Կարմիր գծից անդին

Կարմիր գծից անդին

Երբ տարիներ շարունակ, ժողովրդական լեզվով ասած, «ստայանշչիկները» «մուրացկանների» նման ձեռքը պարզած 100-200 դրամ էին մուրում մեքենաների վարորդներից, բոլորս բողոքում էինք եւ անգամ հրաժարվում վճարել: Մտածում էինք՝ ինչի՞ համար, ո՞ր ծառայության, մանավանդ` մեկ ժամ կանգնեիր, թե 10 րոպե, նույն գումարն էին ուզում: Բայց, ինչպես ասում են, մինչեւ չգա հետինը, չի հիշվի նախկինը: Այդ խեղճ ու կրակ «ստայանշչիկների» հացին մեր պետությունը «վայիս եղավ»՝ որոշեց ինքը հավաքել այդ կոպեկները: Պետություն ասեմ՝ դուք ինչ-որ մութ անձինք հասկացեք, տզրուկներ, որոնք փողի հոտը կիլոմետրից են զգում եւ պղտոր ջրում ձուկ որսալու մեծ վարպետներ են: Սրանք որոշեցին, որ ոչ մի դրամ այս երկրում անվերահսկելի չպետք է լինի, եւ ոչ ոք, բացի իշխանության հովանավորությունը վայելողներից, փող չպետք է աշխատի: Որոշեցին մի քիչ կարմիր ներկ ծախսել՝ գծեր քաշել ու փող աշխատել: Եվ ոչ ոք չի ասում, թե այդ ո՞ր ծառայության դիմաց եք ուզում փող հավաքել: Կարմիր ներկի՞, թե՞ ձեր շպիոնական տեսախցիկների, որոնց տեղադրումից մենք՝ ՀՀ քաղաքացիներս, հարկատուներս ոչինչ չենք շահելու: Ամառ-ձմեռ փողոցում կանգնող «ստայանշչիկները» գոնե ընտանիք էին պահում՝ մի քանի հարյուր մարդ օրական մի քանի հազար դրամ էր տուն տանում, ինչո՞ւ զրկեցիք ապրուստի միջոցից: Գոնե մեքենաների վարորդներին օգնում էին կայանելիս ու կայանած տեղից դուրս գալիս, այսինքն՝ ինչ-որ ծառայություն էին մատուցում: Դո՞ւք ինչ եք անելու: Թախտին պառկած՝ փողը հոսելու է, ու անաշխատ եկամո՞ւտ եք ունենալու: Ո՞վ է ձեզ իրավունք տվել հանրային տարածքը գծանշել ու սոսկ կանգնելու համար փող հավաքել: Այս քաղաքը ձերը չի, բոլորինս է, եւ մենք պարտավոր չենք բազում հարկերից բացի նաեւ կայանելու հարկ վճարել:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ