Հայությունը պահանջում է հողերի վերադարձը Թուրքիայից

Հայությունը պահանջում է հողերի վերադարձը Թուրքիայից

Վերջերս Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր դատախազի կողմից արւած յայտարարութիւնը Թուրքիայից հողային պահանջի մասին արժանացաւ աշխարհասփիւռ հայութեան մեծ ուշադրութեանը եւ թուրքական կառավարութեան խիստ քննադատութեանը: Չնայած սա առաջին անգամն էր, որ մի հայ պաշտօնեայ բարձրացրել էր այս հարցը 1991 թ. երկրի անկախութիւնից ի վեր, սակայն պահանջն ինքնին նոր չէ: Հայերը տասնամեակներ շարունակ ձգտում են վերստանալ իրենց պատմական տարածքները Թուրքիայից:
 



ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչութեան կողմից գաղտնազերծւած 1943 թւականի մի գաղտնի փաստաթուղթ բացայայտում է, որ Միացեալ Նահանգների կառավարութիւնը քաջատեղեակ է եղել հայկական պահանջներին՝ «վայրագութիւնները» ճանաչելու եւ թուրքական գրաւեալ «նահանգները» վերադարձնելու մասին:



 Կենտրոնական հետախուզական վարչութեան նախորդի՝ Ռազմավարական  ծառայութիւնների վարչութեան (ՌԾՎ) հեղինակած 1943 թ. դեկտեմբերի 13-ի փաստաթղթում ասւում է. «Միացեալ Նահանգներում հրատարակւող ամբողջ հայկական մամուլը աշխուժ է՝ իր ընթերցողների յիշողության մէջ թարմ պահելու թուրքական կողմի կազմակերպած հայկական ջարդերը: Վախենալով, որ այս պատերազմի [Երկրորդ համաշխարհային պատերազմի] գերմանական վայրագութիւններն ի վերջոյ կմթագնեն նախորդ պատերազմի վայրագութիւնները, նրանք ուզում են վառ պահել Հայկական հարցն ընդդէմ Թուրքիայի: Հայերն ունեն ինչպէս ներկայիս, այնպես էլ անցեալի բողոքներ Թուրքիայի հանդէպ, որտեղ ունեցւածքի հարկի՝ «Վառլիքի» ծանր բեռն աւելի շատ դրւած է հայերի, քան Թուրքիայում ապրող որեւէ այլ փոքրամասնութեան վրայ: Հայութեան աչքին առաւել աններելի է այն փաստը, որ Թուրքիան պահում է այն նահանգները, որոնք, ըստ նրանց հաստատ համոզման, իրաւամբ պատկանում են Հայաստանին: Համայն հայութեան նպատակն է այս նահանգները վերադարձնել Հայաստանին»: ՌԾՎ-ի փաստաթղթի մէկ այլ ատւածում ճշգրտօրէն հաղորդւում է, որ «հայերը, գրեթե առանց բացառութեան, ամենախորը կասկածանքի, թշնամանքի եւ վախի զգացումներ են տածում» Թուրքիայի հանդէպ:



 1944 թ. յուլիսի 31-ին թւագրւած երկրորդ գաղտնազերծւած փաստաթուղթը զարմանալի վերնագիր է կրում. «Դաշնակները թեքւում են դէպի Խորհրդային Ռուսաստան»: ՌԾՎ-ն նշում է, որ «երբեմնի անզիջող հակախորհրդային Հայ Յեղափոխական դաշնակցութիւնը (դաշնակ) պաշտօնապէս փոխել է իր կողմնորոշումը եւ թեքւել դէպի Խորհրդային Միութեանն աջակցելու ուղղութեամբ, որն աստիճանաբար աւելի ակնառու դարձաւ վերջին մի քանի ամիսների ընթացքում եւ իր գագաթնակետին հասաւ խորհրդամետ քաղաքականութեան ընդունմամբ յուլիսի առաջին շաբաթում Բոստոնում կայացած Դաշնակցութեան տարեկան համագումարում»: ՌԾՎ-ի այս զեկոյցը պատրաստւել էր այն ժամանակ, երբ Խորհրդային Միութիւնը յայտարարել էր իր մտադրութեան մասին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ պահանջել Թուրքիայի արեւելեան նահանգները (Կարսը, Արդահանը եւ Սուրմալուն): Խորհրդային այս պահանջն աջակցութիւն ստացաւ Հայկական եկեղեցու, Խորհրդային Հայաստանի կառավարութեան եւ Սփիւռքի, այդ թւում՝ հակախորհրդային Հայ Յեղափոխական դաշնակցութեան (ՀՅԴ) կողմից:



 ՌԾՎ-ն խորաթափանց կերպով յայտարարեց. «Դաշնակներն իրականում երբեք էլ չեն հրաժարւել իրենց երազանքից ունենալու ազատ եւ անկախ Հայաստան, այդ թւում՝ թուրքական չմիացւած տարածքը, որը լարւածութեան մէջ էր պահում նրանց ԽՍՀՄ-ի հետ, 1920 թւականին Հայաստանի՝ որպէս խորհրդային [անընթեռնելի] ստեղծումից ի վեր… Անկախութեան տեսլականի նւաղումով, այժմ խորհրդամետ դաշնակներն իրենց ուշադրութիւնը շրջում են դէպի Հայաստանի թուրքական նահանգների ձեռքբերմանը Խորհրդային Հայաստանի Հանրապետութեան կողմից»:



 Բացատրելով ՀՅԴ կուսակցութեան հետպատերազմեան ակնկալիքները, ՌԾՎ-ն ասում է. «Եթէ Թուրքիան, ինչպէս դաշնակները յոյս ունեն եւ հաւատում են, ըստ պարօն [Ջեյմս] Մանդալեանի [Բոստոնում գործող ՀՅԴ «Հայրենիք» թերթի խմբագիր], չեզոք մնայ [Երկրորդ համաշխարհային պատերազմում], ապա այն մեծապէս խոցելի կացութեան մէջ կյայտնւի  եւ իր չեզոքութեան հատուցումներից մէկը կլինի Թուրքահայաստանի զիջումը Խորհրդային Հայաստանին»:



 ՌԾՎ-ի 1943 թւականի փաստաթուղթը նաեւ մի ընդարձակ զեկոյց է պարունակում ամերիկահայ մամուլի վերաբերեալ, իր ուշադրութիւնը սեւեռելով Միացեալ Նահանգներում հրատարակւող 17 հայկական թերթերից միայն վեցի վրայ. «Հայրենիք» եւ «Ասպարեզ» (Դաշնակցական), դասակարգւած որպէս «աջակողմեան-ազգայնական», «Պայքար», «Նոր օր» (Ռամկավար) եւ «Երիտասարդ Հայաստան» (Հնչակեան), դասակարգւած որպէս «ազատական», եւ «Լրաբեր» (Ամերիկայի հայկական առաջադիմական լիգա), դասակարգւած որպէս «ձախակողմեան-կոմունիստական»: Վերջին երկու թերթերն այլեւս չեն  հրատարակւում:



Ըստ ՌԾՎ-ի՝ «Հայրենիք» եւ «Ասպարեզ» թերթերը «խիստ ազգայնական, հակախորհրդային եւ հակակոմունիստական են», մինչդեռ «Պայքարը» «վճռականօրէն դեմ է արտայայտւում դաշնակներին եւ նրանց սկզբունքներին: Ռամկավարները Խորհրդային Միութեան մէջ Հայաստանի ընդգրկումը ընդունում են որպէս հայկական խնդիրների բաւարարման լաւագոյն ելք եւ «Պայքար» թերթում տպագրւած բազմաթիւ հոդւածներում գովաբանում են խորհրդային վարչակարգը Հայաստանում, հատկապէս Հայ Առաքելական եկեղեցու հետ նրա ունեցած յարաբերութիւններում»:



ՌԾՎ-ի գնահատմամբ, 1943 թ. Միացեալ Նահանգների 95 հազար հայերը, որոնք հիմնականում բնակութիւն էին հաստատել Մասաչուսեթս, Նիւ Եորք եւ Կալիֆորնիա նահանգներում, «բուռն հետաքրքրութիւն են դրսեւորում իրենց հայրենիքի [Խորհրդային Հայաստանի] հանդէպ, բայց մի քանիսը, թերեւս ոչ մէկն էլ չի վերադառնայ այնտեղ»:



 Հարութ Սասունյան



 «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր



 Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի