Կառավարության սոխակը

Կառավարության սոխակը

Երեկ ինտերնետ հանրությունը խիստ ոգեւորված քննարկում էր վարչապետի երաժշտական կատարումը, որն ամբողջ օրը կայքերում էին պտտեցրել, իսկ երեկոյան «Հայլուրով» տվեցին: Տիգրան Սարգսյանն այցելել էր երիտասարդական ճամբար եւ, ոգեւորվելով ճամբարականների երգից, կիթառը ձեռքն առնելով` ինքն էլ էր նվագել ու երգել: «Բարով եկար, սիրուն կռունկ»-ն արտագաղթի «ջատագովի» կատարմամբ լսելը, անշուշտ, տարօրինակ էր: Բայց ինտերնետում, ծաղրից բացի, նաեւ հիացողներ կային վարչապետական երգեցողությամբ. մի աղջիկ «Ֆեյսբուքում» գրել էր՝ ոչինչ չէր կարող տրամադրությունս էսքան բարձրացնել՝ շնորհակալ եմ, վարչապետ ջան: Մի ուրիշը նկատել էր փոխմարզպետի «անսլուխ ու անտակտ ծափը կողքից» եւ զայրացել, թե ինչու է մեջ ընկել, երրորդը «կառավարության սոխակին» խորհուրդ էր տվել այլեւս չերգել՝ տաղանդ չունես: Մեկն էլ գրել էր. «Կիթառ սովորեցնողի տեղ ասեք՝ ուզում եմ վարչապետ դառնամ», եւ հիշել էր, որ Հրանտ Բագրատյանն էլ է կիթառ նվագում: Մի խոսքով՝ հանրությունը լավ զվարճացել էր Տիգրան Սարգսյանի երգով, թեեւ կային նաեւ հանդիմանողներ, թե «սաղ երգերը երգել է, մնում է սարի սմբուլը»: Ամեն դեպքում, քարոզչական այս տրյուկը տեղ էր հասել, ազդեցություն էր գործել: Վարչպետական թիմը հասկանում է, որ ավելի լավ է ծաղրեն ու հումոր անեն, քան քննադատեն ու մեղադրեն երկիրը քանդելու, տնտեսությունը կործանելու, կոռուպցիայի մեջ թաղված լինելու համար: Բայց երեկվա զվարթ քննարկումը նաեւ այլ խորհուրդ ունի. մեր հասարակությունը կարոտ է անմիջական շփման, պաշտոնյաների մարդկային, շարքային դրսեւորումների: Մենք այնքան հաճախ ենք տեսնում կաղապարված, աթոռի հետ նույնացած, մարդկային կերպարը կորցրած չինովնիկներ, որ երգող ու նվագող պաշտոնյան անսովոր է մեզ:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ