Քաղաքագետները` նստացույցերի մասին

Քաղաքագետները` նստացույցերի մասին

Ուղեվարձի հնարավոր բարձրացման ուղղությամբ քայլերը փողոց հանեցին երիտասարդ ակտիվիստներին, որոնք չբավարարվեցին ուղեվարձի թանկացումը ժամանակավորապես կասեցնելու մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ եւ որոշեցին շարունակել բողոքը նստացույցի տեսքով: Մենք զրուցեցինք մի քանի քաղաքագետների հետ, որոնք իրենց նկատառումները ներկայացրին վերջին դեպքերի վերաբերյալ:



Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով, հասարակական դժգոհությունը հիմնականում ուղղված էր դեպի գծատերերը, սակայն այս պարագայում նրանք այդքան ռեսուրս չունեն խնդրին լուծում տալու համար, մինչդեռ քաղաքապետարանը կարող է լուծել խնդիրը: Ինչպես ընդգծեց քաղաքագետը, քաղաքապետը, ընդառաջելով հասարակությանը, գնաց հետքայլի: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն էլ կարծում է, որ նման «քաղաքական աստառ պարունակող» իրադարձությունները ղեկավարվում են նրանց կողմից, ում ձեռնտու է այս կամ այն շարժման զարգացումն ու խորացումը: «Բնական է, որ ուղեվարձի բարձրացումը նախեւառաջ կազդեր սոցիալապես ամենաանպաշտպան խավերի վրա, որի մեջ մտնում է նաեւ երիտասարդության զգալի մասը, այսինքն, օգտագործելով շատ բնական դժգոհությունը, սկսեց զարգանալ նաեւ ներքեւից սկսված այս շարժումը,- նշում է նա` ընդգծելով: - Ակտիվիստների ներկայիս պահանջը տեղին չէ. այն պետք է ճիշտ հասցեագրված լինի»:



Հիշեցնենք, որ ուղեվարձի թանկացումը ժամանակավորապես կասեցնելու մասին քաղաքապետ Տարոն Մարգարյան իորոշումից հետո մի խումբ ակտիվիստներ քաղաքապետարանի դիմաց շարունակում են ակցիաները, որոնք վերածվել են անժամկետ նստացույցի: Երիտասարդ ակտիվիստները պահանջում են աշխատանքից հեռացնել Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանին:



 



Հայկ ՄԿՐՏՉՅԱՆ