հերոսին հետեւելու մի փոքր հեռվից: Թվում է՝ հերոսի մտքերը ծնվում են անորոշ տեղից: Գնացք-շարժումը որսում է գնացքով ճամփորդող մարդու գիտակցության յուրաքանչյուր սեւեռումը, փոխանցում ընթերցողին: «Ճամփորդությունն ու գիրը» էսսեում Բյուտորը գրում է. «Ընթերցողի ճամփորդությունը տրանսպորտում, որը նրան այնպիսի ժամանցի հնարավորություն է տալիս, որը ցանկության դեպքում երկատվում է երկու գլուխների միջեւ, ես կարող եմ մի կուպեից մյուսն անցնել արդեն վաղուց մեկնած գնացքի մեջ, քանզի ամենայն անշարժություն երկրի երեսին միշտ հարաբերական է` բավ է փոքր-ինչ ընդլայնել համաձայնեցումների համակարգը, որպեսզի մենք սկսենք տեղաշարժվել այլ լուսատուների հանդեպ, բավական է համադրել ժամանակն ու տարածությունը, ինչը եւ տեղի է ունենում ցանկացած ճամփորդության ժամանակ, որպեսզի հանգենք ավանդական եւ անսպառ փոխաբերության, երբ մարդու կյանքն ու ողջ պատմությունը նմանեցվում են ծնունդից առ մահ տանող ճամփորդության»:



20-րդ դարի լավագույն վեպերի ցանկում շատ անգամ կարելի է հանդիպել Բյուտորի այս ուշագրավ ստեղծագործությանը: Չնայած իր պատկառելի տարիքին՝ Միշել Բյուտորը շարունակում է ստեղծագործել, կարդում է դասախոսություններ անվանի համալսարաններում: Ամերիկացի բանաստեղծ Ջոն Էշբըրին իր հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպես Նյու Յորքում, մի միջոցառման ժամանակ տեսնելով Միշել Բյուտորին, ամեն գնով ցանկացել է նստել նրա կողքին եւ մի քանի ակնթարթ վայելել մեծ գրողի ներկայությունը:



 



Արամ ՊԱՉՅԱՆ