Եվ այնուամենայնիվ` կաղերը վազել են սովորեցնում

Եվ այնուամենայնիվ` կաղերը վազել են սովորեցնում

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մասին «Ինչպես էին կաղերը վազել սովորեցնում» վերտառությամբ իմ հրապարակումը բուռն արձագանքներ առաջացրեց:  Սակայն, ինչպես տեղեկացա`  ֆեյսբուքյան հակահարվածների մակարդակով: Այն էլ` լաչառ, սպառնալից եւ, մանավանդ` հոդվածի բուն բովանդակությունը վերահաստատող ոճի մեջ:  Գումարած խմբագրությանն ուղղված խիստ դժգոհ-նախատող եւ կամ շատ էլ գոհ-համերաշխ հեռախոսազանգերը: Փաստորեն, ճիշտ էր նկատել  Էդիկ Անդրեասյանը. ժուռնալիստիկայի ֆակուլտետում այդպես էլ չգտնվեց մի «կենդանի լրագրող», որ պատասխան հոդվածով հանդես գար:



Հետեւելով լրագրողական էթիկայի գրված ու չգրված օրենքներին` որոշեցի անդրադառնալ իմ նյութին ու դրա արձագանքներին: Ինչո՞ւ: Նախ` որովհետեւ շատ անհարմար զգացի, տեղեկանալով, որ նյութում նշված դասախոսական կազմի ցուցակը փոփոխության է ենթարկվել. նրանցից մեկը՝ Գրիգոր Գույումջյանը,  մահացել է: Ինձ, չգիտես ինչու, թվում էր, թե այս ֆակուլտետում երբեք ոչինչ չի փոխվում` ոչ բովանդակային, ոչ ֆիզիկական իմաստով: Ցավում եմ թյուրիմացության համար: Կան նաեւ այնպիսիք, ովքեր  այլ աշխատանքի են անցել. նրանց համար ուրախ եմ կրկնակի, որ, բարեբախտաբար, ողջ եւ առողջ են, եւ որ  ժուռնալիստիկա դասավանդելուց կամովի հրաժարվել են` գտնելով իրենց հնարավորություններին ավելի համապատասխան աշխատանք: Ցուցակում, պարզվեց, կան անձինք, ովքեր լրատվամիջոցներում են աշխատում: Որպես խմբագիր: Քանի որ ընթերցող լայն շրջանակներին նրանց անուններն այդքան հայտնի չեն, ենթադրում ենք, որ նրանք խմբագիրների այն դասից են, ովքեր չեն գրում, այլ միայն խմբագրում են:



Եվ սակայն… Հարգելի ընդդիմացողներ, վիրավորվածներ ու զայրացածներ: Նախ, հոդվածում պարզ գրված էր, որ ցուցակը հին է.  «…հնարավոր է, որ  այդ ցուցակը հիմա էլ ակտուալ է, եւ քանի որ դեռ արձակուրդը վայելող ֆակուլտետից հնարավոր չեղավ ճշտել նորությունները, կրկին ներկայացնենք, թե ովքեր են լծված չգրող լրագրողներ կռելու գործին…»:



Ամենակարեւորը. հոդվածի իմաստը, նպատակն այդ ցուցակի մեջ չէր, այլ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեղինակության, ժուռնալիստիկա դասավանդելու թույլ զինանոցի եւ անհասկանալի մեթոդաբանության, վերջապես` ֆակուլտետի ղեկավարության իշխանահաճոյության մասին: Ինչու էին ոմանք պաշտպանել հատկապես Դավիթ Պետրոսյանին` նշելով, թե նա պարկեշտ մարդ է: Ինչու Նաղաշ Մարտիրոսյանի մտքի թռիչքը` «ճանաչողական իմացության» մասին, «փաստաբանները» չէին նկատել: Ինչու բացատրություն չէր հնչել այն առթիվ, որ հատկապես նրա մոտ պարապած դիմորդներն են բարձր բալեր ստացել: Եվ որ մի տեսակ անհեթեթ է, երբ բանավոր հաղորդակցության մակարդակը որոշելու-գնահատելու կոչված մասնագետը,  խուսափելով բանավոր խոսքից, կարդում է կարճ ու պարզագույն այդ տեքստը:



Եվ այլն, եւ այսպես շարունակ:



 



Սիրանուշ ԱԲԳԱՐՅԱՆ