Մեր օրերի հերոսը

Մեր օրերի հերոսը

Մեր ժամանակների հերոսը ոչ բանակում ծառայող երիտասարդն է, ոչ բուհում գերազանց սովորող ուսանողը, ոչ բիզնեսում հաջողությունների հասած գործարարը, ոչ մնայուն հայտնագործություն արած գիտնականը, ոչ արվեստի գլուխգործոց ստեղծած մտավորականը: Մեր օրերի հերոսը Վովա Գասպարյանն ու Վալերի Օսիպյանն են, Նավասարդ Կճոյանն ու Մենուա Հարությունյանը, Արմեն Աշոտյանն ու Տիգրան Ուրիխանյանը, Լիսկան ու Վարդանիկը: Այս շարքից այսօր ուզում եմ առանձնացնել Վալերի Օսիպյանին, ով ժամանակին Նաիրի Հունանյանին դատարան ուղեկցող, նրա անվտանգությունն ապահովող դասակի հրամանատարն էր, հիմա՝ Երեւանի փոխոստիկանապետը: Սա ոչինչ՝ նորմալ է, ամեն զինվոր պետք է փորձի մի օր գեներալի ուսադիրներ ստանալ: Բայց երբ ոստիկանը հայտնվում է հասարակական ակցիաների կիզակետում, երբ գրեթե ամեն օր «Ֆոտոլուրի» լուսանկարների մեջ, հեռուստաէկրանին տեսնում ես նրա աղավաղված դեմքը, երբ հասարակական ակտիվության ցանկացած դրսեւորում բախվում է նրա համազգեստին եւ ճնշվում նրա ձեռքերով, հասկանում ես, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է: Իսկ երբեւէ լսե՞լ եք, որ Օսիպյանը կատարի ոստիկանի բուն պարտականությունները եւ զբաղվի հասարակության անվտանգության ապահովմամբ, վնասազերծի իրական հանցագործներին եւ այլն: Սա հայտնի ֆիլմի Շուրայի նման մոռացել է իր բուն առաքելությունը եւ դարձել իշխանությունների հակադեմոկրատական վարքագծի խորհրդանիշը, դեմոկրատական զարգացումների արգելակը, երիտասարդ ցուցարարների թշնամին, անօրինական հրահանգներ կատարող մի մեքենա: Ապակե ու անհաղորդ դեմքով, ակնոցների ու գլխարկի տակ թաքնված, հեռախոսը մշտապես ականջին, նա հնազանդորեն կատարում է վերեւից ստացած հրահանգներն ու արգելում մարդկանց՝ իրացնելու իրենց սահմանադրական իրավունքները:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ