Մեռյալ սեզոն

Մեռյալ սեզոն

Գրեթե ամեն օր արձանագրում ենք, որ մեր երկրում վերացել է քաղաքական պայքարը, որ կուսակցությունները կարծես թե կասեցրել են իրենց գործունեությունը՝ հասարակական պայքարին չեն մասնակցում, ընտրություններին՝ եւս: Նրանց գրասենյակներում մեռելային լռություն է: Եվ եթե լրագրողների համառությունը չլինի, հնարավոր է` հանրությունը լիովին մոռանա նրանց: Իսկ ինչո՞ւ պետք է հիշի, եթե նրանք ոչ մի օգուտ այդ հանրությանը չեն տալիս, ոչ մի խելոք միտք չեն արտահայտում, ավելին՝ նրանցից շատերը մոլախոտի նման աճում են, աղտոտում միջավայրն ու վատ օրինակ ծառայում աճող սերնդի համար: Բայց մոլախոտը, ի վերջո, «քաղհանել» է պետք, դրանց տեղում առողջ ու օգտակար սերմեր ցանել: Ո՞վ պետք է անի դա, եթե ոչ հասարակության առողջ ուժերը, քաղաքական կուսակցությունները, որոնք ուզում են ինչ-որ բան փոխել, երկրում առաջընթաց եւ զարգացում ապահովել: Իսկ որտե՞ղ են այդ առողջ ուժերը՝ կհարցնեք դուք: Ինչո՞ւ է մեր քաղաքական դաշտն այսպես ամայացել: Ողջ ամառ երիտասարդները` լավ-վատ, պայքարում էին ինչ-որ բանի դեմ, պահանջներ էին առաջ քաշում, փորձում էին պարտադրել իշխանություններին հասարակական կարծիքը հաշվի առնել: Որտե՞ղ էին այդ կուսակցությունները: Մոտ մեկ ամսից Սյունիքում խորհրդարանական ընտրություններ են, եւ այդ կուսակցություններից գրեթե ոչ մեկը չի պատրաստվում  պայքարին մասնակցել, ՀՀԿ-ի դեմն առնել: Ինչո՞ւ: Նույն տրամաբանությամբ չեն մասնակցում նաեւ սոցիալական խնդիրների, արտաքին քաղաքական հարցերի քննարկմանն ու լուծմանը: Մեր կուսակցությունները, որպես կանոն, արթնանում են 5 տարին մեկ՝ ընտրությունների շեմին: Եվ փորձում են ընտրողին խաբելով հավատացնել, որ նրա կյանքը բարելավելն իրենց գերնպատակն է: Իրականում գերնպատակը քվե փախցնելն է: