Անիմաստ կառույցներ

Անիմաստ կառույցներ

Մեզանում կան շատ կառույցներ, որոնց գործառույթները հստակեցված չեն, կրկնում են այլ կառույցներին ու մարմիններին: Ընդհանրապես կառավարման օպտիմալացման խնդիրն ամենակարեւոր հարցերից է: Մանավանդ փոքր բյուջե ունեցող մեր երկրի համար, որտեղ ամեն դրամը պետք է հաշվված լինի, ու դրա ծախսը՝ արդարացված: Ասենք, ինչի՞ համար են ահռելի փողեր խժռող նախարարություններն ու տարբեր գերատեսչությունները, որոնց հալալ կեսը կարելի է գրչի մի հարվածով կրճատել, եւ մեր կյանքից ոչինչ չի պակասի: Ի՞նչ իմաստ ունի պահել հսկայական բյուրոկրատական ապարատ, որն իր անելիքը չգիտի եւ ավելի շատ խանգարում է գործ անող մարդուն, քան օգնում: Ինչ կուզեք ասեք, բայց ես, օրինակ, բացարձակապես չեմ հասկանում սփյուռքի նախարարության իմաստը: Կասեք՝ ամենաակտիվ նախարարությո՞ւնն է՝  իր գերակտիվ նախարարուհիով: Դե, ամենաշատն է երեւում էկրանին, ամենաշատն է խոսում ու ամենաշատ միջոցառումներն է կազմակերպում: Բայց եթե ուշադիր լինեք այդ միջոցառումների բովանդակությանը, դրանց գերակշռող մասը կրթության եւ գիտության նախարարության գործառույթներից է, մյուսը՝ քաղաքապետարանների ու մարզպետարանների, մի հսկա հատված էլ` մշակույթի նախարարության: Եթե սփյուռքի նախարարությունը գործող կառույց է, եւ այն պահելու անհրաժեշտությունը կա, ուրեմն պետք է կրճատվեն կամ փակվեն վերը նշածս կառույցներից մի քանիսը: Եթե՝ ոչ, ուրեմն սփյուռքի նախարարության անելիքներն անհայտ են եւ հատուկ Հրանուշ Հակոբյանի համար ստեղծված: Ասում են՝ երբ Հրանուշ Հակոբյանին հարցնում են, թե ինչու է Մայրենիի օր կազմակերպում, ճամբարներ այցելում, ներգաղթյալների ուսուցման հարցերով զբաղվում, ասում է՝ ուրիշ անող չկա: Փաստորեն, մեր նախարարներն իրենք են որոշում ինչով զբաղվել, երբ զբաղվել եւ ինչպես:



 



Արմինե ՕՀԱՆՅԱՆ